Աղասի Այվազյանի այրին դիմում է Գագիկ Ծառուկյանին

Աղասի Այվազյանի այրին դիմում է Գագիկ Ծառուկյանին

Հայ նշանավոր արձակագիր, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի թանգարանի ստեղծման հարցը մնում է դեռ չլուծված։ Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդյանը, տարածք ձեռք բերելու համար որոշել է 40 նկար վաճառել, այդ նկարները, անշուշտ, տարիներ հետո իրենց տերերին շատ ավելի մեծ եկամուտ կապահովեն, բայց այս պահին գրողի այրին այլ տարբերակ չի տեսնում։ 



Թանգարանի ստեղծման համար Գրետա Վերդյանը դիմել է նախկին եւ ներկա վարչապետերին, մշակույթի նախարարներին՝ թե Հասմիկ Պողոսյանին եւ թե Արմեն Ամիրյանին, բայց բոլորն էլ ասել են, որ տարածք չունեն։ «Արմեն Ամիրյանն ասաց, որ եթե նկարների միջոցով կարող եք տարածք ձեռք բերել, ուրեմն կարող են ցուցահանդես կազմակերպել, որի ընթացքում նկարները կվաճառվեն, եւ գումարը կտրամադրվի այդ նպատակով, բայց դա գարնանը կլինի, իսկ ես արդեն 80 տարեկան եմ»,-իր մտահոգությունն է հայտնում տիկին Վերդյանն ու նշում, որ այս հարցի լուծման համար 2 տարբերակ կա. կամ նոր տարածք ձեռք բերել եւ թանգարան կառուցել, կամ էլ գրողի տունը ձեւափոխել, վերակառուցել, ինչը, ըստ նրա, շատ ավելի թանկ կնստի։



Քաղաքապետարանից Գրետա Վերդյանին նույն պատասխանն են տվել՝ ազատ տարածք չունենք. «Ասում են՝ տվեք պետությանը, մենք պետականորեն ամեն ինչ էլ կսարքենք, բայց ես ո՞նց տամ պետությանը, եթե միայն ես գիտեմ դրա բովանդակությունը ու թե ոնց պետք է սարքել։ Ես ասել եմ՝ եկեք ես մասնավոր սարքեմ, ինձնից հետո պարզ է, որ դա կմնա պետությանը»։ Գրետա Վերդյանը նկատում է․ որ գործարարն էլ աջակցի թանգարանի տարածքի ձեռքբերման հարցում, Աղասի Այվազյանի անունը նրան միայն պատիվ կբերի։ Պետական մարմիններից հույսը կտրած, գրողի այրին դիմում է Գագիկ Ծառուկյանին՝ ակնկալելով, որ այս հարցը կարժանանա նրա ուշադրությանը։



Աղասի Այվազյանն ունեցել է նաեւ մեծ գրադարան, որը, սակայն, Գրետա Վերդյանը չի ուզում տալ մշակույթի նախարարությանը, քանի որ ուզում է թանգարանի ներսում նաեւ մշակութային կենտրոն ստեղծել՝ իր գրադարանով հանդերձ։ Նա նկատում է՝ ափսոս են այդ գրքերը, դրանց մեծ մասն արդեն փչանում է։ Գրքերի մի մասը պահվում է տանը՝ պահարաններում, մի մասն էլ՝ ավտոտնակում։ «Դրանք հեղինակային գրքեր են, Աղասին հավաքում էր բուկինիստական գրականություն, բուկինիստներն անընդհատ զանգահարում են ու ինձ ասում՝ վաճառի, բայց չեմ ուզում վաճառել ոչ մի բան, գրքերը վաճառելով՝ ես տարածք չեմ ունենա, բայց նկարները կարող են ինչ-որ չափով լուծել այդ հարցը, չնայած նկարներն էլ չեմ ուզում վաճառել»,-ասում է նա ու նկատում, որ ինչքան էլ նկարներ վաճառի, միեւնույն է՝ թանգարանում ցույց տալու բազմաթիվ գործեր կան։ Գրական ժառանգությունից բացի, նա ունի մեծ արխիվ, որը պահպանման եւ ներկայացման կարիք ունի։ Աղասի Այվազյանի մշակույթի կենտրոնում, ըստ Գրետա Վերդյանի, կգործի նաեւ այվազյանական թատերական փառատոն, կանցկացվեն այվազյանական ընթերցումներ, կգործեն մանկապատանեկան կինոստուդիա, գրական խմբակ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ