Մնացած ամեն ինչի մասին` հաջորդ դասին

Մնացած ամեն ինչի մասին` հաջորդ դասին

Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ հայտարարություն արեց քաղաքականություն վերադառնալու մասին: Վայրկյաններ առաջ «Ֆեյսբուքը» արձագանքեց. «Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մի տեղ` քաղաքականություն, որտեղ երբեք չի եղել: Բայց վերադառնում է»:



Դե ինչ, երկար սպասված հայտարարությունն արված է, և հայտնի է արդեն, որ Ծառուկյանը վերադառնում է քաղաքական կյանք, որտեղից դուրս էր մնացել 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո: Թե ինչ է փոխվել մեր քաղաքական կյանքում փետրվարյան այդ հայտնի իրադարձություններից հետո, մենք կդժվարանանք ասել, հետևաբար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինքը բացում է փակված էջը, մի տեսակ մարտահրավերի է նման, քանի որ, ինչպես ինքն է ասում, այն փակվել էր, որպեսզի արյունահեղություն չլինի: Ի՞նչ է փոխվել: Գագիկ Ծառուկյանն, ահա, գալիս է լայն դաշինք կազմելու, դռները բաց են բոլորի համար... պետք է ենթադրել` նաև ՀԱԿ-ի և Ժառանգության: Ինչպես ասում են` Աստված վերջը բարին անի:



Իսկ հիմա բուն հայտարարության մասին: Քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը, ենթադրվում է, պետք է քաղաքական լինի: Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ քաղաքականության նշույլ իսկ չկա: Դարձյալ պատմում է, որ իրեն պաշտոններ պետք չեն, փառք պետք չէ, նշում է, որ վերադառնում է, քանի որ իրեն խնդրում են վերադառնալ ժողովուրդն ու ԲՀԿ-ի ընկերները: Ծառուկյանը պատմում է նաև, որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո էլ չի դադարել և վերադառնալուց հետո էլ չի դադարելու բարեգործությամբ զբաղվել: Սրանք քաղաքական մտքեր չեն: Մի պահ միայն նրա խոսքում քաղաքականի նմանվող միտք է առկայծում` բարեգործությամբ աղքատության ու արտագաղթի հարցը չի լուծվի, աշխատատեղեր են պետք: Բայց դա էլամենակարճ նախադասությունն էր, որ ասաց ԲՀԿ նախկին ղեկավարը:



Հետաքրքիր է նաև, որ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ չնշեց` ԲՀԿ է վերադառնո՞ւմ, թե նոր ուժ է ստեղծում, նոր դաշինք, ինչպես ինքն ասաց` լայն: Լայնը հենց լայն հասկացություն է: Ինչպե՞ս է այն կոչվելու և պահպանվելո՞ւ է, արդյոք, ԲՀԿ-ն: Եթե այն պահպանվելու է, ապա Ծառուկյանից նորություններ սպասելն այնքան էլ իրատեսական չէ, իսկ եթե ոչ, ապա, ի դեմս Գագիկ Ծառուկյանի լայն դաշինքի, մենք կունենանք ՀՎԿ-ի պես մի բան, որի մեջ լցվեցին հարյուրավոր անտեր մնացած քաղաքական, հասարակական կազմակերպություններ ու անհատներ:



Հուսանք, որ քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ն պահել-չպահելու հետ կապված նոր հայտարարություն կանի: Բայց այդ մասին, ինչպես ասում են, հաջորդ դասին:



Էդիկ Անդրեասյան