Այդ ի՞նչ է անելու ընդդիմադիր քաղաքապետը, բացի այն, որ աշխատելու է օրենքի շրջանակներում

Այդ ի՞նչ է անելու ընդդիմադիր քաղաքապետը, բացի այն, որ աշխատելու է օրենքի շրջանակներում

Հետևում եմ Գյումրու և Վանաձորի իրադարձություններին: Հետընտրական պայքարը, փաստորեն, նախընտրականից ավելի թեժ է: Երկու քաղաքներում էլ, հստակ, հաղթել է ընդդիմությունը, և իշխանության թեկնածուները, եթե ամոթ ունենան, պետք է շնորհավորեն նրանց ու գնան տուն: Բայց՝ ոչ: ՀՀ իշխանությունը սովոր է, որ պարտվողը միշտ պետք է ընդդիմությունը լինի և քաջություն ունենա ամեն անգամ պարտվելուց հետո շնորհավորել իրեն:



Վանաձորում և Գյումրիում իշխանության թեկնածուները բացարձակ մեծամասնություն չեն ստացել (40+1 տոկոս): Հետևաբար, թե մեկ և թե մյուս քաղաքում ընդդիմությունը, որ ունի ավելի մեծ թվով ավագանու տեղեր, պետք է ինքը ընտրի քաղաքապետին: Հարցն այստեղ փակվում է, իսկ մնացած ամեն ինչ արդեն ձեռնածություն է, ֆոկուսնիկություն, որ իշխանությունը պահանջում է ԿԸՀ-ից:



Քյավառի դպրոցներից մեկում մաթեմատիկայի ուսուցիչը Գևորիկին հարցնում է.



- Գևորիկ, 3-ին գումարած 2՝ ի՞նչ կանա...



- 7,- պատասխանում է Գևորիկը:



- Գյա, 3-ին գումարած 2՝ կանա՝ խինգ, քարը ճղա՝ 6, յո՞թը որտեղից:



Եվ հիմա Տիգրան Մուկուչյանը հավանականությունների տեսության ողջ ուժով պարտավոր է ցույց տալ, որ, օրինակ, 17-ը մեծ է 18-ից, կամ, եթե հարկ լինի՝ նաև 19-ից: Տեսնես կկարողանա՞:



Վերջնական արդյունքները հայտարարվելու են կիրակի: Գյումրիում ընդդիմությունը խոստացել է բոյկոտել ընտրության արդյունքները և չմասնակցել ավագանու գործունեությանը: Վանաձորում ընդդիմադիրները մի փոքր ավելի վստահ են իրենց հաղթանակին և նման «ծայրահեղ» քայլերի մասին չեն խոսում: Հավանաբար մտածում են՝ Մուկուչյանի հունարն այնքան չի ների, որ իրենց հաղթանակը շնորհի իշխանությանը: Մնում է, որ իրենց ներսից («Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», ԲՀԿ) որևէ մեկը «լեզու չթրջի» ՀՀԿ-ի հետ:



Անկախությունից ի վեր մենք այսպիսի իրավիճակներ չենք ունեցել: Մեր աչքի առաջ իշխանափոխություն է տեղի ունենում և այն էլ՝ ընտրության միջոցով, և այն էլ՝ առանց իրար ուտելու, փոր թափելու: Հուսամ՝ ոչ ոք չի կասկածում, որ նման բան մեզ մոտ հնարավոր է դարձել նոր Սահմանադրության և նոր ընտրական օրենսգրքի շնորհիվ: Սա է համամասնական ընտրությունների ողջ հմայքը, եթե կարելի է այդպես ասել:



Մնում է, որ ՀՀԿ-ն և ՀՀ իշխանությունը շատ նեղը չդնեն Մուկուչյանին ու չպարտադրեն Գյումրիում ու Վանաձորում «հաղթեցնել» իրենց թեկնածուին: Ամենամեծ Սամվել Բալասանյանն էլ չարժե այնքան, որ վերցնես ու մարես մարդկանց այս ոգևորությունը: Ի՞նչ է պատահել, վերջապես: Այդ ի՞նչ է անելու ընդդիմադիր քաղաքապետը, բացի այն, որ աշխատելու է օրենքի շրջանակներում: Չե՞ն կարողանա՝ ով է բռնել իշխանության ձեռքը, թող քննադատեն, թող օգնեն լավ աշխատել: Իրենք էլ թող սովորեն ընդդիմություն լինել այդ քաղաքներում: Հրաշալի պրակտիկա կլինի իրենց համար:



Եկեք նայենք ընդդիմադիրների խոստումները: Դրանք, բոլորը, գեղեցիկ խոստումներ են: Թողնենք՝ կատարեն: Իսկ արդեն հաջորդ ընտրություններում Գյումրիի ու Վանաձորի ընտրողները կասեն, թե ինչպես են նրանք իրենց դրսևորել ու ինչի են արժանի:



Եթե ամենակարող ԿԸՀ-ին կիրակի հաջողվի բեկել Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքները, մենք 2017 թվականի ապրիլին կունենանք անկյանք, ոչինչ չասող, ոչ մեկին չհետաքրքրող ընտրություններ: Նաև սա պետք է աչքի առաջ ունենալ:



Էդիկ Անդրեասյան