Միշտ կանգնել է նախագահի կողքին ու հայտնվել «Ծառուկյան դաշինքում»

Միշտ կանգնել է նախագահի կողքին ու հայտնվել «Ծառուկյան դաշինքում»

Պարզվում է՝ նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը միակը չէ, որ ՀՀԿ-ում տեղ չլինելու պատճառով տեղափոխվել է ԲՀԿ։ «Ծառուկյան դաշինքից» Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում առաջադրվելու հայտ ներկայացրած գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը նույն ճանապարհով է հայտնվել դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահն ասում է, որ իրենց ՀԿ-ն աշխատանքային սերտ կապեր ունի պաշտպանության նախարարության հետ, իսկ թե ինչու է հայտնվել ոչ թե ՀՀԿ-ի ցուցակում, այլ «Ծառուկյան դաշինքում», այսպես է բացատրում․ «Դե հիմա, գիտե՞ք ինչ, մերը ՀԿ է, ու ես, որ միշտ ուզում եմ կապերը ստեղծեմ․․․ բայց եթե միասին ենք, ու քեզ մի բանով են նայում, նայում են ընենց, որ գիտես՝ յանի մեր ցուցակները լցված ա, իսկ ես դիմեցի Ծառուկյանին, սկի չմտածեց, ասեց՝ Ֆիդանյան ջան, ցուցակում չեմ կարող գրել, բայց առաջադրվի ռեյտինգայինով, կարեւորը՝ չվատաբանես, այլ մտնես, որ աշխատանք անես, իսկ ով էլ քեզ վատաբանի, քննադատի, դու ուշադրություն մի դարձրու»։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է զինվորականը քաղաքականությամբ ուզում զբաղվել։ «Մենք միշտ կանգնել ենք նախագահի կողքը սահմանամերձ պաշտպանության համար՝ որպես մեր գլխավոր հրամանատար, իսկ հիմա, որ մենք, մեր կազմակերպությունը ուզում ենք մի բան էլ մենք մտցնենք, որ միշտ նույն մարդը չգնա ու ձեն չհանի, գիտեմ, որ եւ մեզ համար, եւ ժողովրդի համար լավ կլինի, կմտածենք համ վետերանների մասին՝ քիչ չեն, էդքան տղաներ գնացել կռվել են, ոչ մեկը ոչ մի բանի չի արժանացել»։ Նկատեցինք՝ «նախագահի կողքին» կանգնած մարդն ի՞նչ գործ ունի «Ծառուկյան դաշինքում»։ «Նախագահի կողքը կանգնել եմ, ոչ մի ուշադրություն չի դարձրել։ Մի հատ էլ մենք փորձենք, հո միշտ իրանք չե՞ն փորձելու, փորձենք տեսնենք՝ ժողովուրդը մեզ հարգո՞ւմ է, թե՞ ոչ։ Մենք կուսակցական խաղեր չենք տալու, ոչ մի կուսակցության մեջ չենք եղել մինչեւ հիմա, նախագահին էլ որպես գլխավոր հրամանատար ենք հարգել»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ