Այլընտրանք չի երեւում

Այլընտրանք չի երեւում

Հայաստանում դանդաղորեն իրավիճակ է փոխվում: Եթե պատերազմում խայտառակ պարտությունից հետո ակտիվ հակասերժականները (ճանապարհ փակողները կամ աննորմալ ձայներով գործիքներով (անունը մոռացել եմ) եւ ամանեղենով աղմուկ բարձրացնողները) լքեցին Նիկոլին, ապա այսօր դա տեղի է ունենում պասիվ նիկոլականների առումով: Նրանք, ովքեր մեկ մարդու նման անցյալ տարի գնում էին ընտրատեղամասեր ու Նիկոլ ընտրում, այսօր արդեն այլեւս չեն բարձրաձայնում դրա մասին: Իսկ եթե, այնուամենայնիվ, խոսակցություն է բացվում (ինչը բնական է), ապա այլեւս չեն պաշտպանում իրենց ընտրությունը:

Ինչը նշանակում է, որ նրանք այլեւս իրենց թիկունքում չեն զգում գործող իշխանության բարոյական աջակցությունը: Սա նման է «խեղճ հարիֆն ի՞նչ կարող է անել» արտահայտությանը, սակայն՝ անձայն տարբերակով: Չէ, չեմ կարծում, թե դրանք արդեն չեն աջակցում Նիկոլին, սակայն այն գերպասիվ տարբերակն է: Եվ երբ Նիկոլը խոսում է ժողովրդի աջակցության մասին, ապա դա արդեն բլեֆ է, քանի որ աջակցությունը ենթադրում է երկկողմանի ակտիվ գործընթաց, ինչն արդեն առկա չէ: Չգիտեմ՝ ինքը գիտակցում է դա, թե ոչ, սակայն դրանից իրողություն չի փոխվում: Ինքը զրկվել է հասարակության այդ հատվածի ակտիվ աջակցությունից, ինչը վաղ թե ուշ իրեն զգացնել կտա: Ասենք, հակաընդդիմադիր հավաքներ կազմակերպելուց մարդկանց հրապարակ քշելու համար ստիպված կլինեն դիմել համատարած վախ սերմանելուն եւ գումարի կամ այլ տեսքով կաշառք բաժանելուն: Իսկ դա ամենավատ տարբերակն է՝ թող հիշեն Սերժի ժամանակները: 

Ասվածը նշանակում է, որ ընդդիմությունը պետք է ակտիվացնի հականիկոլական շարժումը: Ի վերջո, պետք է ձեւավորվի «ստվերային» կամ զուգահեռ կառավարություն: Յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուն պետք է մշակի ոլորտի բարեփոխումների մեկ-երկու էջանոց ծրագիր՝ ոչ ավելի: Եվ, վերջապես, պետք է հայտարարվի «ստվերային» վարչապետի անձը: Իհարկե, ճիշտ կլիներ, եթե տեղի ունենար այն, ինչ արեց Նիկոլը 2018-ի գարնանը: Այսինքն՝ ընդդիմադիր գործիչների միջից մեկն ու մեկը հայտարարեր շարժումը ղեկավարելու պատրաստակամության մասին: Ու այլեւս տուն չգնար, մինչեւ չհասներ հաջողության: Այսինքն՝ առաջնորդի կարողությամբ օժտված անձն առաջնորդի հայտ ներկայացներ եւ ժողովրդին համախմբեր իր շուրջը: Հանրահավաքներն ու քայլերթերը վտանգ չեն ներկայացնում իշխանության համար, եթե չեն վերածվում այլ գործողությունների: Եվ ժողովրդին տաներ հենց նպատակային գործողությունների: Սակայն հասկանալի է, որ Սերժի ժամանակներն անցել են, եւ դա խնդիրներ է ստեղծելու այդ անձի համար: Բայց այլ տարբերակ ես չեմ տեսնում: Իրավիճակի բարդության եւ ծայրահեղ վտանգավորության, որում հայտնվել է այսօր Հայաստանը, գիտակցումը մեզ այլընտրանք չի թողնում: Նիկոլի շնորհիվ այսօր հասել ենք այն կետին, երբ խաղասեղանին դրվել է պետականության գոյության հարցը: