Իրավիճակից ազատվելու միակ միջոցը

Իրավիճակից ազատվելու միակ միջոցը

Մեծ եղբորս շնորհիվ պատանի տարիքում առնչվել եմ ցեղասպանության վերաբերյալ գրականությանը: Դա անսովոր երեւույթ էր Թիֆլիսում՝ նույնիսկ հայերը երբեք չէին խոսում դրա մասին: Երեւի իմ հասակակիցներից շատերը չիմանային էլ դրա մասին, քանի որ դպրոցում հայ ժողովրդի պատմություն չէինք անցնում: Ինչեւէ, որպես հայ, խեղճանում էի սպանդի դրվագներին ծանոթանալիս: Խոսքը ոչ միայն մի քանի թուրք զինվորի կողմից մի քանի տասնյակ կամ հարյուր անձանցից բաղկացած խմբին անապատ քշելու մասին է: Խոսքը նաեւ հայկական որեւէ բնակավայրի բնակիչներին տեղահան անելիս նաեւ կողքի մեկ այլ բնակավայրի բնակիչների անտարբերության եւ վախի մասին է, նրանց լռելյայն վարքագծի մասին: Այն մտայնության, թե գուցե մեզ դա չի առնչվի: Ու չէի հասկանում ո՛չ առաջին եւ ո՛չ էլ երկրորդ դեպքում 100 տարի առաջվա մեր հայրենակիցների պահվածքը: Բայց պետք է անցնեին տարիներ, ու հասուն տարիքում դա զգայի իմ մաշկի վրա: 

2018-ի մայիսին փողոցի ուժով պետք է իշխանության բերեինք մեկին, որի վարչապետության օրոք եւ «շնորհիվ» գիտակցեինք (արդեն ոչ միայն ես) նախկինում անհասկանալի թվացող բազմաթիվ երեւույթների պատճառները: Գիտակցեինք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի առաջին շաբաթների համընդհանուր ոգեւորությունից հետո կարող է տեղի ունենալ հուսահատության այնպիսի բռնկում, որ մարդու ուղեղը հրաժարվում է ուղղակի ընկալել: Պետք է տեսնեինք պատերազմի պարտության պատասխանատուի եւ թիվ մեկ մեղավորի վերընտրությունը վարչապետի պաշտոնում: Պետք է տեսնեինք նույնիսկ Հայաստանի տարածքների կորստի առումով մարդկանց անտարբերությունն ու մնայինք զարմացած: Ու, բնականաբար, այդքանից հետո գոնե անձամբ ես այլեւս դժվար թե զարմանամ 100 տարի առաջվա ցեղասպանության դժնդակ օրերին մեր հայրենակիցների վարքագծից: 

Միաժամանակ, կրկին մեծ եղբորս շնորհիվ, ծանոթացել եմ հայոց հերոսամարտերի վերաբերյալ գրականությանը: Եվ որպես հայ՝ հպարտացել եմ թե՛ Սարդարապատով եւ թե՛ դրանից առաջ Վանի ինքնապաշտպանությամբ: Հիշեցնեմ․ 1915 թ. սպանդի օրերին Վանի Այգեստան թաղամասում բնակվում էր 20 հազար հայ, որին գումարվեց շրջակա գյուղերից հավաքված ավելի քան 55 հազարը (կին, ծերունի եւ երեխա): Ապրիլին թաղամասի վրա հարձակված 12 հազարանոց թուրքական բանակի (12 նորագույն եւ մի քանի տասնյակ հին թնդանոթով զինված) դեմ կանգնած էր զենք բռնելու ընդունակ ընդամենը 1500 մարդ: Զինանոցում առկա էին ընդամենը 505 հրացան, 549 ատրճանակ, ձուլվել էր նաեւ 2 թնդանոթ: Բայց վանեցիները կարողացան պաշտպանվել մեկ ամիս՝ մինչեւ նրանց օգնության հասան ռուսական բանակն ու հայ կամավորականները: Իսկ թուրքերը, բնականաբար, նահանջեցին: Հայկական կողմի կորուստը կազմեց 350 մարդ (խաղաղ բնակիչ եւ մարտիկ), թուրքերինը՝ շուրջ 1000 զինվոր (կռվին մասնակցած մահմեդական ամբոխի կորուստը չի հաշվառվել):

Վանի ինքնապաշտպանության նպատակով միավորվել էին հայ քաղաքական կուսակցությունների (դաշնակցական, հնչակյան, ռամկավարական) ներկայացուցիչները։ Դաշնակցական Արամ Մանուկյանի կողմից կազմակերպված Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմնի (այդպես էր կոչվում թաղամասի ինքնապաշտպանության մարմինը) անդամներն էին Արմենակ Եկարյանը, Բուլղարացի Գրիգորը, Կայծակ Առաքելը, Գաբրիել Սեմերջյանը, Հրանտ Գալիկյանը եւ Փանոս Թերլեմեզյանը։ Առաջին երեքը Զինվորական մարմնի անդամներ էին, որը ստեղծվել էր Արամ Մանուկյանի հորդորով եւ հրամանով: Ռազմականից բացի, մյուս հարցերի կանոնակարգման նպատակով ստեղծվել էին այլ կառույցներ եւս:

Այնպես որ, որպեսզի մեր զավակներն ու թոռները դաստիարակվեն ոչ թե սպանդի, այլ հերոսամարտերի պատմությամբ, պետք է վերակենդանացնել արցախյան առաջին պատերազմի հաղթական արդյունքը: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է կտրենք Փաշինյան Նիկոլի պատասխանատվությամբ եւ նրա մեղքով մեզ բաժին հասած պարտությունների շղթան: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին գորդյան հանգույցը կտրեց Ալեքսանդր Մակեդոնացին: Եվ այս վիճակից ազատվելու միայն մեկ միջոց կա՝ դա Փաշինյան Նիկոլի հեռացումն է վարչապետի պաշտոնից: Ինչը կարող է կյանքի կոչվել միայն ինքնազոհ անհատի հայտնությամբ: Այն անձի, ով կգլխավորի ժամանակ առ ժամանակ ծագող քաղաքական կամ հատկապես ոչ քաղաքական ընդդիմադիր շարժումները՝ դարձնելով դրանք քաղաքական: