Կիսելյովը գնաց, հարցազրույցը` մնաց

Կիսելյովը գնաց, հարցազրույցը` մնաց

Դմիտրի Կիսելյովի հարցազրույցը ՀՀ նախագահի հետ այլ կերպ, քան ծրագրային չես կարող անվանել: Ընդ որում, ծրագրային ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի համար: Այլ խոսքով` այդ հարցազրույցը պետք էր Ռուսաստանին: Կիսելյովը թեմայի պակաս չուներ, որ մի հատ էլ հասներ Երևան: Ասվածի ապացույցն է նաև այն, որ այդ հարցազրույցի հետ կապված միակ արձագանքը հնչեց Մոսկվայից: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրեթե նույնությամբ կրկնեց Սերժ Սարգսյանի պնդումներն այն մասին, որ Ադրբեջանն է հետ կանգնել գրեթե պատրաստի փաստաթղթի ստորագրումից` նշելով նաև տեխնիկական սարքերի տեղադրումից հրաժարվելը և հայտարարելով, որ սարքերի տեղադրման հարցը շարունակում է մնալ ակտուալ: Ըստ էության Զախարովան բաց տեքստով ասել է, որ Ադրբեջանը շարունակում է կրակել և դիվերսիոն գործողություններ իրականացնել` չնայած հրադադարը պահպանելու` հենց Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությանը:



Զախարովայի հայտարարությունը, ինչպես նաև ապրիլյան պատերազմի թեմայի վրա Կիսելյովի կանգ առնելն ու Սերժ Սարգսյանի հանգամանալից մեկնաբանությունները, միտված են թարմացնելու Ալիևի հիշողությունը և մեկ անգամ ևս հուշելու նրան, որ Ղարաբաղի հարցում նա չի կարող շրջանցել Ռուսաստանի դերակատարությունը և սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերել Վաշինգտոնում կամ այլուր: Այս առումով ՀՀ նախագահի հարցազրույցն ու ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը հրաշալի կերպով փոխլրացնում են միմյանց: Հետաքրքիր է, որ դրանք հետևեցին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ, եթե հավատալու լինենք ադրբեջանական ԶԼՄ-ների փոքր-ինչ վախվորած տեղեկատվությանը, Ալիևը խոսել է երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման, էներգետիկ անվտանգության և, որ Ռուսաստանի համար խիստ անցանկալի կլիներ, պաշտպանական ոլորտում համագործակցության մասին: Ադրբեջանական ԶԼՄ-ները գուցե ոչինչ էլ չգրեին այդ հեռախոսազրույցի մասին, եթե Թրամփի շտաբը չհրապարակեր ընտրություններին հետևած առաջին շաբաթվա նրա հեռախոսային զրույցների ցանկը և այն բարձրաստիճան պաշտոնյաների ու առաջնորդների անունները, որոնք արժանացել էին Թրամփի հատուկ ուշադրությանը: Իսկ այդ ցանկում կար նաև Ալիևի անունը, թեև ամերիկյան կողմը լռության էր մատնել նրա հետ զրույցի բովանդակությունը:



Սերժ Սարգսյանի հարցազրույցում Մոսկվայի համար բավականին կարևոր մի հարց ևս շոշափվեց` հայ-թուրքական սահմանի բանցումը, որը ներկայացվեց որպես Սերժ Սարգսյանի ոչ այն է ցանկություն, ոչ այն է երազանք: Կարելի է ասել` փորձ է արվում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման տակավին խորացող պրոցեսում հայ-թուրքական սահմանի բացումը ներկայացնել որպես Ռուսաստանի հերթական ժեստ` արված ցամաքային ուղիներով տնտեսական բազմաթիվ ծրագրերի իրականացման, այդ թվում և Թուրքիայի` Ադրբեջանի հետ առավել շահավետ պայմաններով (կարճ ճանապարհներով) հաղորդակցվելու ուղղությամբ: Նկատենք, որ Օբամայի հեռանալուց հետո Սիրիական խնդիրը շատ արագ կարող է լուծվել, եթե Դոնալդ Թրամփը, ինչպես ինքն է խոստացել, չշարունակի տարածաշրջանային հարցերը օտար երկրներում իշխանությունների տապալման միջոցով լուծելու Օբամայի քաղաքականությունը: Դա մեզ համար կարևոր է այնքանով, որ կտրուկ կսահմանափակվի նաև Թուրքիայի ախորժակը, որ բացվել էր Սիրիայում և ինչու ոչ, նաև Մերձավոր Արևելքում, ժանդարմի դեր ստանձնելու հեռանկարից: Մեր տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, այդ թվում և Իրանը խիստ բացասաբար են տրամադրված Թուրքիայի նկատմամբ` Օբամայի իշխանության տարիներին նրա վարած պրո-ամերիկյան ընդգծված քաղաքականության պատճառով: Մահմեդական աշխարհը նան բաները շուտ չի մոռանում և Թուրքիայում բռնկված հեղաշրջման փորձը հենց դրա վկայությունն էր: Թուրքիայից երես է թեքում նաև Եվրոպան, որ սպառնում է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Նկատելի է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դադարել է լինել եվրոպական մայրաքաղաքներում: Վերջին մայրաքաղաքը եղել է Մինսկը, որտեղ Էրդողանը մասնակցել է մզկիթի բացման արարողությանը և փառավորվել Լուկաշենկոյի ջերմ ընդունելությամբ: Իսկ մի՞թե Մինսկը Ռուսաստան չէ, կամ Լուկաշենկոն խիստ տարբեր է Պուտինից… Մեր կարծիքով` հենց այս համատեքստում է ՀՀ նախագահի հարցազրույցում արված ակնարկը հայ-թուրքական սահմանը բացելու մասին:



Եվ վերջում` Սերժ Սարգսյանի ևս մեկ ցանկություն-երազանքի մասին` Ալիևի հետ ունենալ ուղիղ հեռախոսակապ: Մեր դարում, որ իրավամբ կարելի է համարել կապի ու հաղորդակցությունների դար, կապ ունենալու ցանկություն կարող էր առաջանալ թերևս միայն Հայաստանում: Դե մենք ուրիշ ենք, իսկ Սերժ Սարգսյանին էլ Աստված պատմողական մի ձիրք է տվել, որ ոչ ոք չունի. «Ենթադրենք Ադրբեջանի բանակը կրակում է: Ես վերցնում եմ հեռախոսը և զանգում եմ Ալիևին, և նա սկսում է զբաղվել կրակի դադարեցման հարցով…»: Նախագահների ինչպիսի՛ հրաշալի գործառույթ: Խեղճ Ալիև, որ պետք է Սերժ Սարգսյանից իմանա իր բանակում տիրող անտերության մասին: Եթե մի քիչ էլ լարենք մեր երևակայությունը, ապա կրակը դադարեցնելուց հետո Ալիևը, երևի, պետք է մի հատ էլ հետ զանգի և ասի, որ իրեն հաջողվել է հրադադարը վերականգնել: Բայց մյուս կողմից էլ ուղիղ կապը զերծ չէ անակնկալներից: Մեկ էլ կարող է Ալիև ավելի շուտ զանգի և բողոքի` ձերոնք կրակում են: Աշխարհը գժվել է մեր ու Ադրբեջանի ձեռը: Ամեն օր, նույն ժամին ԼՂՀ ՊԲ-ն և Ադրբեջանի ՊՆ-ն լուր են տարածում հակառակորդի կողմից հրադադարը այսքան ու այսինչ զենքերից խախտելու մասին` պլյուս-մինուս մի քանի կրակոց: Եվ ուրեմն ի՞նչ է տալու Սերժ Սարգսյանին այդ հեռախոսը:



Հարցը սակայն, այլ երանգ է ստանում, եթե այն դիտարկում ենք հայ-ադրբեջանական ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն սկսելու անհրաժեշտության դիտանկյունից: Այդ մասին բազմիցս են խոսել ՄԽ համանախագահները, սակայն խնդիրը խոսակցություններից այնկողմ չի անցել: Այդուհանդերձ, դժվար է պատկերացնելը, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միմյանց հեռախոսահամարները չունեն: Ջեյմս Բոնդը, հերթական գեղեցկուհու անկողնում արթնանալուց հետո, արդարանում էր` ինչեր չես հանի հայրենիքիդ համար: Այնպես որ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հնարավոր է, «Ֆեյսբուքում» էլ են շփվում իրենց «ֆեյք»երով ու թունդ ստատուսներ գրում միմյանց, միայն թե այդ մասին չեն բարձրասայնում: Հետևաբար, Կիսելյովի հետ հարցազրույցում արծարծված` հեռախոսակապ ունենալու այնքան մարդկային թվացող ցանկությունը բացառապես քաղաքական բաղադրիչներից է բաղկացած, և մեզ հուշում է, որ հայ-ադրբեջանական շփումները կարող են և պետք է լեգալացվեն:



Եվ վերջում մեկ հարց` ՀՀ ԱԳՆ-ում տեղյա՞կ են, որ Սերժ Սարգսյանն այսքան գեղեցիկ հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին և, եթե այո, ապա ինչո՞ւ ԱԳՆ-ից ոչ ոք չի փորձում այդ հարցազրույցի լույսի ներքո մի բան ասել: Օրինակ` ինչպե՞ս է պատկերացնում Սերժ Սարգսյանը հայ-թուրքական սահմանի բացումը: Ռուսները կստիպե՞ն Թուրքիային` բացել սահմանը, թե՞ էլի պրոտոկոլներն են մեջտեղ բերվելու:



Էդիկ Անդրեասյան