Սպասում էի, որ Արթուրի անունը կհնչի, բայց այդպես էլ չհնչեց․ Շահեն Հարությունյան

Սպասում էի, որ Արթուրի անունը կհնչի, բայց այդպես էլ չհնչեց․ Շահեն Հարությունյան

«Ռադիոյով լսեցի և սպասում էի, որ Արթուրի անունը կհնչի, բայց այդպես էլ չհնչեց։ Բնականաբար, իմ կարծիքով, իմ տեսանկյունից Արթուրի քայլը համապատասխանում էր մրցանակաբաշխության բովանդակությանը».- նշում է քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը, ով իր ընկերների հետ դեռ մեկ ամիս առաջ պայքարում էր Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի համար, սկզբից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, հետո՝ պատասխանատվության ենթարկելու համար բոլոր նրանց, ովքեր մեղքի բաժինն ունեն նրա մահվան մեջ։



Այսօր հայտնի դարձավ, որ Արթուր Սարգսյանի անունը չի ներառվել «Ավրորա» ամենամյա մրցանակի հավակնորդների ցուցակում։ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, IDeA  հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը բացատրել էր դա նրանով, որ Արթուր Սարգսյանն այժմ կենդանի չէ․ «Եթե ես հնարավորություն ունենայի, ես հաղթանակ կշնորհեի բոլոր 225 թեկնածուներին, բայց դա, դժբախտաբար, անհնար է»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։



«Եթե ես լինեի որոշողը, բնականաբար, Արթուրը կհաղթեր իր համամարդկային քայլի համար, որովհետև դա կապ չունի, թե դա եղել է Հայաստանում, հայի կողմից, թե ում, դա մարդկային քայլ էր, իսկ մարդկային քայլերը պետք է ողջունվեն և գալիք սերունդների համար վառ օրինակ պետք է հանդես գան։ Այնպես որ, իմ կարծիքով արդարացի կլիներ, որ նրա անունը հայտնվեր մրցանակաբաշխության ընթացքում, կամ գոնե եթե չհաղթեր, գոնե հոլովվեր, շրջանառվեր, հերթական անգամ լուսաբանվեր աշխարհին ավելի ու ավելի պարզվեր նրա արարքը, որով հնարավոր կլիներ պատմել թե եվրոպացի, թե աֆրիկացի և այլ ազգի ժողովուրդներին»։



Արթուր Սարգսյանը, ով հաց էր հասցրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ահաբեկի՞չ է, թե՞ ոչ․ այս դիսկուրսի առիթը հաճախ տալիս են իշխանության ներկայացուցիչները, Շահեն Հարությունյանն արձագանքում է․ «Հետևյալ խնդիրը կա, որ տեռորիստ իշխանությունները բնականաբար իրենց դեմ դուրս եկող քաղաքացուն պետք է անվանեն տեռորիստ, հո չէի՞ն ասելու՝ մենք ենք հանցագործը։ Մեզ էլ ասում են խուլիգան, այդ մարդկանց ասում են տեռորիստ։ Մեր խորին համոզմամբ՝ դա իշխանության շնորհիվ է, որ Արթուրի անունը ջնջվել է»։



Արդյոք հնարավո՞ր է, որ Արթուր Սարգսյանի համար մղվող պայքարը վերածնվի, ի վերջո դրված պահանջներն այդպես էլ իրականություն չդարձան․ «Ես չեմ կարող իմանալ մեկ օր հետո ինչ կլինի, ուղղակի նորից կուզեմ բարձրացնել այն իրականությունը, թե ինչի պատճառով մենք դադարեցրեցինք մեր պայքարը՝ ընդդիմադիր ներքին պառակտումների «շնորհիվ», ոչ թե պառակտեցին մեր երիտասարդական շարժումը, այլ այլ ընդդիմադիր ուժերի միջոցով պառակտեցին, և մեր ձեռքից կոպիտ ասած խլեցին շարժումը, որը սկսել էինք ձևավորել և նախատեսում էինք, որ մեծ ընթացք է ստանալու, մեծ թափ է ունենալու։ Մեր երիտասարդական շարժումը կարելի է ասել «ընդդիմադիրների» շնորհիվ քանդեցին, ու մենք՝ անփորձ երիտասարդներս, չկարողացանք վերահսկողության տակ պահել»։