Հայաստանի իշխանությունը երեկվա միջադեպն օգտագործեց ռուս խաղաղապահներին թիրախավորելու համար

Հայաստանի իշխանությունը երեկվա միջադեպն օգտագործեց ռուս խաղաղապահներին թիրախավորելու համար

Երեկ Հայաստանից Արցախ մեկնած խորհրդարանական ընդդիմությանը Աղավնոյի սահմանակետում թույլ չէին տվել մտնել Արցախ։ Այս մասին բարձրաձայնեցին նաեւ իրենք՝ պատգամավորները, «Հայաստան» դաշինքի պատգամավորները հայտարարություն տարածեցին։ Դրան անմիջապես հետևեց Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ մեղադրում էին ռուս խաղաղապահներին խորհրդարանական ընդդիմությանը Արցախ չթողնելու համար։

Թեմայի շուրջ զրուցել ենք նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

- Տիկին Զոհրաբյան, ըստ Ձեզ՝ ինչու՞ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել Արցախ։ Դուք և ընդդիմադիր պատգամավորները մեղադրեցիք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ համատեղ գործարքի համար, մինչդեռ ԱԳՆ-ն, ըստ էության հերքեց՝ իր հերթին դատապարտելով ռուս խաղաղապահների քայլը։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

- Այո, որևէ մեկը իրավական եռակողմ համաձայնությամբ իրավունք չուներ արգելելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ լինեն պատգամավոր, թե ոչ պատգամավոր՝ մուտքը Արցախի Հանրապետություն։ Երեկ ԱԳՆ-ն փորձեց պարզապես օգտագործելով միջադեպը հերթական հարվածը թիկունքից հասցնել ռուսական խաղաղապահ ուժերին, ինչը ուղղակիորեն չի բխում Արցախի շահերից, և վնասում է Արցախում ապրող ժողովրդի անվտանգությանը։ Ես հիմա շատ փակագծեր չեմ բացելու, բայց ես փորձեցի իմ ռուս գործընկերներից հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Իրենց մտահոգությունն այն էր, որ Հայաստանի պատգամավորները նման աղմուկով, այդ մասին նախապես հայտարարելով  և մեծ քանակով շարժվելով Արցախ, կարող էր ադրբեջանական կողմից հանգեցնել սադրանքների, որի ողջ պատասխանատվությունը կրելու է ռուսական կողմը, որովհետև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում այլևս ասել՝ «այդ ռեգիոնը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ» և, ուստի իրենք անվտանգային նկատառումներից ելնելով այս պահին թույլ չեն տվել պատգամավորներին մտնել Արցախ։ Սա շատ հմտորեն օգտագործեց Հայաստանի իշխանությունը, որը տևական ժամանակ հետևողականորեն իր «մունաթն» է հայտնում պարբերաբար ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված, և դրան ստիպված անդրադարձավ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը՝ ասելով, որ գործընկերային չէ և ռուս խաղաղապահներն իրենց գործունեությունը առավելագույնս կատարում են, և եթե կան թերություններ՝ իրենք կփորձեն հասկանալ։ Ընդամենը հերթական անգամ ստացվեց, որ իշխանությունը կարողացավ իրեն բնորոշ մանիպուլյատիվ էֆեկտով, մանիպուլյատիվ գործիքով, ինչին իրենք տիրապետում են կատարելապես, երեկվա միջադեպը օգտագործել ռուս խաղաղապահներին թիրախավորելու համար։ Ես նորից եմ կրկնում՝ որ պահին ռուս խաղաղապահը ոտքը կքաշի Արցախից, իմացեք, ժամերի ընթացքում Արցախում տեղի են ունենալու էթնիկ զտումներ։ Եվ եթե կան մարդիկ, որ դա չեն հասկանում և փորձում են ռուս խաղաղապահներին դարձնել թիրախ, ուրեմն այդ մարդիկ գործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ընդդեմ Արցախի։ Սա է եղել իրականությունը։

- Արցախի կողմից որևէ միջամտություն եղե՞լ է, այս մասին որևէ տեղեկություն ունե՞ք։

- Ես երեկ խոսել եմ Արցախի խորհրդարանի իմ գործընկեր-պատգամավորների հետ։ Նրանք ինձ տեղեկացրեցին, որ շտապում են Աղավնոյի սահմանակետ, որտեղ կանգնած են ընդդիմադիր մեր գործընկերները, որովհետև չէին թողնում Աղավնոյի անցակետից անցնեին։ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու իրենց ղեկավարները եղել են ընդդիմադիր մեր գործընկերների հետ, քննարկում-խոսակցությունը կայացել է։ Եվ, ի դեպ, ես այսօր, երբ լսում էի Նիկոլ Փաշինյանի ելույթը, և նա շատ հստակ թիրախավորեց Արցախի իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ ասելով, որ նրանք աշխատում են Հայաստանի դեմ և նրանց գործունեությունը ընդդեմ Հայաստանի, և ընդդեմ Արցախի է։ Կոնկրետ՝ ինչ դերակատարություն է ունեցել Արայիկ Հարությունյանը՝ ես չեմ կարող ասել, հանդիպել է, թե այսօր կհանդիպի ընդդիմադիր պատգամավորներին, որովհետև իմ տեղեկություններով իրենք այս պահին Սյունիքում են։

- Ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը զուսպ արտահայտվեին, աղմուկ չբարձրանար, նման միջադեպ տեղի չէ՞ր ունենա։

- Չեմ հավակնում լինել այսպես բացարձակ վերջին ճշմարիտ ատյանը։ Բայց իմ զրուցակից բարձրաստիճան գործընկերները պնդում են, որ իրենց անհանգստացրել է նախապես հայտարարված աղմուկը, որը կարող էր նրանց դարձնել թիրախ և ադրբեջանական կողմը օգտվելով դրանից կգնար սադրանքների, որի ողջ պատասխանատվությունն ընկնելու էր ռուս խաղաղապահների վրա։