Մի խոստումն ի՞նչ էր՝ չտվեց

Մի խոստումն ի՞նչ էր՝ չտվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ամանորյա ընդունելություն էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Այն, կարելի է ասել ,ավանդական միջոցառում է կառավարությւոնում, որը չխախտվեց նաև Կարեն Կարապետյանի կողմից։



Ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Կարապետյանն ասաց․ «Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից քննադատություն, խորհուրդ եւ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ բոլորը լինեն կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական»։ Ապա կոնյակի բաժակը ձեռքն առավ ու մոտեցավ լրագրողներին՝ շնորհավորելու։ Զուգահեռ՝ նաև ճեպազրույց ունեցավ նրանց հետ։



Hraparak.am-ը հարցրեց Կարեն Կարապետյանին, թե որն է 2017-ի նրա գլխավոր խոստումը՝ հայ ժողովրդին։ «Եղեք լավատես»,-խոստման փոխարեն մեզ մաղթանք-հորդոր հղեց նորանշանակվարչապետը։ Բայց մենք խոստում էինք ուզում լսել նրանից, հետո կատարելու պայմանով, իհարկե։ Պարոն Կարապետյանը, սակայն, համառորեն խուսափեց որևէ հստակ խոստում տալուց։ «Էդքան ծրագիր եմ գրել, սաղ խոստում են»,-նշեց նա։



Նկատենք, որ իր նախորդը՝ Հովիկ Աբրահամյանը, խոստումներ տալ շատ էր սիրում, չնայած՝ դրանք կատարելու սովորություն առանձնապես չուներ, նրա մոտ ավելի շատ լավ էր ստացվում ուղղակի խոստանալը։ Նոր վարչապետի մարտավարությունը, փաստորեն, մի փոքր այլ է․ նա ոչ միայն խոստում տալ չի սիրում, ինչպես զգացվեց, որ երևի հետո ակնկալիքներ շատ չունենանք, այլ մի բան էլ ինքն է մեզանից ինչ-որ բաներ ակնկալում՝ քննադատություն, խորհուրդ, առաջարկություն, լավատեսություն։



Հ․Գ․ Քանի որ վարչապետի հետ հարցուպատասխանն անցավ ավելի շատ մաղթանքների ու մեզանից ակնկալիքների մթնոլորտում, որոշեցինք մենք էլ նրան մեր մաղթանքն ու ակնկալիքը հղել։ Մասնավորապես՝ ցանկացանք, որ իրենից հետո եկողն իրենից ավելի լավը լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքն էլ իր նախորդից լավը լինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ