Ընդդիմությունը գտավ այն գրիչը, որով վավերացրեց «պատմական փաստաթուղթը» (լուսանկարներ)

Ընդդիմությունը գտավ այն գրիչը, որով վավերացրեց «պատմական փաստաթուղթը» (լուսանկարներ)

Քիչ առաջ ԱԺ ոչ իշխանական ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և իշխանական ՀՀԿ, ՀՅԴ խմբակցությունների միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության փաստաթուղթը։ Նշենք, որ սա այլընտրանք է մինչ այդ 4+4+4 ձևաչափով ձեռք բերված կոնսենսուսային փաստաթղթին, որը իբրև թե տապալվեց լեհական ընկերության պատճառով, որն ասել էր, թե սահմանված ժամկետու, չի հասցնի ID քարտերի տխագրությունը։ Դրա փոխարեն իշխանությունը վերջապես համաձայնեց ստորագրված ցուցակների հրապարակմանը, որին մինչև այդ սկզբունքորեն դեմ էր։



Այս փաստաթղթի ստորագրումն անցավ չափազանց ջերմ ու սիրառատ մթնոլորտում։ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց շնորհակալության և գովեստի խոսքեր շռայլեցին, գովեցին ու դրվատեցին վերջապես այս դարակազմիկ համաձայնությանը գալու համար։ Թեպետ ընդդիմությունից նշեցին, որ սա դեռ լիարժեք երաշխիք չէ արդար ու թափանցիկ ընտրությունների համար, բայց լուրջ ֆունդամենտ է դրան հասնելու ճանապարհին։ Լևոն Զուրաբյանն էլ սա պատմական փաստաթուղթ համարեց՝ պահը ևս պատմական որակելով։ Իշխանությունից էլ սրամտեցին, թե մեր նորագույն պատմիչներն անպայման կգրեն այս «պատմական իրադարձության» մասին։



Իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներ Հովհաննես Սահակյանն ու Արմեն Ռուստամյանն արագ ստորագրեցին փաստաթուղթն ու փոխանցեցին ընդդիմությանը։ Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների մոտ դանդաղեց պատմական պահի անմահացումը։ Իշխանությունից Հովհաննես Սահակյանն էլ պահը չկորցրեց ու «պատմական» ռեպլիկ բաց թողեց․ «Փաստորեն մենք ավելի կազմակերպված ենք, արագ ստոարգրեցինք, փոխանցեցինք»։ Պարզվեց՝ ընդդիմությունը գրիչ չուներ։ Խեղճ ընդդիմություն։ Լևոն Զուրաբյանը գրիչ խնդրեց՝ իր պատմական ստորագրությունը դրոշմելու այս «աննախադեպ» համաձայնագրի տակ։ Նրան օգնության հասավ նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ոչ պատմական, հասարակ մի գրիչով։



Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, թե բոլոր վարչական ռեսուրսները գտնվում են իշխանության ձեռքում՝ վարչական ռեսուրսների տակ այս դեպքում հենց գրիչը նկատի ունենալով։ Վերջում Դավիթ Հարությունյանը որոշեց մոտենալ և գրիչներով փոխանակվել Նաիրա Զոհրաբյանի հետ, ձեռքի հետ էլ ողջագուրվել երբեմնի կոալիցիոն, այժմ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ