Պետք է թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական հարցերը 3-րդ երկրների փողոցներում սկսեն լուծվել․ Արեն Ապիկյան

Պետք է թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական հարցերը 3-րդ երկրների փողոցներում սկսեն լուծվել․ Արեն Ապիկյան

Երեկ Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև։ Ադրբեջանցիները նույնիսկ սկսել են ջարդուփշուր անել հայկական համարանիշենորվ մեքենաները։ Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը, որը 16 տարի բնակվել է Մոսկվայում, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իրականում Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքները բավականին համերաշխ են ապրել ու, իր կարծիքով, հիմա էլ․

«Ես երկար տարիներ բնակվել եմ Մոսկվայում, ադրբեջանցիների հետ  երբեք ազգային հողի վրա ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ես սովորել եմ համալսարանում, իմ կուրսում եղել են ադրբեջանցիներ, համալսարանում են եղել, մեր հարևանությամբ են ապրել ադրբեջանցիներ, շուկայում ենք առևտուր արել  ադրբեջանցիների հետ։ Այսինքն՝ ազգային հողի վրա նման լուրջ բախումների նախկինում ես ականատես չեմ եղել։ հնարավոր է, որ առանձին դեպքեր եղել են, երբ հայերն ու ադրբեջանցիները իրար ծեծել են, բայց դա չի կրել մասսայական բնույթ։ Գուցե, օրինակ, գիշերային ակումբում իրար կպնեին, ծեծեին աղջկա համար, կամ ինչ-որ այլ թեմայով, ինչը կարող էր լինել ցանկացած այլ ազգերի դեպքում, բայց ատելության հողի վրա, կամ Արցախի շուրջ վեճերի հիման վրա․․․։ Չեմ կարող ասել, որ Ռուսաստանում շատ ջերմ են հարաբերությունները  հայերի և ադրբեջանցիների միջև, բայց, համենայն դեպս, ատելության քարոզ կամ ատելության որևէ գործողություն ես չեմ հիշում  այն տարիներին, երբ ես եմ ապրել։ Դրա մեջ նաև մեծ դեր էր խաղում ռուսական իշխանությունը, որը բավականին խիստ էր վերաբերվում նմանատիպ բոլոր փորձերին՝ Ռուսաստանում ազգամիջյան հարաբերությունների հողի վրա ինչ-որ կոնֆլիկտներին։ Ես հիշում եմ, որ չեչենները 90-ական թվականներին փորձում էին հազարներով հավաքվել իրենց կրոնական կամ այլ միջոցառումների ժամանակ, ռուսները դա շատ խիստ ձևով կանխում էին, թույլ չէին տալիս, որ  ազգային շովինիզմը գլուխ բարձրացնի։ Այն, ինչ հիմա է կատարվում․․․ դրա պատճառները, իհարկե, սահմանի վրա սրացումներն են, և դրա հետևանքով հատկապես ադրբեջանցիների կողմից մեր հանդեպ ատելություն բարձրացավ։ 2016 թվականին սահմանվի վրա ավելի ծանր բախումներ էին, բայց ես չեմ հիշում, որ նման բաներ տեղի ունենային, այս անգամ երևի մենք ենք իրենց շատ խոցել և իրենց մոտ մանթրաշ կա, այնտեղ տաքացրել են այդ կրքերը։ Բայց դա միշտ ունենում է հակառակ ռեակցիա, այսինքն՝ եթե մենք նման բան թույլ տանք մեր կողմից, ապա մենք պետք է պատրաստ լինենք, որ նրանք պատասխան են տալու ։ Սա ամեն դեպքում անթույլատրելի է, և մեր հայրենակիցները պետք է կարողանան կանխել մեր կողմից նմանատիպ գործողությունները  աշխարհի յուրաքանչյուր կետում, որովհետև դա վնաս է տալիս  մեր երկրի հեղինակությանը և այդ համայնքների հեղինակությանը այն երկրներում, որտեղ նրանք ապրում են։ Լինի Ռուսաստանը, թե՛ Ամերիկան, թե՛ Եվրոպան, ոչ մեկը չի ուզում, որ իրենց երկրում 2 ուրիշ ազգություն ներկայացնող  մարդիկ  հաշիվներ պարզեն իրենց փողոցներում ։ Դա նման է նրան, որ 2 հոգի քո տանը իրար հետ կռվեն ու կահույքը կոտրեն, ուստի մենք պետք է կանխենք այդ ամենը ։ Պետական մակարդակով պետք է լինի որոշակի կոչ իշխանությունների կողմից մեր հայրենակիցներին, և այնտեղի համայնքների ղեկավարների մակարդակով՝ թե՛ հայական և թե ադրբեջանական։ Պետք է դա կանխել և թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական հարցերը 3-րդ երկրների փողոցներում սկսեն լուծվել ։ Դա բացի վնասից, մեզ որևէ օգուտ չի բերի»,- ասաց Ապիկյանը։

Մոսկավայում հայ-ադրբեջանական առաջին լոկալ կոնֆիկտը սկսվեց այն բանից, երբ տեղի  ադրբեջանցիները արգելեցին հայկական ծիրանի վաճառքը, Ապիկյանի խոսքով՝ դա տնտեսական սադրանք էր․

«Իրենք, կարելի է ասել, սադրեցին այդ կոնֆիկտը, սադրեցին տնտեսական մասով, այսինքն՝ արգելեցին հայկական ապրանքների վաճառքը և դրանով որոշակի լարվածություն մտցրին հարաբերությունների մեջ այնտեղ, որովհետև, կրկնում եմ, հայերն ու ադրբեջանցիները Ռուսաստանի տարածքում միմյանց հետ շատ հաջող բիզնես են անում և արել են նախկինում, և նմանատիպ բան նախկինում չի եղել, որ ադրբեջանցին հայկական բաներ չգնի և այլն։ Գուցե կային առանձին մարդիկ, որոնք դա չէին անում, բայց ընդհանուր առմամաբ, քանի որ բոլոր շուկաները Ռուսաստանում 90 տոկոսով պատկանում են ադրբեջանցիներին, մեր գյուղատնտեսական ապրանքը վաճառվում է այդ շուկաներում, այսինքն՝ մենք ստիպված ենք մեր ապրանքը վաճառել այն շուկաներում, որոնք պատկանում են ադրբեջանցիներին։ Հայկան բիզնեսը ավելի շատ խանութների մակարդակով է, բայց շուկաները ադրբեջանցիների բիզնեսն է, դա բոլորը գիտեն։ Ասեմ ավելին՝ Եվրոպայում էլ թուրքերի բիզնեսն են շուկաները, այսինքն՝ թուրքերն ու ադրբեջանցիները, լինելով բավականին լավ վաճառականներ, իրենք այդ բիզնեսը 90-ականներից վերցրին իրենց ձեռքը։ Հիմա Մոսկավայում չկա մի շուկա, որը չի պատկանում ադրբեջանցիներին կամ ադրբեջանցիները չեն աշախտեցնում այդ շուկան։ Այս դեպքում կոնկրետ 2 շուկայի սեփականատերերը իրենց կողմից արգելեցին հայկական ապրանքի վաճառքը իրենց շուկաներում, ինչով սադրեցին և լարեցին այդ հարաբերությունները սովորական առևտրականների մեջ։ Այդ ամենում, իհարկե, կա քաղաքական կոնտեքստ և դա կարող էր հրահրված լինել Ադրբեջանից, որովհետև քաջ հայտնի է, որ Ռուսաստանում հարուստ ադրբեջանցիները ունեն լուրջ կապեր Ադրբեջանի իշխանությունների հետ։ Սա, իհարկե, հարվածում է Հայաստանի տնտեսական շահերին ռուսաստանում։ Ես այսօր կարդացի, որ Ռուսաստանի իշխանությունները բավականին կոշտ միջոցառումներ են ձեռնարկել  և ձերբակալել են բավականին շատ ադրբեջանցիների  և նաև հայերի, որոնք փոխադարձ գործողություններ էին իրականացրել։ Ես հույս ունեմ, որ Ռուսաստանի իշխանություները սա կկանգնեցնեն»։

Ապիկյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ այդ «կանգնեցնելու» ճանապարհին տուժեն ՀՀ այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանում արտագնա աշխատանք են կատարում, հնարավո՞ր է, որ նրանց արտաքսեն․

« Ես չեմ կարծում, որ դրան կհասնի, հուսով եմ, որ դրան չի հասնի, որովհետև եթե մարդը կատարել է հանցագործություն Ռուսաստանի տարածքում, ապա իրեն Ռուսաստանի օրենքներով պատժում են Ռուսաստանում, իրեն չեն արտաքսում։ Արտաքսում են, եթե խախտել է Ռուսաստանում գտնվելու ժամկետները, վիզա չունի և այլն, բայց հայ-ռուսական  հարաբերությունների լարումը, եթե դա տեղի ունենա,  կարող է հանգեցնել ոչ թե արտաքսելուն , այլ որոշ խոչնդոտների՝ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիների համար, ինչը մենք տեսել ենք, օրինակ, 2008 թվականին Վրաստանի օրինակով ։ Այսինքն՝ Ռուսները կարող են սանկցիաներ կիրառել մեր աշխատուժի նկատմամաբ, օրինակ՝ աշխատանքի չվերցնեն հայերին կամ մեծ պետական պատվերներ չտան հայկական բիզնեսներին՝ շինարարական և այլն։ Դա կարող է տեղի ունենալ, եթե մեր հարաբերությունները վատանան» ,- պատասխանեց Ապիկյանը։