Վտանգի տակ ես դնում մի ամբողջ ժողովրդի` խաբելով, թե «խաղաղություն» ես բերում

Վտանգի տակ ես դնում մի ամբողջ ժողովրդի` խաբելով, թե «խաղաղություն» ես բերում

Hraparak.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

- Ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ ձևաչափով երեկ տեղի ունեցած հերթական հանդիպումը: 

- Երեկվա հանդիպումը ՀՀ՝ որպես պետության հերթական հետքայլերի մասին է, իսկ դրանց հետևանքները կարող են լինել անդառնալի: Բայց մինչ բուն բովանդակային մասին անդրադառնալը, նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում իր վտանգավոր քաղաքականությունը կոծկելու համար հետաքրքիր ձև է գտել, շարունակ արվում են հայտարարություններ, որտեղ կան արձանագրումներ կոնկրետ պայմանավորվածությունների մասին, բայց իր կողմից հրապարակվող տեքստերում դրանք բացակայում են: Նոյեմբերի 9-ից հետո մենք շարունակ այդ քաղաքականության ականատեսն ենք լինում: Եթե Գորիս-Կապան ավտաճանապարհը հանձնվեց ադրբեջանական կողմին բանավոր պայմանավորվածության հիման վրա, ապա այժմ՝ նույն բանավոր կերպով արդեն Բրյուսելում են ձեռք բերում պետության համար կարևորագույն որոշումներ: Անդրադառնամ դրանց մաս առ մաս: Այսպես, Շառլ Միշելի հայտարարության՝ առաջին հատվածում խոսվում է սահմանազատման հանձնաժողովի առաջիկա նիստի մասին: Սա նշանակում է, որ ՀՀ-ն որպես պետություն վերջնականապես հրաժարվեց իր նախկին դիրքորոշումից առ այն, որ ինչպես բազմիցս նշվում էր՝ սահմանազատման հարցը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրսբերումից հետո: Հիշեցնեմ, որ նույն Նիկոլ Փաշինյանը անցած տարվա օգոստոսի 3-ին՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին ասել է «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։ Հարց՝ իսկ ինչու՞ հիմա դարձավ ընդունելի, եթե նախկինում դրա վերաբերյալ ճնշումը գալիս էր Մոսկվայից, ապա հիմա դա գալիս է Բրյուսելից, ուստի դարձավ ընդունելի՞: Սա լրջագույն հետքայլ է:

Մենք գնում ենք սահմանազատման մեր տարածքում ադրբեջանական զորքերի ներկայության պայմաններում: Երկրորդ հատվածում առկա են կրկին ոչ հստակ և խնդրահարույց ձևակերպումներ: Նախ, ինչու՞ են առանձին պայմանավորվում Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ուղիների սկզբունքների, հետո էլ՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածները կապող ճանապարհների շուրջ: Ընդհուպ մինչև մաքսատուրքերի և այլ կարգավորումների մասին է խոսվել: Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև կապի մասին ձևակերպումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ընդ որում, այնքան խորն է անվստահությունը Փաշինյանի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա չդադարող ստերի և շարունակական հետքայլերի քաղաքականությունը, որը իսկապես պարզ չէ, թե ինչ է պայմանավորվել այս առումով Ալիևի հետ: Երրորդ հատվածում տեղ են գնատել, իմ գնահատմամբ, մեզ համար ամենավտանգավոր ձևակերպումները: Մասնավորապես, Շառլ Միշելը նշում է, որ երկու առաջնորդներին ասել է, որ «անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը»։

Սա հստակ ադրբեջանական քարոզչամեքենայի ձևակերպումն է: Եվ երբ համառորեն պայքարում ենք ու պնդում, որ չի կարելի մի կողմ դնել ինքնորոշման իրավունքը, առավել ևս, որ միջազգային նման պահանջ չկա, հենց այս վտանգավոր ձևակերպումներից խուսափելու համար ենք ասում: Սրա փոխարեն, եթե նորմալ դիվանագիտական աշխատանք տարվեր կլիներ ձևակերպում ԵԱՀՄ ՄԽ ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման կարևորության մասին՝ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: Այս ձևակերպումը ուղղակի հետքայլ չէ, զուտ այն չէ, որ ՔՊ-ն հերթական անգամ ստում է քաղաքացիներին, իր ծրագրում այլ բան է գրում Արցախի հարցում, իսկ միջազգային հարթակներում այլ բան բանակցում, սա հարված է մեր պետականության կարևոր հիմնասյուներից մեկին՝ Արցախի լինելիությանն առհասարակ: Չորրորդ մասում խոսվում է տնտեսական հնարավորությունների, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին: Ես մի բանի նախապատրաստում եմ տեսնում՝ մեզ նախապատրաստում են անելանելիության, թուլության և հանձնվելուն, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին շարունակում է սնել հայի հանդեպ ատելության և հնարավոր պատերազմի քարոզով: Հենց այս օրերին էլ թուրք-ադրբեջանական համատեղ հերթական զորավարժություններն են ընթանում Կարսում:

 - Ի՞նչ հետևանքներ կունենա այս գործընթացը: 

- Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ և դրա մասին փաստում է թե՛ մեր, թե համաշխարհային պատմության փորձը: Անարդարության, մեկ կողմի շարունակական զիջումների, հաղթողի ու պարտվողի տրամաբանության մեջ կառուցված «խաղաղությունը» նոր պատերազմի տանող ամենակարճ ուղին է: Ազգի արժանապատվության, պետական շահի ոտնահարման ներքո տանել գործընթացներ և դրանք կոչել «խաղաղություն» դա նույնն է, ինչ ռումբ դնել մեր պետության գոյության տակ: Հրաժարվել Արցախից և դա կոչել «խաղաղություն» դա նույնն է, ինչ հարցականի տակ դնել մեր ինքնությունն ու պետության գոյությունը: 

Այս ամենն ինձ ևս մեկ անգամ հիշեցնում է Չերչիլի հայտնի խոսքերն ուղղված Չեմբեռլենին, եթե անպատվության և պատերազմի մեջ ընտրում ես անպատվությունը, ստանում ես և՛ պատերազմ և՛ անպատվություն: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ մի բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց եթե դա այն է, ինչի պատրաստվում է հակառակորդդ, իսկ դու ջայլամի պես գլուխդ մտցնում ես հողի տակ և շարունակ հետքայլ անում քո նախորդ դիրքորոշումներից, ապա դու ուղղակի սպառնալիք ես ստեղծում քո պետության գոյության համար առհասարակ և վտանգի տակ դնում մի ամբողջ ժողովրդի՝ խաբելով, թե «խաղաղության դարաշրջան» ես կառուցում: