Ներգաղթյալների այգի Երևանում

Ներգաղթյալների այգի Երևանում

Քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի՝«Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար հարթակի փակմանը 23 օր է մնացել, այս ընթացքում ստացվել է 125 առաջարկ, որոնց թվում կան նաև բավական աբսուրդային կամ անհասկանալի մոտիվացիայով առաջակներ։ Սինոդյան ազգանունով մի քաղաքացի, օրինակ, որպես  քաղաքի կանաչապատման ու բարեկարգման ծրագիր առաջարկել է հիմնել հատուկ ներգաղթյալների համար ներգաղթյալների այգի, որում տնկել անվանական ծառեր։ Ըստ առաջարկի հեղինակի՝ հայրենիք վերադարձած հայերը հաճույքով կգնեն, կտնկեն ծառեր և հետագայում կդարձնեն մեծ անտառ: Բոլորը ժամանակ առ ժամանակ կգան տեսնելու, թե ինչպես է աճում հենց իր տնկած ծառը։
Հիմնավորումն էլ՝  «կունենա թե՛ գեղեցիկ, սիմվոլիկ նշանակություն, թե՛ ևս մի տարածք կազատի մոլախոտներից և կլինի բավականին մատչելի ռեալիզացնելու համար»։ Այս հանճարեղ գաղափարն իրականացնելու համար ընդամենը պետք է գտնել մի չմշակվող համայնքային տարածք, պարտադիր չէ, որ լինի կենտրոնում կամ նույնիսկ կենտրոնին մոտ։ Հեղինակը դիտարկում է օդանավակայանից վերադառնալու ճանապարհին կամ հենց օդանավակայանի հարևանությամբ տարածքները։

Վայրը նույնպես խորհրդանշական է՝ օդանավակայանի մոտակա այգի և ներգաղթյալներ, որոնք իրենց իսկ գումարով կգնեն ծառեր՝ անվանական ծառեր, որոնց ներքևում կլինի ցուցատախտակ, որտեղ գրված կլինի, թե ով է տնկել ծառը:

Ըստ որում, ծառերը պետք է մեկ տեսակի լինեն, որպեսզի մարկդանց (հարուստ և աղքատ) տարբերություն չդրվի:
Արդեն նշել էինք, որ մի քաղաքացի էլ առաջարկել  «քաղաքային աղբամանները, որոնց նկատամամբ մենք այդքան անտարբեր ենք, այդքան անփույթ ենք վարվում» դարձնել քաղաքին հրապուրիչ։ Ինչի համար ընդամենը պետք է 2 քայլ՝ աղբամանների շուրջը հավաքել երկաթից հիմնակմախք և աղբամանների երկու կողմից տնկել փաթաթվող վարդի թփեր: Քայլ երրորդով էլ ունենում ենք սիրուն ու ծաղկող աղբամաններ։ Մնում է միայն դրանից առաջ մի քայլ էլ անել և պարզել, թե ինչ պետք է արվի նույնքան «ծաղկող» աղբը։