Հենց մտավորականությունն է հնչեցրել ահազանգ

Հենց մտավորականությունն է հնչեցրել ահազանգ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ցուցակներում ներգրավված են նաեւ մտավորականներ։ Օրինակ՝ «Ելք» դաշինքից ռեյտինգային կարգով Շենգավիթում առաջադրվել է գրող Համբարձում Համբարձումյանը, ՀԱԿ-ից՝ Ավան-Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն տարածքում՝ «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշենում ՀԱԿ-ից առաջադրվել է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակով Վարդենիսում առաջադրվել է բանաստեղծ Արա Ալոյանը, ում մի քանի հարց ուղղեցինք։ 



- Պարոն Ալոյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից մասնակցելու եք ԱԺ ընտրություններին, ՀՎԿ անդա՞մ եք, թե՞ ներկայացված եք ռեյտինգային ցուցակում։



- Տարբեր առաջարկներ են եղել տարբեր ուժերի կողմից, ընդունել եմ ՀՎԿ առաջարկը, քանի որ համակրում եմ այդ քաղաքական ընտանիքի գաղափարախոսությունը, իրատեսական ու ողջամիտ եմ համարում ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համակարգային ու համազգային ծրագրերը, նպատակադրումները: Առաջադրվել եմ ոչ թե վարկանիշային, այլ համամասնական ցուցակով՝ իմ ծննդավայր Վարդենիսում:



- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել։ Ի՞նչ եք անելու խորհրդարանում, ինչը չեք կարող անել որպես բանաստեղծ։



- Անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմի՝ ՀՎԿ-ի համար, այս ընտրությունները ոչ թե կարճաժամկետ, նեղկուսակցական ու անձնական պատեհություն են, այլ պատմության այս ժամանակահատվածում մեր հայրենիքին ծառայելու, երկիրը խորագույն ճգնաժամից դուրս բերելու եւ զարգացման ռելսերի վրա դնելու հնարավորություն: Մեզ համար չկան դասակարգային հակառակորդներ, չունենք անձնական համակրություններ եւ հակակրություններ, չկան արտոնյալներ եւ մերժելիներ, որովհետեւ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, իսկ երկրի սահմանները գծվում են փոխադարձ հարգանքի, մարդասիրության, սրտացավության, ճշմարիտ ու գործնական հայրենասիրության, համընդհանուր արժանապատվության ու համահայկական նպատակների տիրույթում:



- Ինչքանո՞վ եք կարեւորում այս ընտրությունները մեր երկրի ու հասարակության կյանքում։



- Աներկբա է, որ առջեւում պատմական ու լուրջ քննություն է. նոր խորհրդարանը դառնալու է Հայաստանի կառավարման գլխավոր կառույցը, կենտրոնաձիգ իշխանությունը, որովհետեւ, ինչպես ակնարկեցիք, համաձայն նոր Սահմանադրության՝ մեր երկիրը նախագահական կառավարակարգից անցում է կատարում պառլամենտական ղեկավարման համակարգին: Մեզ համար արժեքների արժեքը ՀՀ քաղաքացին է, հայ մարդը, եւ ցանկացած, այդ թվում՝ օրենսդիր գործունեություն բխեցվում է մարդակենտրոն արժեհամակարգից ու նպատակադրումներից՝ միտված Հայաստանի ներդաշնակ զարգացմանն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխառնչությունների որակական հանգրվանին:



- Այսօր մտավորականության մի մասն ապաքաղաքականացված է, մի մասը ակտիվ ներգրավված, ինչպե՞ս եք նայում մտավորականների ներգրավվածությանն ընտրական պրոցեսներում։



- Առհասարակ, մշակութային քաղաքականությունն ինձ համար նախընտրելի է քաղաքական մշակույթից: Բայց այս երկվության մեջ կարելի է նաեւ ներդաշնակություն գտնել՝ երկրի գլխավոր գործընթացները բխեցնել մեր ժողովրդի քաղաքակրթական ավանդույթներից, ասել է թե՝ ըստ էության արժեւորել մեր մշակութային, գիտակրթական ու մարդկային ներուժը: Մեր բազմադարյա պատմությունը հուշում է, որ մեր ազգի համար բախտորոշ ժամանակներում, օրհասական դիպվածների պարագային հենց մտավորականությունն է միջամտել ազգային գործերին, հնչեցրել ահազանգ, հուշել ռազմավարական քայլեր, տվել ողջամիտ դեղատոմսեր...։



Լավ եք հիշում, որ Հայոց ցեղասպանության գաղափարն իրագործելիս օսմանյան ոճրագործները հայ ժողովրդին փորձում էին բնաջնջել մտավորականությանը գլխատելու, հայության լավագույն սերուցքին ոչնչացնելու միջոցով: Այսօր էլ, մեր երկրի այս թշվառ կացության մեջ, արմատական նշանակություն ունի այն արհամարհական վերաբերմունքը, որ կա մշակութային գործիչների, արվեստի ներկայացուցիչների, մտավորականության նկատմամբ... Թանձր ու սուր գնահատական չեմ ուզում տալ, բայց կան նաեւ մարգինալացված «մտավորականներ», որոնք եւս «հանցավոր» ազդեցություն են ունենում մեր համահավաք ճգնաժամի վրա... Հենց այս լույսի ներքո պետք է դիտել մտավորականության առողջ, ըմբոստ ու սրտացավ հատվածի քաղաքական նկրտումներն ու ջանքերը...



- Այս ընտրություններին 9 քաղաքական ուժ է մասնակցելու, ընտրողն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի:



- 2017 թ. ապրիլի 2-ին, Հայաստանի քառորդդարյա անկախության շրջափուլում, արդեն վեցերորդ անգամ կայանալու են Ազգային ժողովի ընտրություններ: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը որոշակիորեն ծանոթ է, ուսումնասիրել է եւ կարեւոր հետեւություններ արել է՝ կապված նախորդ գումարման խորհրդարանների, պատգամավորների, քաղաքական ուժերի եւ անհատների գործունեության հետ: Բոլորի աշխատանքը մեր աչքի առջեւ է, ակնհայտ են ե՛ւ սխալներն ու ձախողումները, ե՛ւ հաջողություններն ու արդյունավետ գործընթացները:



Այսօր, սակայն, քավության նոխազ փնտրելու, արկածախնդրության գնալու, անձնական վիրավորանքի, հիշաչարության ու այլ պարապաբանությունների ժամանակը չէ: Գալիք ընտրություններին ընդառաջ կոչ եմ անում ընտրություն կատարել խղճի մտոք, լայնախոհ ու շիտակ կեցվածքով՝ տարբերելով պատեհապաշտներին, քինախնդիր շաղակրատներին, կարծրատիպերով եւ կանխակալությամբ առաջնորդվողներին, կեղծ քարոզիչներին իրական գործընկերներից ու բարեկամներից: