«Տարվա հանճարեղ միտք» տիտղոսին արժանացել են

«Տարվա հանճարեղ միտք» տիտղոսին արժանացել են

Մինչ դուք բլինչիկի և տոլմայի պաշարներն եք կրճատում, «Հրապարակի» կազմը աշխատում է և փորձում է տոնական տրամադրություն ստեղծել: Ինչ Նոր տարի, եթե չկա տարվա ամփոփում, քանի որ 21 թվականին դրական ձեռքբերումները այնքան քիչ ու աննշան են եղել, որ դրանք թվարկելը անգամ ամոթ կլինի, որոշեցինք տարվա հակահերոսներին հիշատակել:

Եվ այսպես,  «Տարվա հանճարեղ միտք» պատվավոր տիտղոսին արժանանում են կառավարության 2 անդամ, ցավոք սրտի, մենք չկարողացանք նրանցից մեկին նախապատվություն տալ, այնպես որ ներկայացնում ենք երկու հաղթողին միանգամից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու իր հրամանի և Սահմանադրական դատարանի որոշման մասին` ««Իր հաշվին» արտահայտությունը դուրս կգա, որովհետեւ չենք կարող սահմանափակել, որ քաղաքացին հենց իր հաշվին թեստավորվի, եւ ոչ թե, օրինակ, բարեկամի, բարերարի կամ որեւէ այլ անձի հաշվին, ով ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար»:

Հանճարեղ ելք գտած տիկինը միանշանակ արժանի է մեր հիթ շքերթում տեղ գտնել, իսկ թե ինչու մինչև ՍԴ որոշումը քաղաքացիների բարեկամները չէին վճարում, նախարարը չի բացատրել: Այս հորիզոնականը հնարամիտ տիկնոջ հետ կիսում է կառավարության մեկ այլ անդամ` Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա անդրադառնալով երկնիշ տնտեսական աճի մասին իր կանխատեսումներին ասել է. «Ես ինքս էլ կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու, որ անպայման կհաղթահարենք ձախորդ օրերը։ Եվ այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել ու այդպես էլ եղավ»: Ինչպես է անհիմն, կեղծ և շոկային օպտիմիզմը արդյունավետ եղել, ցավոք, նախարարը չի մանրամասնել: Բայց դե չկա չարիք առանց բարիք, օրինակ ես որոշել եմ ցանկացած սուտ բռնվելու դեպքում ասել՝ «շոկային օպտիմիզմ» եմ հաղորդել, ով ասաց, որ սուտ եմ ասել: