Ի՞նչ արժե հանգիստն այս տարի 

Ի՞նչ արժե հանգիստն այս տարի 

Ամառային այս ամիսներին, երբ քաղաքացիների մեծ մասը սպասում է բաղձալի արձակոuրդին, ամենաշատ քննարկվող հարցերից է, թե ո՞ւր գնալ հանգստանալու։ Ընտրության հնարավորությունը, անշուշտ, մեծ է, սակայն նախ պետք է հաշվի առնել գրպանի պարունակությունը, ապա նաև առաջարկվող հանգստի տեսակը, պայմաններն ու տևողությունը։ Այս առումով հարևան Վրաստանը այս տարի ևս մնում է տարբերակներից ամենահարմարն ու էժանը, մինչդեռ Հայաստանի հանգստյան գոտիներում գները զգալիորեն մեծ են։

Ըստ kobuleti.am կայքի տվյալների՝ Քոբուլեթիի ծովամերձ հյուրանոցում, օրինակ,  մինչև հուլիսի վերջերը 10-օրյա հանգիստը 1 անձի համար կարժենա  80-100 հազար դրամ, որը ներառում է ուղևորությունը Mercedes Sprinter միկրոավտոբուսով և  սնունդ՝ օրը 2 անգամ «շվեդական սեղանից»։Հյուրանոցի սենյակը ներառում  է  սանհանգույց, սառնարան, կաբելային ալիքներով հեռուստացույց , օդորակիչ, անվճար ինտերնետ՝ Wi-Fi կապով։

Օգոստոս ամսին գինը բարձրանում է մինչև 110 հազարը, իսկ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբեր սկսում նվազել՝ մինչև 55 հազար դրամ։ Տարբերությունը մեծ չէ նաև այլ հյուրանոցների դեպքում։ Օրինակ Քոբուլեթիի նորակառույց «Գոլդեն» հյուրանոցում 7 օր հանգիստի արժեքը 1 անձի համար  հուլիսից մինչ օգոստոս տատանվում է  77-ից 100 հազարի սահմաններում, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը նվազում մինչև 52 հազար։ 

Պատկերն այլ է հայաստանյան հանգստյան վայրերում: Barevarmenia.com կայքի տվյալներով՝ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցի «ստանդարտ» համարում հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ը 1 օրն արժե 72 հազար դրամ, «Դելյուքս» համարում՝ 84 հազար, իսկ «Ռոյալ սուիթ» համարում 300 հազար»։ Ծաղկաձորի մեկ այլ՝ «Ռոսիա» հյուրանոցում հուլիսի 1-ից սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում մեկտեղանոց համարն արժե 35 հազար դրամ, երկտեղանոցը՝ 60 հազար դրամ։ Այսինքն՝ 7-օրյա հանգիստը մեկ անձի համար 245 հազար դրամ։ «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցում երկտեղանող համարի արժեքը կազմում է 40 հազար դրամ, « Ալպինա» հյուրանոցում երկտեղանոց ստանդարտ համարի մեկ օրվա արժեքն է 36 հազար դրամ, գինը ներառում է օրը 3-անգամյա սնունդ, «Կեչառիս» հյուրանոցում՝ 30-34 հազար։

Գները էականորեն չեն տարբերվում նաև Ջերմուկ քաղաքում։ Նույն կայքի տվյալներով՝ «Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցում օգոստոսի 1-ից 31-ը մեկտեղանոց համարն արժե 57 հազար դրամ, երկտեղանոց համարը՝ 65 հազար դրամ։ Ջերմուկի «Օլիմպիա»  առողջարանում հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 31-ը մեկտեղանոց համարն արժե օրական 40 հազար դրամ, երկտեղանոցը 50։