Հասնել Արցախի վերջնական հայաթափմանը. Արցախի հարցի՝ Նիկոլ Փաշինյանի լուծման միակ տեսլականը

Հասնել Արցախի վերջնական հայաթափմանը. Արցախի հարցի՝ Նիկոլ Փաշինյանի լուծման միակ տեսլականը

Այն տեսակետը, թե Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, այնքան էլ ճիշտ չէ: Քանի դեռ Արցախում ապրում են հայեր, եւ քանի դեռ Ադրբեջանը չի հասել Արցախի նկատմամբ վերջնական վերահսկողության հաստատմանը, Հայաստանի իշխանությունն անգամ տեսականորեն չի կարող ձեռքերը լվանալ Արցախից, Արցախում դեռ անելիք ունի: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախի հարցը վերջնականապես լուծած կլինի միայն այն դեպքում, երբ Արցախը վերջնականապես հայաթափվի: Այս ծրագիրը պետք է իրագործվեր դեռեւս 2020 թվականի պատերազմի արդյունքում, բայց Ռուսաստանը, հետապնդելով սեփական շահը եւ ցանկանալով ռազմական ներկայություն ունենալ այդ տարածքում, խանգարեց ծրագրի իրականացմանը: Հիմա կարծես թե հնարավորություն կա ծրագիրն ավարտին հասցնել` Արցախը հայաթափվում է, ռուսներն էլ կորցնում են Արցախում մնալու լեգիտիմ իրավունքը: Ճիշտ է՝ հայ ժողովուրդը կորցնում է Արցախը, արցախահայությունը՝ իր հայրենիքն ու բնակավայրը, բայց «Հարավային Կովկասը՝ առանց ռուսական ներկայության» ծրագիրն իրականացվում է՝ ի շահ Արեւմուտքի եւ նրա հայաստանյան ներկայացուցիչների:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նախօրդ օրը հայտարարել էր, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երեւան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ի՞նչ իմաստ ունի այդ քննարկումը, եթե Արայիկ Հարությունյանին եւ արցախցիներին հուզող բոլոր հարցերի պատասխանը դրանից մեկ օր առաջ տվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ըստ էության, ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի գործող իշխանության հավաքական տեսակետը: «Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում եւ հետեւանքով Հայաստանի Հանրապետությունն այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները եւ անվտանգությունը՝ այդ թվում»: Ավելին՝ նա ասում է, որ իրենց հաջողվել է տարանջատել Արցախի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը. «Այս երկու գործընթացներն իրարից տարանջատելով՝ նվազագույն հարցը, որ մենք լուծում ենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումն է: Հակառակ պարագայում, եթե մենք մի գործընթացը կապում ենք մյուսով,  հույս ունենալ, որ այս գործընթացը տեղի կունենա առաջանցիկ տեմպերով՝ առնվազն տրամաբանական չի լինի»: Այսպիսով Հայաստանի իշխանությունը հստակ ասում է, որ ինքն այլեւս տարանջատվել է Արցախից, իր համար կարեւորը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է: Հիմա Արցախի նախագահն ու արցախցիներն ուզում են մեջ ընկնել ու խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ինչը Նիկոլ Փաշինյանը չի կարող թույլ տալ:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, ըստ Աղաջանյանի, դրանով թող զբաղվեն ռուսները. «Դուք տեղյակ եք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թերեւս կարեւորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել մեր հայրենակիցները»: Իսկ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելուն ուղղված գործողությունները կանխելուն՝ ասում է. «Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը 21-րդ դարում կարող է հանդուրժել էթնիկ զտման որեւէ դրսեւորում»: Անիմաստ է հիշեցնել, թե միջազգային հանրությունը քանի նման էթնիկ զտում է հանդուրժել հենց 21-րդ դարում, կամ, օրինակ, նույն Հադրութի հայաթափումն ի՞նչ էր, եթե ոչ տիպիկ էթնիկ զտում: Կարեւորն այն է, որ Հայաստանի իշխանությունն արցախցիներին, այդ թվում՝ Արցախի իշխանություններին, ասում է՝ մեզնից հեռու մնացեք. ում ուզում եք, դիմեք՝ Ռուսաստանին, միջազգային հանրությանը, նույնիսկ՝ այլմոլորակայիններին, բայց մեզ մի խանգարեք՝ զբաղվել հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելով: Իսկ եթե Ադրբեջանն էլ բռնի էթնիկ զտման ենթարկի Արցախը, Հայաստանի իշխանությունը կարող է արդարանալ ընդամենը, թե չի պատկերացրել, որ միջազգային հանրությունը դա թույլ կտար: Վատ երեւակայություն ունենալն էլ մեղք չէ:

Իրականությունը, սակայն, այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, առանց Արցախի հարցի որեւէ կարգավորման, անհնար են, որքան էլ դա ցանկանան Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները: Հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվել են բացառապես Արցախի բնակչության անվտանգության եւ իրավունքների հարցում հայ ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման պատճառով: Ադրբեջանն Արցախի ու արցախահայերի հարցը լուծած կլիներ դեռեւս 1988-90 թվականներին, եթե այն ժամանակ իշխանության լինեին Նիկոլ Փաշինյանի կամ էդուարդ Աղաջանյանի տիպի գործիչներ, որոնց մտքով կանցներ հայտարարել, թե Հայաստանը «չունի հնարավորություն եւ ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները եւ անվտանգությունը՝ այդ թվում»: Այն ժամանակ Հայաստանի ռեսուրսներն ու հնարավորություններն ավելի սահմանափակ էին, քան ներկայում, ուղղակի այն ժամանակ իշխանությունում բոլորովին այլ մարդիկ էին: Հասարակությանն էլ բոլորովին այլ ուղերձ էին հղում՝ մոբիլիզացնելով մարդկային եւ նյութական բոլոր ռեսուրսներն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար:

Քանի դեռ կա Արցախում ապրող հայություն, այն ծանր բեռ է լինելու Փաշինյանի իշխանության համար, խանգարելով իրենց՝ զբաղվել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Դրա համար Փաշինյանի համար Արցախի հարցի ամենացանկալի լուծումն Արցախի հայաթափումն է, որքան շուտ, այնքան իր իշխանության համար՝ լավ: Այնպես որ, Արայիկ Հարությունյանը Փաշինյանից միայն մի բան կարող է ակնկալել՝ արցախցիների տեղափոխման համար տրանսպորտի եւ ճանապարհածախսի աջակցություն, ինչպես եղավ Բերձորի եւ Աղավնոյի դեպքում: Ուրիշ բան ակնկալելը միամտություն է:
ՀԳ. Ո՞ւր են անհետացել հայ արեւմտամետ հանրույթի ակտիվ ներկայացուցիչները, ինչո՞ւ չեն խոսում Մակրոնի ու Միշելի քավորությամբ Արցախն Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային հանձնելու մասին Պրահայում ստորագրված հայտարարության մասին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի հակառուսական վայնասուն կլիներ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան դաշինքի կողմից Հայաստանին հասցված մահացու հարվածի մասին, եթե նման հայտարարություն ստորագրված լիներ Մոսկվայում կամ, ասենք, Մինսկում: Հիմա ո՞ւմ դեմ բողոքեն կամ ո՞նց բողոքեն, երբ իրենց տերերը պուլտի կոճակը պաուզայի վրա են դրել:

Ավետիս Բաբաջանյան