Մի պահ նույնիսկ գիտակցության եկավ. մանրամասներ Գյումրիում 11-ամյա տղայի մահվան մասին

Մի պահ նույնիսկ գիտակցության եկավ. մանրամասներ Գյումրիում 11-ամյա տղայի մահվան մասին

Այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, Գյումրու թիվ 21 Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանում 11-ամյա տղան սրտի կաթված է ստացել:Դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը hraparak.am-ին մանրամասներ պատմեց դժբախտ դեպքից: «Մեզ մոտ այդ պահին տեսչական ստուգումներ էր ընթանում, ես տեսուչի հետ մտա ֆիզկուլտուրիայի դահլիճ, որտեղ երեխաները դաս էին անցկացնում, դասատուն էլ դասամատյանն էր լրացնում, այդ պահին ամեն ինչ նորմալ էր: Դուրս եկանք միջանցք ամբողջ ֆիզկուլտ դահլիճի ուսուցիչները աղմկեցին, վազեցին բուժքույրի սենյակ, մենք մտանք դահլիճ եւ տեսանք՝ Սարգիսը գետնին ընկած է` անշարժացած: Երեխաները շոկի մեջ էին, որ իրենց ընկերը չէր արձագանքում, մի պահ սակայն նույնիսկ գիտակցության եկավ, ուրախացանք, բայց նորից կորցրեց գիտակցությունը: Շտապօգնությունը վայրկյանների ընթացքում մեզ մոտ էր, Սարգիսին տարան, իմացանք, որ այդպես էլ գիտակցության չի եկել, մահացել է, մենք կատարվածից շանթահարված ենք»,-խորը հուզմունքով պատմեց տնօրենը: Նրանից տեղեկացանք, որ 11-ամյա տղան սովորում էր շատ լավ, օրինակելի, զուսպ ընտանիքից էր: Երեխան առաջին դասարանից իրենց մոտ է հաճախել, առողջական լուրջ խնդիր եթե ունենար, դժվար թե չիմանային:



Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից հայտնեցին, որ, չնայած համառ պայքարին, տղայի կյանքը փրկել չի հաջողվել: Ունեցել է արդյոք առողջական խնդիրներ, հիվանդանոցից պատասխանեցին` պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:



Արևիկ Հակոբյան, Գյումրի