Դրայվը` տեղը

Դրայվը` տեղը

Նոյեմբերի 16-17-ը ՀՀ կառավարության մեծ պատվիրակությունը կլինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Թե ինչ է տալու այդ նիստը Հայաստանին ոչ ոք չգիտի: Ի՞նչ են տվել նախորդ նիստերը. պատմությունն այս մասին լռում է, պատմությունը նաև լռում է այն մասին, թե ամսական կտրվածքով ինչ է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա ԵՏՄ-ական կառույցներ, նախարար, փոխնախարարներ ու զանազան այլ վերպետական կառույցներ ու չինովնիկներ պահելը:
Սակայն, որքան էլ զարմանալի է, հայտնի է դարձել, թե որքան շքեղ է լինելու Հայաստանի կառավարական պատվիրակությունը Մոսկվայում: Մեկնողները շքեղ են յուրովի, մեկնումը` յուրովի, ծախսերն էլ հո յուրովի: Եվ այնպիսի տպավորություն է, որ ասել ռուսի` մեկնել են, որպեսզի «На других посмотреть и себя показать»…



Մեզ` հարկատուներիս, բնականաբար, հետաքրքիր է, թե այդ ինչ փողերով են այս ամենն իրականացնելու, մի քիչ էլ այն, թե որքան են ծախսելու 2 օրով Մոսկվա մեկնելու և վերադառնալու համար: Դատելով մինչ մեկնումը կառավարության կազմած փաստաթղթից` կարելի է նույնիսկ մտածել, որ Կոլումբոսը Հնդկաստանը հայտնաբերելու համար իր ճանապարհորդությունների վրա այդքան չի ծախսել, որքան Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն է ծախսելու առաջիկա օրերին:
Եվ այսպես, գնում ենք Մոսկվա 2 օրով: Դրա համար մեզ այն կողմերում կռված մարդ է պետք: Ահավասիկ պատվիրակության կազմում այդ նպատակով ընդգրկել են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին: Լավ է, համ էլ ծախսը քիչ, քանզի Օլեգ Եսայանի դեպքում ինքնաթիռի տոմսի արժեքը դուրս է գալիս:



ՀՀ կառավարության «ճամփորդագրի» 3-րդ կետից սկսած ես չեմ մեկնաբանի, որովհետև դա մեկնաբանելու չէ: Պարզապես կարդացեք ու մտքով պատկերացրեք Հայաստանի նման փոքրիկ և աղքատ երկրի կառավարության «ռազմախը»:



«3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝



1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Աշոտ Մանասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.



2) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Շուշան Սարդարյանինը, Տիգրան Աբրահամյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.



3) Վարդան Հարությունյանինը, Ալբերտ Մանուկյանինը, Լիլիթ Մովսիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին.



4) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Արտակ Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին. 5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։



4. Ընդունել ի գիտություն, որ՝ 1) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին. 2) Հակոբ Թոփչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:



5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2016 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ 2016 թվականի նոյեմբերի 17-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով։ 6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։



7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։



8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը»:



Բոլորի դրայվն էլ, ինչպես տեսնում եք, տեղն է` ճանապարհածախս, օրապահիկ, նորմալ հուրանոցային գիշերավարձ, հատուկ օդանավ, VIP սրահներ, տեղաշարժման էսկորտներ: Ու մի բան էլ մատները թափ են տվել Էդվարդ Նալբանդյանի վրա, թե տես` կլուծես Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: Հետաքրքիր է, թե օրական քանի մարդ է Հայաստանից Մոսկվա մեկնում և քանիսի հարցերն է լուծում Էդվարդ Նալբանդյանը: Հավանաբար, կառավարությունում չգիտեն, որ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ է գործում և արտգործնախարարությունն անելիք չունի այդ ճակատում:



Կարեն Կարապետյանը, բնականաբար, այս ճամփորդագրում գոնե մոտավոր չի նշել այն գումարը, որը կբավականացնի մեր շքեղաշուք պատվիրակությանը Մոսկվա տանել-բերելուն: Դեռ մոսկովյան դրայվոտ գիշերվա մասին էլ չենք խոսում, քանզի վարչապետն էլ նախընտրել է լռել:



Հայաստանի Հանրապետության սիրելի ղեկավարներ, հիմա ասացեք խնդրեմ` նորմա՞լ է 2-օրյա ժամավաճառության համար այդքան փող ծախսել և դիմել ժողովրդին` բանակի համար 1000-ական դրամ տալու խնդրանքով: Մի՞թե Լուկաշենկոյի, Նազարբաևի կամ Աթամբաևի կառավարական պատվիրակություններն այսպիսի ծախսեր են կատարելու այդ վերացական խորհրդի նիստին իրենց իլյուզիաների պաշարը լրացնելու համար:



Նաև, եթե կարելի է, խնդրում ենք, այցի ավարտին գործընկեր կառավարություններից վերցրեք իրենց ծախսերի հայտարարագրերը և հրապարակեք ձեր ծախսերին զուգահեռ: Մի հատ տեսնենք, էլի, թե անծայրածիր Ղազախստանը և մի թզաչափ Հայաստանը որքան են ծախսել այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար:



Էդիկ Անդրեասյան