Ինչից ուր հասավ

Ինչից ուր հասավ

Մարդու խելքն ու հմտությունը արտահայտվում են նրանում, որ նախապես կարողանա կանխատեսել իր գործողությունների հետեւանքները: Այնպես, ինչպես փոքր տարիքում երեխան մեկ անգամ մահճակալից ընկնելով՝ ամբողջ կյանքի համար դաս է քաղում, որ մահճակալի եզրին պառկել չի կարելի: Այդպես էլ հասուն մարդիկ անընդհատ փորձառություն են ձեռք բերում, թե որ գործողությունն ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, եւ ինչպես անել, որ այդ հետեւանքները լինեն դրական` քո անձի եւ քո շրջապատի համար: Բայց կան մարդիկ, որոնք այդպես էլ մինչեւ կյանքի վերջը չեն կարողանում կանխատեսել իրենց գործողությունների հետեւանքները` ո՛չ իրենց, ո՛չ շրջապատի համար: Ուզում են, որ լավ լինի, սակայն ստացվում է վատ: Ուզում են օգուտ տալ` վնաս են տալիս: Ուզում են փառքի ու բարձր գնահատականների արժանանալ, արժանանում են դատապարտման եւ պարսավանքի: Ուզում են մնալ պատմության մեջ` որպես հերոս, մնում են որպես հակահերոս:

Պարզ է, որ ինքը` Նիկոլ Փաշինյանը, կուզենար, որ իր շուրջը ձեւավորված 2018 թվականի սիրո ու փառաբանման մթնոլորտը հավերժ շարունակվեր, եւ ինքը ոտքով քայլեր Երեւանում, իր էջում միայն փառաբանող գրառումներ կարդար, իսկ իրեն մի թթու խոսք ասողներին ոչ թե իրենց թիմն ու ֆեյքերը պատասխանեին, այլ իր ֆանատները ծեփեին պատին ու «սատկըցնեին»: Այնպես որ, հաջորդ թթու խոսք ասողը երկար մտածեր ասելուց առաջ:

Վստահ եմ` նա շատ կուզենար, որ 2020թ. պատերազմը չլիներ, եւ իրեն ոչ ոք չկարողանար մեղադրել 4-5 հազար զոհի, կորսված հողերի, ոչնչացված անվտանգության, երկրի ինքնիշխանությունը զրոյացնելու համար: Կուզենար, որ երկրի տնտեսությունն ինքնիրեն ծաղկեր, կյանքը բարելավվեր, արտագաղթը կանգներ: Ուղղակի նա իր գործողությունների հետեւանքները չի կարողանում կանխատեսել: