ՏԻՄ ընտրությունները պրոյեկտել համապետականի վրա՝ ճիշտ չէ

ՏԻՄ ընտրությունները պրոյեկտել համապետականի վրա՝ ճիշտ չէ

Սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չմասնակցեց։ Կուսակցության նախագահ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը թեպետ որեւէ կերպ չի արդարացնում չմասնակցելը, բայց մատնանշում է դրա պատճառները։ Նա կարծում է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքական-գաղափարական պայքար չի ընթանում, այլ հստակ տեղական մակարդակի ընտրություններ են, որտեղ քաղաքական կոմպոնենտը 90 տոկոսով բացակայում է։ Բայց «Ազատ դեմոկրատների» անդամներ եղել են, որ առաջադրվել են ու անգամ հաղթել որոշ տեղերում, սակայն դա եղել է ինքնառաջադրում, ոչ թե կուսակցության կողմից։ «Որեւէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ որեւէ գյուղապետ, այդ թվում՝ մեր կողմից ընտրված գյուղապետեր, ընտրվել են նրա համար, որ նրանք այս կամ այն գաղափարախոսության հետեւորդն են։ Որքան էլ մեր ընդդիմախոսները փորձեն հակառակում համոզել, մեկ է՝ ոչ Գյումրիում, ոչ Վանաձորում, ոչ որեւէ այլ համայնքում չեք կարող ասել, որ քաղաքական կամ գաղափարական պայքար է ընթացել»,-ասաց Քոքոբելյանը՝ նշելով, որ դրա պատճառն ընտրական համակարգն է։ 



Այս եւ այլ պատճառներով, ինչո՞ւ ոչ՝ նաեւ ռեսուրսների վատնման առումով, ինչպես խոստովանում է Քոքոբելյանը, իրենք նպատակահարմար չեն գտել մասնակցել այս ընտրություններին եւ մտնել այդ «հակասական դաշտը»։



- Այս ՏԻՄ ընտրությունները, սակայն, շատ քաղաքական ուժերի համար լակմուսի թուղթ էին։



-Իրավացի եք Դուք, բայց, միեւնույն է, դա քաղաքական ընտրություն չէր։ Ինձ հիշեցրեք մեկ լոզունգ, մեկ ելույթ Գյումրիից կամ Վանաձորից, որտեղ եղել է քաղաքական մոտեցումների հակադրում։ Կարո՞ղ եք հիշեցնել։ Ես չեմ տեսել։



- Բայց այդ ընտրություններով քաղաքական ուժերը կարողացան գնահատել իրենց հնարավորությունները 2017 թվականի ընտրություններից առաջ։



- Իմիջիայլոց, ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլ Փաշինյանը եթե պարտվել է Գյումրու կամ Վանաձորի ընտրություններում, ապա համապետական ընտրություններում նա խնդիրներ է ունենալու։ Դա պրոյեկտել համապետական ընտրությունների վրա, իմ կարծիքով, ճիշտ չէ։



- Այսինքն՝ ձեր կողմից այս չմասնակցելը որեւէ կերպ չի՞ ազդի ձեր կուսակցության վարկանիշի վրա 2017-ի խորհրդարանական ընտրություններում։



- Բացարձակապես։ Մենք մեր ռեսուրսները գնալով ավելացնում ենք, եւ ընտրության մասնակցության իմաստն էլ նաեւ ընտրություններում հաղթելն է։ Նույնիսկ տեղական մակարդակով փոքր կամ մեծ գյուղում հաղթանակն էլի ռեսուրսի ապահովում չէ։



- Իսկ 2017-ի ընտրություններին արդեն պա՞րզ է, թե ինչ ձեւաչափով կմասնակցեք՝ միանձնյա, միայն ձեր ցուցակո՞վ, թե՞ որեւէ ուժի հետ դաշինքով։



- Այո, շատ հստակ է, եւ մենք միշտ խոսել ենք այդ մասին, որ «Ազատ դեմոկրատները» կգնա ընտրությունների իր սեփական ցուցակով, բայց կլինի համախմբում, տեղի կունենա, անկասկած, մեր քաղաքական պատկերացումներին համահունչ ու քաղաքական գործիչների եւ, ինչո՞ւ ոչ, քաղաքական ուժերի համախմբում։ Ի՞նչ է դա նշանակում՝ կա առնվազն երեք առանցքային խնդիր, որոնք մեզ համար սկզբունքային են եղել։ Առաջինը, բնականաբար, ԵՏՄ-ին դեմ լինելու հանգամանքն է։ Երկրորդը, որ մեզ համար նույնպես սկզբունքային է, այն է, որ այն քաղաքական գործիչները կամ ուժերը, որոնք պատկերացնում են, որ այդ դաշտում են գործում, բնականաբար, ժողովրդավարական եւ թափանցիկ կառավարման կողմնակիցը պետք է լինեն։ Եվ ամենաէական խնդիրը, որ մենք կարեւոր ենք համարում Հայաստանի Հանրապետության հետ կապված, թե ինչ տեսլական ունեն եւ ինչպիսի Հայաստան են պատկերացնում նրանք։ Հիմա, եթե այդ քաղաքական ուժերն այս երեք խնդրի հետ կապված հստակ մոտեցումներ ունեն, մենք հաճույքով կհամագործակցենք նրանց հետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ