Եթե ստացվի, մեկ տարի հետո թատրոնը կունենա իր շենքը

Եթե ստացվի, մեկ տարի հետո թատրոնը կունենա իր շենքը

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը, էստաֆետի սկզբունքով, հիմա էլ հայտնվել է մշակույթի նոր նախարարի ուշադրության կենտրոնում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանն ասում է, որ իրենց վերջին ներկայացման պրեմիերային Ամիրյանին առաջնորդել է, այսպես կոչված, իր աշխատասենյակ, որը Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆոյեն է. «Ես խնդրեցի, որ նախարարն իր զգացումներն ասի, թե ինչպես է իրեն զգում իմ կաբինետում, երբ ներքեւում աղմուկ է, ու ես, իմ կաբինետում նստած, այդ աղմուկի մեջ աշխատում եմ...։ Բնականաբար, նախարարը լավատեղյակ է, որովհետեւ ինքը մշակույթին գիտակ մարդ էր մինչեւ մշակույթի նախարար նշանակվելը, նաեւ մտերիմ ընկերներ ենք եղել, եւ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինչ եղավ շենքի հարցը։ Մենք նույնիսկ դրա մասին չենք խոսում, որովհետեւ ինքը եռապատկելու է, բազմապատկելու է իր ջանքերը, որպեսզի այդ խնդիրը լուծվի»։



Ժիրայր Դադասյանի դիտարկմամբ, որքան ձգվում է ժամանակը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ այն նախարարի անունն է ոսկյա տառերով գրվելու մեր մշակույթի պատմության մեջ, որը եւ կլուծի թատրոնի շենքի հարցը։ Նա ի պատասխան մեր հարցին նշում է, որ Ամիրյանի դեպքում ոչ թե հույսեր ունի, այլ հավատ, որ կլուծի այդ հարցը. «Ես ուղղակի վստահ եմ»։ «Խոստացե՞լ է, որ այդքան վստահ եք»։ «Ես շատ ուրախ եմ, որ խոստում չի տվել, որովհետեւ նախորդ խոստումները, որ չեն եղել, այդ բառին չեմ վստահում, ես վստահում եմ կոնցեպտուալ, սկզբունքային մոտեցումներին, որը տեսնում եմ իր 2 ամսվա գործելաոճի մեջ»։ Նա օրինակ է բերում այն հանգամանքը, որ, կապված փետրվարին Մոսկվայում կայանալիք մի փառատոնի հետ, նախարարությունն արդեն հիմա է գումար հատկացրել, եւ իրենք շատ ավելի մատչելի գներով են տոմսերը ձեռք բերել, այլ ոչ թե վերջին պահին՝ թանկ արժեքով։ Արատավոր գործելաոճ, որի պատճառով, ըստ Դադասյանի, տարիներ շարունակ ահռելի վնաս է հասցվել մեր բյուջեին. «Այս օրինակը բերեցի միայն նրա համար, որ իսկապես վիճակ է փոխվել»։



Ինչպես պատմում է Դադասյանը, թատրոնի շենքի հետ կապված՝ նախորդ վարչապետի հետ համաձայնության էին եկել եւ արդեն մի տարբերակի վրա աշխատանքներ էին տանում, որը նոր վարչապետից հետո մի քիչ առկախվեց. «Բայց նաեւ այս տարբերակն է դիտարկվում, որ եթե ստացվի, մեկ տարի հետո թատրոնը կունենա իր շենքը»։ Թե ինչքանով է ծախսատար այդ նախագիծը, ըստ այդմ՝ նաեւ շենքի կառուցումը, ապա դեռ նախագիծը չկա, երբ լինի, նախագծից կբխի արդեն ամբողջ բյուջեն. «Չեմ կարծում, որ դա շատ է, հետո ինձ նաեւ ասացին, որ իրենք միջոցներ են գտնելու մասնավորից, այսինքն՝ մասնավոր ներդրումով է դա արվելու եւ ոչ թե պետբյուջեով։ Հնարավոր է պետբյուջեով արվի միայն նախագիծը, մնացածը՝ մասնավոր ներդրումների արդյունքում»։ Արդյունավետ չէ՞ր լինի, որ, ինչպես Համազգային թատրոնն է Սոս Սարգսյանի անվան ֆոնդ բացել ու նաեւ այդ ճանապարհով գումար է հավաքում շենքի կառուցման համար, նույնկերպ էլ իրենք անեին։ Դադասյանը նշեց, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է՝ տեղյակ է, որ ֆոնդը շատ քիչ գումար է հավաքել, ու դա այն դեպքում, երբ կա Սոս Սարգսյանի հանգամանքը։ Իր դեպքում դա շատ ավելի քիչ կլինի։



Ռեժիսորը նաեւ նշեց, որ Ստեփանակերտում արդեն բացվել եւ գործում է իրենց մնջախաղի ստուդիան, որը հասցրել է հանդես գալ նաեւ առաջնախաղով. «Պրոցեսը ձեւավորելը մի քիչ բարդ է, դեռեւս մեր ուզած որակը չկա, բայց հույս ունեմ, որ կես տարվա ընթացքում լիարժեք կձեւավորվի, եւ մենք հետ չենք կանգնելու մեր որոշումից»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ