Հանելուկ

Հանելուկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ (19/12/2019) անդրադառնալով «MediaLab.am»-ում Մհեր Արշակյանի «Մարիամ Փաշինյան. Լյուդովիկոս 14-րդը» հոդվածին, գրել էր․
«Մհեր ջան, հարազատ, սխալ ես ընկալում իրականությունը...

Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում ես, չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։

Փաստորեն ընտանեկան մեծ վեճ է՝ Աշոտն ասում է, որ երբ բանակից գա՝ երթուղայինով կշրջի, մայրն էլ հետաձգում է խոսակցությունը՝ կգաս, կխոսենք։ Ի լրումն այս ամենի, Արշակ Զաքարյանն այսօր ( Արշակ Զաքարյանն Արցախի Ari Resort ռեստորանի սեփականատերն է, «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակն ու ռեժիսորը։ Ռեստորանը գտնվում է Երևան-Ստեփանակերտ ճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում որտեղ փետրվարի երկուսին եղել են Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը, որտեղ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել և վարչապետը մեծ աղմուկ է բարձրացրել) հանրայնացնում է, որ վարչապետ Փաշինյանի որդին զինվորական ծառայության ընթացքում  շրջում է թիկնապահներով։ Մանրամասնությունները չնշեմ։ Ասում է նաև, որ  ծառայողական մեքենա ունի նաև Աշոտ Փաշինյանը՝ Toyota Land Cruiser Prado  2013 թվականի արտադրության։ Մեքենայի շուկայական արժեքը մոտ 35 հազար դոլար է։

Եթե զինվորական ծառայության ժամանակ վարչապետի  տղան թիկնապահներով և ծառայողական մեքենայով է շրջում, ինչպե՞ս հասկանալ, որ  Աշոտն ամեն հանդիպման ժամանակ մորը խնդրում է՝  Մամ, հիշում ես, չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու։  Մայրը  հետաձգում է խոսակցությունը, որպեսզի ընտանեկան մեծ վեճ չլինի։

Մի խոսքով ամեն անգամ հանրությանը հանելուկ է առաջադրվում ու հանրությունը պիտի որոշի՝ ո՞վ է ճիշտ։  Կառավարությունից արձագանքել են, որ տեղեկատվությունը, թե վարչապետ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով, նրա անվտանգությունը ապահովում է ՊՊԾ-ն, և Աշոտ Փաշինյանն ունի ծառայողական մեքենա», իրականության հետ որևէ աղերս չունի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, շարքային զինծառայող է և ծառայում է հայկական բանակում այն նույն պայմաններում, ինչպես և մյուս ժամկետային զինծառայողները»։ Եթե կառավարությունը ճիշտ է, պետք է պատասխանի հարցին, թե ովքե՞ր են տեսանյութում ներկայացված այն թիկնապահները, որոնք սպասարկում են Աշոտին, առանց ֆինանսավորվելու՞ են աշխատում ու նման շատ հարցերի պատասխաններ, որոնց պատասխանը չկա։ Բավ է մարդկանց հետ աշխատել միայն հայտարարություններով, պատասխան է պետք՝ հիմնավորված, ստույգ։