Գյումրու ավագանին Վարդան Սրմաքեշից հետ է վերցրել նվիրաբերած տարածքը 

Գյումրու ավագանին Վարդան Սրմաքեշից հետ է վերցրել նվիրաբերած տարածքը 

Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրու ավագանին երկար բանավեճից հետո որոշում կայացրեց քաղաքի սեփականություն հանդիսացող  ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ժամացույց արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը։ Ի դեպ, շենքը բնակեցված է 11 ընտանիքի կողմից։

Ըստ պայմանավորվածության, «Ֆրանկ Մյուլլեր»-ի՝ մեծահարուստ, ազգությամբ հայ նախագահ Վարդան Սրմաքեշն այդ շենքի համար մեկ միլիոն դոլարի ներդրում էր կատարելու, հիմնելու էր արհեստի կենտրոն՝ համապատասխան արտադրամասերով՝ ոսկերչություն, կաշվի արտադրություն եւ այլն: Հիշեցնենք, որ ավագանու որոշ անդամներ այդ ժամանակ իրենց անվստահությունը հայտնեցին՝ ասելով, որ նույն ընկերությանն է հանձնվել մարզային հիվանդանոցի շենքը, որտեղ «Սաստեքս»կարի գործարանը հիմնելու նպատակով  ընկերությունը շինանյութերի խանութներին հսկայական պարտքեր է կուտակել։ Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ «Սաստեքս»-ի բացումից ընդամենը 6 ամիս անց գործարանը հայտնվել է սկանդալի կիզակետում:

Օրերս Գյումրու ավագանին արտահերթ նիստ է հրավիրել եւ անվավեր ճանաչել մեկ տարի առաջ կայացրած որոշումը: Ավագանին «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունից հետ է վերցրել ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքը: «Հիմա հանգամանքները փոխվել են, եւ նոր ծրագիր կա, որը հավանության է արժանացել ՀՀ նախագահի եւ քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից»,- նշել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Բանն այն է, որ նոր ծրագրի համաձայն, որն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, զարկ է տրվում  բնակարանաշինությանը: Գյումրու քաղաքապետին ուղղվել է միջնորդություն, որ նշված շենքը նույնպես տրամադրվի հիմնադրամին՝ բնակարանաշինական ծրագիր իրականացնելու նպատակով:

Ավագանին արտահերթ նիստին երկրորդ որոշումն է կայացրել՝ շենքն այս անգամ էլ հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: