Ոչ մի նախագահ, վարչապետ կամ կաթողիկոս մինչ օրս չեն այցելել կալանավայրեր

Ոչ մի նախագահ, վարչապետ կամ կաթողիկոս մինչ օրս չեն այցելել կալանավայրեր

Արթուր Այվազյանը՝ «Մանախ» մականունով, որը դատապարտվել էր Միհրան Մովսիսյանի թիկնապահ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար, 16 տարի անցկացրել է Հայաստանի տարբեր կալանավայրերում։



16 տարվա ընթացքում նա իր իրավունքները պաշտպանում էր ՀՀ դատական ատյաններում եւ ամենաշատ «դատվող» դատապարտյալն էր։ Այս պահին էլ դատի մեջ է՝ 5 բողոք ունի ՄԻԵԴ-ում։ Նա հարուստ դիտարկումներ ունի ՀՀ կալանավայրերի մասին։



- Երբ ազատության մեջ հայտնվեցիք, առաջին զգացողությունը ո՞րն էր։



- Առաջին զգացողությունը նա էր, որ գտնվում ես հարազատներիդ կողքին եւ որ պետք է ադապտացվես, հասկանաս, թե այն, ինչ «վիրտուալ» գիտես, որքան է համակցվում իրականության հետ։ Ես հասկացա, որ, գտնվելով բանտում, ավելի մեծ հույսեր կարող ես իրականության հետ կապել, քան երբ բանտի պատերից դուրս ես։ Բայց դրսում ավելի դժվար է պայքարել, քան ներսում։



- Այդ ի՞նչ «պատ» եք նկարագրում։



- Պատ չէ, ուղղակի հասկացա, որ մեծամասնությունը համագործակցում է բոլոր այն ուժերի հետ, ովքեր այս ամբողջ անարդարությունն ստեղծել են։ Մարդկանց երբ մի հարցով դիմում ես, նրանք նախ մտածում են, թե իրենք ինչ շահեկան իրավիճակում կլինեն, եթե այդ հարցին անդրադառնան կամ չանդրադառնան։ Ազատվելուց հետո ես պլանավորել էի շատ հարցազրույցներ տալ, բայց սա միակ հարցազրույցն է։ ԶԼՄ-ների համար ես մարդ էի, որը խոսում էր պատերից այն կողմ, իսկ ազատության մեջ խոսացողը ձեռնտու չէ ԶԼՄ-ների բիզնեսի տեսանկյունից։ Ես Արթուր Մեսչյանի փիլիսոփայական երգերի իրականությունը տեսա՝ «երբ բոլորն են վաճառվում»։ Դա ինձ դուր չեկավ։ Ես պայքարն այլ երանգներով էի պատկերացնում։



- Կալանավայրում պայքարում էիք վաղաժամկետ ազատման համար, վատ վերաբերմունքի դեմ եւ այլն։ Հիմա ի՞նչ պայքարի մասին է խոսքը։



- Ես Արփինե Հովհաննիսյանին իմ ՖԲ էջից նամակ էի ուղարկել, խնդրել էի հանդիպում՝ ներկայացնելու համար պայմանական վաղաժամկետ ազատման ամենախոցելի թեման։ Հանդիպումը չկայացավ։ Հասկացեք, ես կանանց ուսերին ոչ մի բեռ չեմ ուզում թողնել, բայց, որպես մարդ, որը 16 տարի բանտերից պայքարել է դատապարտյալների եւ կալանավորված անձանց, նրանց ընտանիքների եւ հարազատների համար, որը փորձություններ է անցել, ասելու շատ բան կունենայի։ Մի աքսիոմա էլ բացահայտեցի։



- Դուք, կարելի է ասել, կալանավայրերի գծով փորձագետ եք դարձել։ Որքա՞ն միջոցներ կխնայենք, եթե նորմալ կիրառվի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը։



- Ես տվյալներ ունեմ, որ ՀՀ-ում մոտ 5 հազար դատապարտված եւ կալանավորված անձանցից այսօր մոտ կեսը ենթակա է վաղաժամկետ ազատման, եւ եթե դա արվի, ապա մենք ամսական առնվազն 2 մլն. դոլարից ավելի գումար կխնայենք։ Ես համակ ուշադրությամբ հետեւում եմ նոր վարչապետի քայլերին։ Նա սկսել է տնտեսությունից, բայց պետք է սկսել իրավական համակարգից։ 1000 դրամներով, 500 դրամներով, իբրեւ թե օլիգարխներին կարգի հրավիրելով՝ փողեր եք մտցնում բյուջե, բայց գիտե՞ք ինչ եք անելու դրանով։ Փոխհատուցում եք տալու ձեր քաղաքացուն Եվրադատարանի որոշումներով։ Ուզում եմ հրապարակային առաջարկ անել վարչապետին։ Եթե Դուք ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում արդարադատության համակարգում, ուղղակի հրավեր ուղարկեք ժողովրդի կողմից ընդունված մեկ փաստաբանի, մեկ մարդու, օրինակ՝ Հայկ Ալումյանին, այդ բացարձակ ապաքաղաքական իրավաբանին։ Ես բարոյական իրավունք չունեմ նրա անունից խոսելու, փորձեք նրա դիտողությունները լսել համակարգում տիրող իրավիճակի մասին։ Պետք չէ հրավիրել հանձնախումբ Փաստաբանների պալատից, որի կազմում բացառապես ընդգրկված կլինեն Հանրապետականի փաստաբանները եւ կամ այնպիսի միջնորդ-փաստաբաններ, որոնցից մեկը հիմա կալանավորված է։ Լսեք այնպիսի փաստաբանների, որոնց ողջ ազգն է հարգում ու վստահում։



- Էլ ի՞նչ կարող է անել պետությունը կալանավայրերի բնակիչների համար, որ չի անում։



- Պետությունն առաջնահերթ պետք է հասկանա, որ կալանավայրերում մեծամասնությամբ գտնվում են վերարտադրողական տարիքի արական սեռի ներկայացուցիչներ։ Մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, ունեն ընտանիքներ, որոնց համար բարդ է կալանավոր պահելը։ Մեր երկիրն էլ չի կարող ապահովել պայմաններ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Այսօր պետք է նախ բաց թողնել նրանց, ովքեր չպետք է գտնվեն ներսում, իսկ ազատված գումարները պետք է ուղղել ներսում գտնվողների բարեկեցությանը եւ առողջությանը։ Մենք գտնվում ենք պատերազմող երկրի կարգավիճակում։ Հավատացեք, պատերից այն կողմ ապօրինի պահվողների 70-75 տոկոսը պատրաստ է զենք վերցնել եւ կռվել մեր երկրի համար։ Գիտե՞ք, թե ինչքան փորձառու, կռված մարդիկ կան։ Բայց այսօր կառավարությունը կամ նախագահը ներքին կարգով թույլ չի տալիս պայմանական ազատման ինստիտուտը կիրառել, դրանով ուժեղ ապտակ է տալիս մյուս իշխանական թեւին՝ ԱԺ-ին, որը հլու-հնազանդ տանում է։



- Վերջերս կաշառքի համար դատավոր կալանավորվեց։ Ի՞նչ կասեք կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասշտաբի մասին։



- Եթե մի դատավոր իրեն թույլ է տալիս 1000 դոլար վերցնել, պետք է վերանայել այն բոլոր գործերը, որոնցով նման տականքները մեղադրական դատավճիռներ են կայացրել։ Տարիներով գոռում էի Պարգեւ Օհանյանի կողմից իմ նկատմամբ կատարված ապօրինի որոշման մասին՝ ոչինչ էր։ Երբ Պարգեւ Օհանյանը հեռացվեց համակարգից, այդ գործերը նույնպես չվերանայվեցին։ Հիմա բռնել են մի հատ դատավորի։ ՀՀ նախագահն ու վարչապետը թող տան 72 ժամ ազատություն ԱԱԾ-ին, եւ ես ձեզ երաշխավորում եմ, որ կալանավայրում այնքան դատախազներ ու դատավորներ կհայտնվեն, որ ՀՀ-ի 29 800 քմ տարածքի վրա եւս 13 ՔԿՀ կկառուցեն՝ դրանց տեղավորելու համար։



- Այսինքն՝ հատուկ ծառայությունների ձեռքերը կապվա՞ծ են։



- Միանշանակ։ Ես չեմ թերագնահատում մեր հատուկ ծառայությունները։ Դրանք պրոֆեսիոնալ աշխատում են, բայց քաղաքական լիազորություններ չունեն իրենց աշխատանքը կատարելու համար։ Այդ ծառայությունում կան բազմափորձ, չափազանց հայրենասեր պրոֆեսիոնալ սպաներ, որոնք իրենց գործը կատարել են բարեխղճորեն։ Մեկ փակ խորհրդակցություն նախագահի մոտ, եւ դուք մյուս օրը սկի չեք հասցնի անունները նշել, թե ինչ դատախազների, ոստիկանների, քննիչների, դատավորների ինչպիսի զանգվածային ձերբակալություններ կլինեն։ Էրգենեկոնի գործն այս ձերբակալությունների համեմատ կլինի ուղղակի քոլեջի դաս։



- Կալանավայրերի բնակիչները բողոքում են բուժսպասարկումից։ Նկատե՞լ եք, նրանց ո՞ր մասն է հիվանդանում բանտում։



- Պատասխանեմ մեկ բացառիկ դեպքով։ Վահան Շիրխանյանը, որը գեներալ լեյտենանտ է, եղել է պաշտպանության փոխնախարար, եթե նման մարդն այսօր առողջական խնդիրների պատճառով համարյա մահվան շեմին է, եւ մեծ պայքար է գնում այդ մարդուն դրսի հիվանդանոց տեղափոխելու համար, դուք ո՞նց եք կարծում՝ «քրեական տարր» համարվողին, որն առողջական լուրջ պրոբլեմներ ունի, պետությունն ի՞նչ ուշադրություն է դարձնելու։ Բայց նա մեզնից մեկն է, ու մենք նրանցից մեկն ենք, անկախ նրանից՝ ինչ են արել։ Թող Ամենայն հայոց կաթողիկոս կոչված երեւույթը մեկ անգամ իր կյանքի մեջ մեկ սուրբ բան կատարի՝ անձամբ այցելի քրեակատարողական հիմնարկներ, որպես չակերտավոր սուրբ հայր՝ լսի մարդկանց։ Ոչ մի նախագահ կամ վարչապետ մինչ օրս չի այցելել կալանավայրեր։ Մենք սիրում ենք կապկել արտաքին փորձը, իսկ ինչ կլինի, եթե մեր երկրի վարչապետն ստեղծի մի այնպիսի ծառայություն, որը գոնե մեկ անգամ լսի կալանավայրում պահված մարդկանց։ Վստահեցնում եմ՝ հարյուրավոր մարդիկ կան, որոնք անմեղ են դատապարտված, եւ հազարավոր մարդիկ, որոնք ոչ իրավաչափ են դատապարտված, եւ կան մարդիկ, որոնց հանցանքն առհասարակ ապացուցված չէ։ Մենք չափազանց փոքր ազգ ենք, որպեսզի այսքան լկտիություն ցույց տանք։



- Մեզ լուրեր են հասնում, որ խաղամոլությունը, մարդկանց տոկոսի, դեղի վրա նստեցնելը լայնորեն տարածված են բանտում։ Սա լավ չէ, սրա դեմ ո՞նց կարելի է պայքարել։



- Նման բան գոյություն չունի։ Կալանավայրն այն տեղը չէ, որտեղ մարդկանց «ծամում» են։ Կայացած մարդիկ երբեք նման բաների չեն տրվում։ Նույն երեւույթը կա նաեւ ազատության մեջ։ Հանցաշխարհն այնքան բարոյական ու մաքուր նորմեր ունի, որ եթե դրանցից առնվազն 0.001 տոկոսը Հանրապետական կուսակցությունը ներմուծի իր շարքերը, հավատացեք, մեր երկիրը կդառնա Իսրայել։ Ես անձամբ հարգում եմ հանցաշխարհն ու հատկապես գողական աշխարհը, որի կանոններն ինձ հոգեհարազատ են ու մարդկային։ Եթե չլինեին այդ կանոնները, կալանավայրում կլինեին տասնյակ սպանություններ։ Դուք ե՞րբ եք լսել սպանություն կալանավայրում։



- Դատապարտյալների նկատմամբ բռնություններ շատ են լինում։



- Դա պետությունն է անում։ Մտեք-նայեք, թե արտասահմանյան բանտերում ինչքան սպանություններ են լինում։ Իսկ ինչո՞ւ մեզ մոտ չեն լինում։ Որովհետեւ գողական կանոնները, որոնց շատ իրավապաշտպաններ դեմ են արտահայտվում, հավատացեք, թույլ են տալիս էքստրեմալ պայմաններում մարդկային որակները պահպանել։ Դա չափազանց կարեւոր հասարակական ինստիտուտ է, որն ապահովում է ընդհանուր դժբախտության մեջ գտնվող մարդկանց համակեցությունը։



- Մարդը, որը երկար նստել է, ազատվելուց հետո կարողանո՞ւմ է ինտեգրվել։



- Ոչ։ Աշխատանքի ինձ, միանշանակ, ոչ ոք չի ընդունի, անկախ պրոֆեսիոնալ հատկանիշներից։ Դու չես ուզում ապրելու համար քրեական քայլերի գնալ, եւ միակ ճանապարհն արտագաղթելն է։ Ստիպված՝ պետք է թողնենք-գնանք Հայաստանից, բայց ես չեմ գնալու։ Ինձ հատուկ ծառայությունները բազմիցս հորդորել են՝ սպառնալից տոնով, որ գնամ, բայց ես մնալու եմ այստեղ։



- Գուցե ՀԿ հիմնեք, որն զբաղվի դատապարտյալների խնդիրներով։



- Դրա համար պետք են ֆինանսական ռեսուրսներ, որոնք ես չունեմ։ Իմ կարգի մարդը պետք է պարտադիր մտնի քաղաքական կլանի կամ շարժման մեջ, ինչն ինձ համար հարցեր է առաջացնում։ Ես արդեն 40 տարեկան եմ եւ չեմ մտնի խաղերի մեջ, որոնցից չգիտեմ, թե ինչ է բխում։ Ես հանրապետական չեմ եւ չեմ սիրում օգտագործվել։ Երբ որ իմանում են, որ ես Մանախն եմ, ինձ հետ չեն ուզում շփվել, որովհետեւ ես պայքարում եմ իմ իրավունքների համար, ինչը ռեալ սպառնալիք է։



- Փաստորեն, միակ ճանապարհը երկրից գնալն է ։



- Բա ի՞նչ պետք է անեն, ո՞ւմ հավատան։ Մենք 200 զոհ ենք ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ, ամբողջ ազգով սգում ենք։ Արդեն պատրաստվում ենք նոր Ծիծեռնակաբերդ ստեղծելու, բացի մեր Եռաբլուրը։ Չնայած ազգը, որն ունի Եռաբլուր, իրավունք չուներ Ծիծեռնակաբերդ ունենալու։



- Մարդու իրավունքների մի քանի պաշտպաններ ենք ունեցել 16 տարում։ Ինչ-որ բան տալի՞ս է այս գրասենյակը կալանավորին, դատապարտյալին։



- Մոռացեք այդ ինստիտուտի գոյության մասին։ Եթե կառավարությանն առընթեր ԱԱԾ-ն չի կարողանում աշխատել իր լիազորությունների շրջանակում, ի՞նչ ՄԻՊ-ի մասին է խոսքը։ Ես դիմել եմ ՀՀ բոլոր օմբուդսմեններին, սկսած Լարիսա Ալավերդյանից, առնչվել եմ նաեւ էս վերջին ՄԻՊ-ին, որը ես չեմ հասկանում՝ Հանրապետականի ԳՄ խորհրդի՞ց է, թե՞ ՄԻՊ։ Բայց ոնց որ թե ավելի շատ Մելիք-Ադամյան փողոցից է։



- Ինչի՞ց եք ենթադրում։



- Որովհետեւ, երբ որ Թաթոյանն իր աշխատակազմից ազատեց այն մարդկանց, ովքեր երկար աշխատանքային փորձ ունեին ու իրականում գաղափարապես նվիրված էին այդ աշխատանքին, ու որ ինձ չընդունեց իմ ազատվելուց հետո, ես դա հասկացա։




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ