«Հրապարակ». Մալիշկայի գյուղապետը բողոքարկելու է դատական ակտը

«Հրապարակ». Մալիշկայի գյուղապետը բողոքարկելու է դատական ակտը

Վայոց Ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանը 5 տարի տեւած քննությունից հետո դատապարտվել է 4 տարվա ազատազրկման եւ 3 տարի ժամկետով զրկվել ՏԻՄ-երում պաշտոնավարելու իրավունքից։ Մովսիսյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը պատրաստվում է բողոքարկել դատական ակտը: «Մենք դեռ չենք ստացել դատավճիռը: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Բայց ստանալուն պես անպայման բողոքարկելու ենք»,- ասաց նա «Հրապարակին»: Մովսիսյանը ղեկավարել է համայնքը 16 տարի։ Գործն էլ գյուղապետի պես հին է։ Կարծես մեր թվարկությունից առաջ լիներ նրա շուրջ աղմուկը` հեռավոր 2018-ին, երբ Հայաստանն էլ էր ուրիշ, մենք էլ։

Այն ժամանակ գյուղն ալեկոծվում էր: Մարդիկ «Մհեր, հեռացիր» պաստառներով գնում էին գյուղապետարանի մոտ, բայց Մհերը հրաժարական չէր տալիս, իսկ նրա կողմնակիցները «զոմբիների» աչքն էին մտցնում այն, որ գյուղում ջուր ու գազ, 2 դպրոց, 2 մանկապարտեզ կա, ու ամեն ինչ լավ է։ Բայց հեղափոխական վրեժը հաղթեց: Նախաքննությունը, որը սկսվել էր 2018-ի հուլիսին, տեւեց 5 տարի: Արդյունքը չի համապատասխանում այն ժամանակվա աղմուկին։ Մհեր Մովսիսյանը նստելու է ընդամենը 4 տարի, եթե, իհարկե, վաղաժամկետ դուրս չգա։ Նա ՀՀԿ-ի թեկնածու՝ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի շտաբի պետն էր, որը, ըստ դատավճռի, 230 հազար դրամ է բաժանել ընտրողներին, յուրաքաչյուրին՝ 10 հազարական դրամ։ Նկատենք, որ 5 տարի առաջ, երբ գործը նոր էր հարուցվել, ՀՔԾ-ն հայտնում էր 13 մլն դրամ ընտրակաշառքի մասին: 

Դատավճռով հաստատել են, որ 2017թ․ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք է տվել համայնքապետը, որդուն սպորտդպրոցի տնօրեն է նշանակել, կնոջը որպես բուժքույր է տեղավորել, նա աշխատանքի չի հաճախել, բայց 1 տարում 2 մլն-ից ավելի աշխատավարձ է ստացել, սոցիալական օգնության գումարներն է հաշվապահի հետ յուրացրել։ 

Գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Մովսիսյանի կնոջը, որդուն, գյուղապետարանի հաշվապահին։ Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ի թեկնածու՝ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին, որը տրամադրել էր Մովսիսյանին ընտրակաշառքի գումարները, եւ որի շտաբի պետն էր Մովսիսյանը, ՀՔԾ-ն մեղադրանք չառաջադրեց: Արսենյանն արագ նետվել էր նոր իշխանության գիրկը, իսկ կուժն ու կուլան ջարդել էին Մհեր Մովսիսյանի գլխին: 
Ինչո՞ւ միայն Մհեր Մովսիսյանը` կհարցնեք դուք, Երեւանի բոլոր բակերում գումար էր «ֆռռում»` 5-10 հազար դրամ։ Շատ փող բաժանողներ մինչ օրս ոչ միայն չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, այլեւ նոր իշխանության սրտի օլիգարխներն ու «տասովշչիկներն» են դարձել։

Մալիշկայում պատմում են, որ նա 800 ձայն էր ապահովել պատգամավորացուի համար, բայց ավելի մեծ գումար էր վերցրել, եւ տարբերությունը՝ մոտ 5 մլն դրամ, հետ էր տվել Արսենյանին։ Այնպես որ, մյուսների համեմատ Մհեր Մովսիսյանն ազնվության տիպար է, բայց նստելու է, որովհետեւ ՔՊ-ի թրի տակով չի անցել։ Որդին ու կինը 2019 թվականի Անկախության տոնի համաներմամբ ազատվեցին պատժից՝ մուծելով տուգանքները, իսկ հաշվապահի գործը կարճվեց վաղեմության հիմքով։