Մրցույթ-«ներկայացումներն» իրենց մեջ վտանգ են պարունակում

Մրցույթ-«ներկայացումներն» իրենց մեջ վտանգ են պարունակում

Հարցազրույց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ



- Երբ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Համազգային թատրոնում ներկայացնում էր Վիգեն Չալդրանյանին, նշեց, որ նոր մոտեցում են որդեգրել, այսուհետ թատրոնները կունենան գեղարվեստական ղեկավարներ։ Ինչպե՞ս եք գնահատում դա, նախորդ նախարարի օրոք դրանք ավելորդ հաստիքներ համարվեցին եւ կրճատվեցին։



- Գեղղեկավարների հաստիքները չէին հեռացրել, ուղղակի օրենքն այնպես էր դարձել, որ գեղղեկավարներին պետք է նշանակեն տնօրենները։ Այսինքն՝ տնօրենն իրավունք ունի ազատելու, նկատողություն տալու, չհամաձայնելու ծրագրերի հետ, քանի որ գեղղեկավարն այս դեպքում դառնում է հերթական հաստիքային աշխատողը։ Քանի տարի է արդեն՝ մենք պայքարում ենք, որ թատրոնի մասին օրենքը լինի, եւ այդ օրենքում հստակեցվի թատրոնների կառավարման կարգը։ Այստեղ ամենակարեւոր պահը պետք է դառնա այն, որ գեղղեկավարը լինի ինքնուրույն մարդ թատրոնում, իսկ ինչպե՞ս է լինում ինքնուրույն մարդ, եթե գեղղեկավարին էլ է նշանակում նախարարությունը կամ վերադաս մարմինը։ Ավելին ասեմ՝ հիմնական պայմանագիրը պետք է կնքվեր գեղղեկավարի հետ, որովհետեւ թատրոնի լավ կամ վատ վիճակն առաջին հերթին պայմանավորվում է լավ կամ վատ գեղղեկավարով։ Վերջին 20-25 տարիներին տարբեր նախարարներ ունեցել են տարբեր մոտեցումներ, մի նախարար եկել որոշել է, որ պետք է տնօրեններ լինեն, մյուսը՝ գեղղեկավարներ, եւ այդպես շարունակ։ Օրինակ՝ վրացիները 3-4 տարի առաջ ընդունեցին թատրոնի մասին օրենք, որտեղ թատրոնի միանձնյա ղեկավարը համարվում է թատրոնի գեղղեկավարը, ով էլ ներկայացնում է տնօրենի թեկնածությունը, ընդ որում՝ ներկայացնում է 3 թեկնածու, եւ նախարարն այդ երեքից նշանակում է մեկին։ Սրանով նաեւ պետության գործը կհեշտանա, պետությունը պատասխանատվության կկանչի վատ գեղղեկավարին։ Հետո ասեմ, որ տնօրենների ֆունկցիան այսօր պետք է մի քիչ այլ լինի, նրանք ավելի շատ պետք է լինեն պրոդյուսերներ, որովհետեւ այսօր կարեւորագույն խնդիրը ներկայացումը վաճառելն է, ներկայացման մարքեթինգը, ճիշտ գովազդը, ճիշտ գործընկերների ընտրությունը։ Դա շատ բարդ ու աշխատատար գործ է։



- Թատրոնի մասին օրենքն ինչքանո՞վ կկանոնակարգի դաշտը։ Ստեղծվե՞լ է օրենք մշակող հանձնաժողով։



- Դեռ ոչ, չեմ էլ կարծում, որ հանձնաժողովի կարիք կա, ենթադրում եմ՝ ընդամենն անհրաժեշտ է, որ նախարարությունում քննարկումներ լինեն, ուր կհրավիրվեն թատերական գործիչներ եւ թատերական գործին տիրապետող մասնագետներ, քննարկումներ անպայման կլինեն ԱԺ համապատասխան հանձնաժողովում։ Սա պրոցես է, եւ մենք հասկանում ենք, որ այնպես չէ, որ այսօր ուզեցինք՝ վաղը եղավ։ Ես գիտեմ մի քանի նախագիծ, որ հիմա ԱԺ դարակներում կա, կարելի է այդ նախագծերից ամենաօպտիմալը, ամենալավը հանել ու դրա շուրջ շարունակել աշխատել։ Հիշում եմ՝ 6-7 տարի առաջ, երբ նախարարությունում քննարկումներ էին լինում, բավական նորմալ տեսքի էր եկել, բայց չհասկացա, թե ինչ եղավ, միանգամից այդ հարցը փակվեց, ու այսպես՝ ՊՈԱԿ-ների կարգավիճակով մենք աշխատում ենք։ Օրենքն ընդամենը կհամակարգի, կհեշտացնի աշխատանքը։ Թատրոնի մասին օրենքի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, եւ, որքան գիտեմ՝ շատ շուտով կսկսվեն նախագծերի քննարկումները։ Բարեբախտաբար, Արմեն Ամիրյանը շատ ուզում է, որ այդ օրենքը լինի, եւ առաջին գրությունները, որ թատրոններն իրենից ստացան, դա այն էր, որ թատրոնի ղեկավարները հիմնավորում ներկայացնեն օրենքի անհրաժեշտության մասին։ Ու, ինչքան գիտեմ, գրեթե բոլոր կարծիքները փաստել էին օրենքի անհրաժեշտությունը։



- Արդյունավետ ու նպատակահարմար չէ՞ր լինի գեղղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի հաստիքները մեկտեղել, դրանով նաեւ վերջ կտրվեր 2 ստեղծագործ անհատականությունների մրցակցությանը թատրոնում։ Գուցե համատեղվի այդ պաշտոնը, եւ ավելորդ հաստիքներով էլ չծանրանա պետության բեռը։



- Դա չեմ բացառում եւ ասեմ, որ մենք ունենք այդպիսի թատրոն, օրինակ՝ Տիկնիկային թատրոնում Ռուբեն Բաբայանի օրինակը, ով շատ լավ աշխատում է։ Այս ամենի մեջ կարեւորն այն է, որ գեղարվեստական ղեկավարի ստատուսը թատրոնում բարձրացվի, հստակեցվի, որպեսզի նա կարողանա մի քիչ ինքնուրույն կառուցել խաղացանկը, ինքնուրույն դերասաններ ընդունել, ազատել։ Հիմա եթե մի թատրոնում գեղարվեստական ղեկավարն ուզենա դերասան ազատել, թատրոններ կան, որտեղ դա պրոբլեմ է, տնօրենն ասում է՝ չէ։ Ավելին ասեմ, օրենքում պետք է շատ հստակ իրավասություններ տրվեն ստեղծագործական կազմը վերակոմպլեկտավորելու, նոր մարդիկ բերելու համար։ Սա ստեղծագործական աշխատանք է, եւ մեկն ուզում է այս խմբի հետ աշխատել, մեկը՝ այս խմբի, գեղարվեստական ղեկավարը պետք է ասի՝ եթե դուք ինձնից ուզում եք արդյունք, ուրեմն ես պետք է ազատ լինեմ ու ինքս որոշեմ, թե ում հետ աշխատեմ։ Իսկ խմբերը դարձնել դոգմա եւ ասել՝ ով եկավ, պետք է իրենց հետ աշխատի՝ սխալ է։ Այդ դեպքերում նաեւ կոլեկտիվներին դարձնում են կոնֆլիկտային կողմ, անընդհատ առաջ գցելով, որը հետո շատ տգեղ հետեւանքների է բերում։



- Վերջին ամիսներին կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծվեցին Գյումրու եւ Վանաձորի թատրոնի տնօրենների ընտրության ժամանակ։ Գյումրու կոլեկտիվը պայքարեց, ինչի արդյունքում որոշակի արդյունքների հասան, Վանաձորի թատրոնի դեպքում դժգոհություններ էլի կային, բայց կոլեկտիվի մի մասն անանուն նամակների հետեւում էր թաքնվում։ Ինչո՞ւ է, տնօրենի, գեղղեկավարի նշանակումն այդքան ցավոտ անցնում եւ ուղեկցվում տարբեր անհամաձայնություններով ու դժգոհություններով։



- Թատրոնները շատ բարդ օրգանիզմ են եւ էլի այն պատճառով, որ օրենք չունենք։ Եթե օրենք լիներ, ու թատրոնների խմբերն անընդհատ թարմացվեն, վերակոմպլեկտավորվեն, այսպիսի իրավիճակներ չեն լինի։ Սա նրանից է, որ մի դեպքում դերասանն ասում է՝ սա իմ տունն է, եւ ես պետք է որոշեմ, թե ով լինի, ինչը շատ սխալ տեսակետ է, ու այս հոգեբանությունը հարկավոր է կոտրել։ Երկրորդ խնդիրն այն է, որ 84-ից պրոֆեսիոնալ թատրոնում եմ, միշտ ղեկավարել եմ թատրոններ եւ չեմ հիշում մի նշանակում, որտեղ բոլորը միաձայն ասեն՝ ինչ լավ եղավ, ու ծափ տան։ Նման բան չի եղել ու չի էլ լինի։ Եթե մենք հիմք ենք ընդունում այն, որ հարցնենք կոլեկտիվին, ուրեմն իմացեք, որ մենք մեզ տանում ենք ծուղակ։



- Բայց, մյուս կողմից էլ՝ չլսել նրանց ձայնը, նույնպես ճիշտ չէ։



- Ոչ թե չլսել, այլ պետք է խորհրդակցել կոլեկտիվի առաջնակարգ դերասանների հետ։ Կոլեկտիվում այնքան մարդ կա, որ ընդհանրապես իրավունք չունեն կոլեկտիվի անունից խոսելու։ Հետո՝ Գյումրիի եւ Վանաձորի թատրոնների խնդիրները լրիվ տարբեր էին։ Գյումրիում այն թեկնածուն, որի դեմ ընդվզում եղավ, վատ թեկնածու չէր եւ վատ տնօրեն չէր լինի։ Խոսքը «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենի մասին է, բայց այնտեղ մի մեծ սխալ թույլ տրվեց, որ հրապարակային չեղավ մրցույթի հայտարարությունը, եւ այստեղ նրանք տեսան ինտրիգ, եւ դա առաջացրեց ընդվզում։ Զարգացումներին տեղյակ եք, հետո նշանակվեց Տիգրան Վիրաբյանը, ով բանիմաց անձնավորություն է, տիրապետում է գործին եւ երկար տարիներ թատրոնի պրոդյուսերն էր...



- Եվ կոլեկտիվն էլ գոհ էր։



- Այո, չնայած ես չէի ուզենա, որ կոլեկտիվի ուզածով լիներ, որովհետեւ այդ մարդը դառնում է կոլեկտիվի վասալը, այսինքն՝ մենք ենք ուզել, որ դու լինես, ուրեմն մեր ուզելով էլ պետք է աշխատես։ Դա սխալ բան է եւ պետք է վերացվի։ Օրինակ՝ ինձ մի անգամ Գյումրիի թատրոնում ընտրեցին, կոլեկտիվը ձեռք բարձրացրեց համարյա միաձայն, բայց Դուք չեք պատկերացնի, թե ինձ համար ինչքան դժվար էր աշխատել հատկապես առաջին շրջանում, ով դիմացս դուրս էր գալիս, ասում էր՝ ես ասացի, որ դու գաս։ Այսինքն՝ կամա թե ակամա, դառնում ես պարտավորված այդ մարդկանց առաջ եւ սուբյեկտիվ քո որոշումներում։ Վանաձորի թատրոնի դեպքում, ինչքան ես գիտեմ, այդքան լուրջ ընդվզումներ չկային, նեղացածություն կար այլ կողմից, եւ հասկանում եմ դա, հասկանում եմ նաեւ՝ Հրաչյա Պապինյանի հանդեպ մի քիչ ճիշտ չվարվեցին, բայց ես գիտեմ, որ Հրաչյա Պապինյանի մեղքն էլ այստեղ կար, որովհետեւ ժամանակավոր պաշտոնակատար՝ չի նշանակում, որ դու հետագայում լինելու ես տնօրեն։ Նաեւ կար տնօրենի այլ թեկնածու, որին նախապատրաստել էին դրա համար...



- Գլխավոր խնդիրը կարծես այն էր, որ ամեն ինչ «վերեւից» որոշված էր, եւ Վահե Շահվերդյանի հեղինակությունն էլ թույլ էր տվել միանձնյա որոշել ամեն ինչ։



- Այդտեղ վատ բան չկա, Վահե Շահվերդյանը պատահական մարդ չէ այդ թատրոնում։ Հիմա եթե այսօր մեր թատրոնում տնօրենի հարց լինի, ինձ համար շատ տարօրինակ կլինի, եթե իմ կարծիքը հաշվի չառնեն։ Օրենքի անհրաժեշտությունը նրա համար է, որպեսզի գեղղեկավարն ունենա հստակ կարծիք նաեւ տնօրենի նշանակման հարցերում։ Ընդհանրապես, ես գտնում եմ, որ այդ նշանակման պրոցեսն աբսուրդ է, դա պետք է վերացվի, էլի եմ ասել, որ սա ներկայացում է, որովհետեւ այսպիսի «ներկայացումներն» իրենց մեջ վտանգ են պարունակում, այս տեսակ գործընթացներում կարող է պատահական մարդիկ, 100 տոկոսով հարցերին պատասխանելով, հանկարծ դառնան տնօրեն։ Այդպիսի դեպք եղել է, երբ պրոֆեսիոնալ մարդը չի անցել, այլ անցել է մեկ ուրիշը, ով անգիր բոլոր հարցերին պատասխանել է։ Դա սխալ է։ Տնօրենի եւ գեղղեկավարի նշանակումը պետք է լուրջ քննարկումների արդյունքում որոշվի, նախարարությունում, թատերական գործիչների շրջանում, տվյալ թատրոնի առաջատարների հետ խորհրդակցելով, հետո նոր նախարարը գա մի ընդհանուր եզրակացության եւ ինքը նշանակի։ Ի դեպ, երբ նախարարն է նշանակում, այդ մարդն ավելի պատասխանատու է իրեն զգում, որովհետեւ գիտի, որ նախարարն իր պատասխանատվության վրա է վերցրել իր նշանակումը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ