Գյուղատնտեսության ԾԻԳ-ի ղեկավար կդառնա կոնյակի գործարանի «փեսա՞ն»

Գյուղատնտեսության ԾԻԳ-ի ղեկավար կդառնա կոնյակի գործարանի «փեսա՞ն»

Մեր տեղեկություններով՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը առաջիկայում նոր ղեկավար կունենա: Այդ պաշտոնը երկար տարիներ զբաղեցնում էր Գագիկ Խաչատրյանը, ում Կարեն Կարապետյանը պաշտոնանկ արեց վերջերս:



Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի ղեկավար կնշանակվի Էկոնոմիկայի նախարարության առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար Գեղամ Գեւորգյանը: Նա մոտ 1,5 տարի է՝ էկոնոմիկայի նախարարությունում է աշխատում, սակայն անգամ աշխատասենյակ եւ հեռախոսահամար չունի, կայքում էլ անունը նշված չէ:



Մեր տեղեկություններով՝ նոր պաշտոն ստանալու «պատճառը» կոնյակի գործարանի «փեսա» լինելն է, նրա աները՝ Ֆրունզ Մուշեղյանը, ժամանակին աշխատել է կոնյակի գործարանում: Այլապես անգամ սեփական նախարարությունում «կիսահայտնի» մեկին չէին վստահի նման կարեւորագույն ԾԻԳ-ի ղեկավարի պաշտոնը: Առավել եւս, երբ առաջիկայում նախատեսված է ընդլայնել այդ ԾԻԳ-ի գործառույթները:



Ի դեպ, ասում են՝ որ Գեղամ Գեւորգյանը սկզբից ոգեւորվել է նոր աշխատանքի առաջարկով, սակայն երբ իմացել է ԾԻԳ-ի գործառույթները, ամբողջ հանրապետությունով մեկ տարվող աշխատանքի ծավալը, նեղսրտել է, գցել-բռնել՝ արժե մտնել այդ ծանր բեռի տակ, թե ոչ: