Ինչու՞ չեն կարողանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել Հայաստանից

Ինչու՞ չեն կարողանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել Հայաստանից

Հունվարի 1-ից ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պարտականությունների իրականացումը դրվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովի վրա: Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ Նիկոլայ Բորդյուժային 2016-ի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում ռոտացիոն կարգով այդպես էլ Հայաստանի ներկայացուցիչ չփոխարինեց։ Չէ՞ որ հերթը մերն էր։ Այս հարցի պատասխանը իշխանական մարմինները խուսափում են բարձրաձայնել՝ միայն անորոշ ձեւակերպումներ են տալիս եւ, կարելի է ասել, Հայաստանի հեղինակությունը չնսեմացնող դատողություններ անում։ Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ինչպես միշտ, հրաժարվեց մեկնաբանել՝ հղում անելով նախագահականի տարածած հաղորդագրությանը։ Մենք բազմիցս նշել ենք, որ այս նախարարությունում, ի թիվս մի քանի այլոց, մամուլի խոսնակի հաստիք պահելու հարկ չկա՝ այն միանգամայն ավելորդ ծախս է մեր բյուջեի համար։ 



Թվում էր՝ նախագահականի հաղորդագրության մեջ պետք է մանրակրկիտ վերլուծություն արված լիներ այն պատճառների մասին, թե ինչու տապալվեց հայ թեկնածուի նշանակումն այդ պաշտոնում։ Բայց այնտեղ էլ ամբողջը ձեւակերպված էր մեկ նախադասությամբ․ «Բելառուսի նախագահի բացակայության եւ դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան»։ Իսկ թե ինչու է բացակայել Բելառուսի նախագահը, եւ հնարավո՞ր է արդյոք, որ այս ձգձգումը մի նպատակ ունի՝ թույլ չտալ, որ Հայաստանը նշված կառույցում չնախագահի, որեւէ մեկն այս հարցերի պատասխանը չունի կամ չի ուզում ասել։ Ենթադրություններն ու վերլուծություններն էլ շահեկան չեն եւ մեր օգտին չեն, քանզի չեն ցանկանում բացահայտորեն քննադատել բարեկամ համարվող Բելառուսին, ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին ու փչացնել առանց այն էլ լարված հարաբերությունները։ ՀԱՊԿ-ի մասով ոմանք մխիթարվում են դեկտեմբերի 29-ին ՀՀ դիրքերի վրա Ադրբեջանի դիվերսիոն հարձակման հետ կապված ՀԱՊԿ հայտարարությամբ, որտեղ «լեզվի սայթաքում» էին թույլ տվել՝ ակամա «ճանաչելով» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ու երեւի դրա համար էլ երեկվանից ՀԱՊԿ պաշտոնական կայքը error է տալիս ու չի բացում։



Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում համառորեն չեն ցանկանում, որ կառույցի գլխավոր քարտուղար նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը երկու պատճառ է տեսնում՝ ակնհայտ համարելով, որ կան նաեւ երկրներ, որոնք չեն ուզում, որ Հայաստանից լինի քարտուղարը։ «Առաջին պատճառը կապված է Ադրբեջանի հետ, որի ազդեցությունը ՀԱՊԿ-ում ավելի մեծ է, քան Հայաստանի, եւ նա, ակտիվ աշխատելով Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ, ամեն ինչ անում է, որ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարը չլինի Հայաստանից։ Այստեղ խայտառակությունն ինչումն է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, բայց իր ուզածը կարողանում է անցկացնել»։ Երկրորդ պատճառն, ըստ քաղաքագետի, այն է, որ Հայաստանը, լինելով նաեւ ԵՏՄ անդամ, մշտապես առանց վերլուծելու եւ քննարկելու իր ձայնը կարեւոր քվեարկություններում տալիս է Ռուսաստանին, ինչը լուրջ դժգոհություն է առաջացնում մյուս երկրների մոտ։ Դրա համար էլ, ըստ Գրիգորյանի, չեն ուզում, որ Հայաստանից լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։



Ի դեպ, ուշագրավ է մի փաստ եւս․ մեր թեկնածուի անունը ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում։ Տիգրան Բալայանն այդ մասով ասաց, որ չի կարող ասել՝ ով է մեր թեկնածուն․ դիվանագիտական կանոնները թույլ չեն տալիս։ Իսկ գուցե չունե՞նք թեկնածու, որ անուն տանք։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն էլ երեկ մեզ հետ զրույցում թեկնածուի անուն չասաց․ «Դե, կարեւոր չի, կհրապարակվի այն ժամանակ, երբ որ վերջնական նշանակում կլինի»։ Նշենք, որ դեկտեմբերի 26-ի նիստից մի քանի օր առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը մեզ տված հարցազրույցում հայտնել էր, որ թեկնածու, բնականաբար, ունենք, եւ խնդրել էր համբերել՝ նիստը կլինի, կիմանանք՝ ով է լինում։ Նշենք, որ մի քանի թեկնածուների անուններ այս ընթացքում շրջանառվել են, մասնավորապես ՊՆ նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի, Վաղարշակ Հարությունյանի։ Ի դեպ, դեռեւս հոկտեմբերին Երեւանում ՀԱՊԿ խորհրդի նիստին գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն նշանակում տեղի չունեցավ: Այդ ժամանակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասել էր․«Չեղավ կոնսենսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, դրա համար դա հետաձգվեց: Դեկտեմբերին լինելու է հատուկ ՀԱՊԿ-ի նիստ, որտեղ քննարկվելու է այդ հարցը: Մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք եւ մենք գտնում ենք, որ ռոտացիան պետք է լինի ըստ ռուսական այբուբենի եւ հաջորդը Հայաստանն է»։



Արտակ Զաքարյանը, երեկվա մեր զրույցում անդրադառնալով պատճառներին ասաց, որ այդ խնդիրը դեռեւս բաց է, եւ պատճառներ պետք չէ փնտրել։ «Պատճառն այն է, որ խնդիրը պահանջում է կոնսենսուսային լուծում, եւ առաջիկա գագաթաժողովում հենց կոնսենսուսի առկայության պարագայում կարծում եմ՝ այդ խնդիրն անպայման կլուծվի»,-ասաց նա։



-Ձեր վերլուծությամբ՝ ինչու՞ այդ կոնսենսուսը չի կայանում։



-Ես չեմ ուզում վերլուծություններ անել, վաղը, տարբեր պատճառներ կարող են լինել, հիմա վաղը, մյուս օրն էլ կարող են Հայաստանի բացակայության պատճառով ինչ-որ հարցեր կոնսենսուսային լուծում չստանան։ Հարցը դրանում չի։ Դրանք քաղաքական բազմակողմ պրակտիկայում հնարավոր դեպքեր են։



-Կարո՞ղ ենք ասել, որ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք կա, որը մեր շահերից չի բխում։



-Ոչ, չենք կարող ասել։ Կարող ենք ասել, որ ՀԱՊԿ անդամ պետություններն, իհարկե, կարող են ունենալ տարբեր շահեր եւ պատկերացումներ գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ, բայց ցույց տվեք աշխարհում մի բազմակողմ ձեւաչափ, որտեղ 100 տոկոսանոց պատկերացումներ են միասնական, բոլոր խնդիրների վերաբերյալ։



-Դրանից առաջ էլ կարծես թե Ղազախստանի կողմից էինք որոշակի վերաբերմունքի արժանացել։



-Դուք անընդհատ ուզում եք մեզ հակառակորդ կամ պրոբլեմատիկ պետություն ման գաք։ Նման պետություններ մեզ համար չկան, մեզ համար կան բարեկամ, գործընկեր երկրներ, եւ ՀԱՊԿ անդամ պետությունները բոլորը մեզ համար բարեկամ եւ գործընկեր են։



-Բայց այդ բարեկամությունը կարծես թե այդքան էլ չի դրսեւորվում նրանց կողմից։



-Բարեկամությունը քաղաքականության մեջ նաեւ առաջնորդվում է շահերով։ Իսկ շահերն, այո, կարող են նաեւ չհամընկնել, ինչը պետք է ընդունենք որպես իրականություն։



-Կարո՞ղ ենք հուսալ, որ առաջիկա նիստում գոնե այս հարցը հօգուտ մեզ կլուծվի։



-Ամեն դեպքում, ռոտացիոն սկզբունքի հիման վրա Հայաստանի իրավունքն է՝ ներկայացնել հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը։



-Հնարավո՞ր է, որ Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը լինի այստեղ, որի հետեւանքով էլ Ձեր նշած շահերը թույլ չտան հօգուտ մեզ գալ կոնսենսուսի։



-Իհարկե, հնարավոր է, որովհետեւ չի կարելի բացառել, որ Ադրբեջանը՝ որպես երրորդ կողմ, դրսից անընդհատ խոչընդոտում է, որ Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում ուժեղ լինեն։ Ադրբեջանը մեզ համար թշնամի երկիր է, եւ ամեն տեղ էլ խոչընդոտելու է Հայաստանի շահերին։ Եվ նույնն էլ պետք է մենք անենք։ Ճիշտ է, մենք այդքան ակտիվ չենք անում, բայց կարծում եմ, որ նույնն էլ պետք է մենք անենք, որ անընդհատ ադրբեջանական բոլոր այն գործողությունները, որ ուղղված են Հայաստանի դեմ, կասեցվեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ