Միգել Էռնանդես․ բանաստեղծություններ

Միգել Էռնանդես․ բանաստեղծություններ

***

Երեք վերքով եկավ`
սիրո,
մահվան,
կյանքի։

Երեք վերքով է գալիս`
Կյանքի,
Սիրո,
Մահվան։

Երեք վերքով եմ ես`
կյանքի,
մահվան,
սիրո։

 

***
Տխուր պատերազմներ,
Թե սերը չի ուղղորդողը,
Տխո՜ւր, տխո՜ւր;

Տխուր զենքեր,
Թե բառերը չեն դրանք:
Տխո՜ւր, տխո՜ւր:

Տխուր մարդիկ,
Թե սիրուց չեն մեռնում,
Տխո՜ւր, տխո՜ւր:


Կոչ երիտասարդությանը

Արյուն, որ չի վարարում,
երիտասարդություն, որ չի խիզախում,
ո´չ արյուն է, ո´չ էլ երիտասարդություն,
ո՛չ լուսարձակում են, ո՛չ ծաղկում են:
Մարմիններ, որ պարտված են ծնվում,
մեռնում են՝ պարտված ու մոխրագույն.
նրանք գալիս են մեկդարյա տարիքով,
եւ ծեր են, երբ գալիս են:


***

Մենության կոճղեր,
տխրության կիրճեր,
Ուր փլվում եմ՝ լալու:


***
Մարմիններ, արեւներ, լուսաբաց,
բանտեր ու գերեզմանատներ,
որտեղ միշտ կա մի «կտոր»
ստվեր՝ իմ մարմնի համար:

***
Դու՝ սպիտակ, ես՝ սեւ
հագնված գրկախառնվում ենք:

Հագնված, թեպետ՝ մերկ,
Դու՝ սեւ(ով), ես՝ սպիտակ(ով):

***
Ինչի՞ց էր տանջվում
այն կինը:
Վատթարագույնից.
բացակայության ցավից:

Եվ տղամարդն այն:

Ինչի՞ց մահացավ
այն կինը:
Վատթարագույնից.
բացակայության ցավից:

Եվ տղամարդն այն:


Իսպաներենից թարգմանեց Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ