ՀԱՊԿ-ն ուշ թե շուտ քայքայվող կառույց է, մի օր դադարելու է գոյություն ունենալուց

ՀԱՊԿ-ն ուշ թե շուտ քայքայվող կառույց է, մի օր դադարելու է գոյություն ունենալուց

«Հրապարակը» զրուցել է արդարադատության նախկին նախարար, նախկինում Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ։

- Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին սանձազերծել  էր պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, կան անհետ կորած զինվորներ։ Արդյոք կա՞ անհրաժեշտություն, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝  կոնսենսիոնի համար։

- Այո, հավաքական անվտանգության  զինված ուժերի կիրառման դեպքում պիտի կոնսենսիոն ընդունվի։ Յուրաքանչյուր անդամ երկիր մեկ ձայնի իրավունք ունի։ Բայց իրականում կարծես թե այս պահին այդ խնդիրը չի դրվել, որովհետեւ Հայաստանի դիմումը չի վերաբերել այդ ուժերի կիրառման հարցին, այսինքն՝ 4-րդ հոդվածով չի եղել դիմումը, այլ՝ 2-րդով։ Եվ այս պահին ընդամենը ինչ-որ գործընթացներ պիտի տեղի ունենան, որոնք հետաքննական բովանդակություն պիտի ունենան։

- Երկրի վարչապետը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դիմել են ՀԱՊԿ-ին՝ հենց 4-րդ հոդվածով։

- Անկեղծ ասած, քանի որ դիմումը որեւէ այդ ձեւով հանրայնացված չէ, այդ հարցին վերջնական դժվար է պատասխանել։ Բայց կարծես թե  կան ազդանշաններ, որ 4-րդով չի դիմած, այլ՝ 2-րդով։ Բոլոր դեպքերում, այդ հարցի վերջնական պատասխանին կարող ենք հավատալ, եթե դիմումը հնարավոր լինի ընթերցել։

- Չկա՞, իրոք, հնարավորություն, որ ՀԱՊԿ-ն զորք մտցնի՝ առանց քվեարկություն անելու, առանց միջինասիական պետությունների հետ համաձայնեցնելու։

- Եթե կա միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգ, ապա այդ ընթացակարգը չի կարող խախտվել։

- Ինչպե՞ս է, որ երբ Ղազախստանում ներքին ընդվզումներ տեղի ունեցան, ՀԱՊԿ-ն արագ արձագանքեց եւ կարողացավ կայունացնել իրավիճակը։ Իսկ արտաքին վտանգների դեպքում, որոնք այս պահին սպառնում են Հայաստանին, ՀԱՊԿ-ն լռում է։ Գուցե Հայաստանը ճիշտ չի՞ դիմել ՀԱՊԿ-ին կամ իր պահանջը ճիշտ չի՞ ձեւակերպել։

- Ղազախստանի պարագայում խոսքը գնում էր, այո, կրկին ազգային անվտանգության խնդրի մասին, բայց ներքաղաքական կոնֆլիկտի վերաբերյալ էր։ Եվ այդ առումով բոլոր այն ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք համաձայնություն են տվել զինված ուժերի հավաքական անվտանգության կազմակերպության զինված ուժերի օգտագործմանը, նրանք գնացել են ընդառաջ Ղազախստանի կառավարության խնդրանքին։
Այս պարագայում մենք գործ ունենք երկու երկրների կոնֆլիկտի հետ, որտեղ, այո, ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը դիմում է  հավաքական անվտանգության կազմակերպությանը, բայց այն մյուս երկիրը, որի հետ  ՀԱՊԿ  անդամ Հայաստանը կոնֆլիկտ ունի, այդ մյուս երկրի հետ ՀԱՊԿ անդամ մնացած բոլոր երկրներն ունեն  երկկողմ բավականին բարձր  մակարդակի հարաբերություններ։ Առանձին դեպքերում, եթե չասեմ՝ դեպքերի մեծամասնությունում, միջազգային ու արտաքին հարաբերությունների տեսանկյունից ավելի բարձր մակարդակի են գտնվում երկկողմ հարաբերություններնը Ադրբեջանի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ, քան Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ այդ պետությունների միջեւ։

- Այդ դեպում ի՞նչ գործ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ, երբ ՀԱՊԿ գործընկերներն Ադրբեջանի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունեն, եւ նրանց օրակարգն Ադրբեջանի հետ ավելի կարեւոր է, քան Հայաստանինը։

- Այս հարցադրումը տեղ ունի, եւ այս հարցադրման պատասխանը պիտի հայկական հասարակությունը մարսի, այնուհետեւ՝ մարսելուց հետո, Հայաստանի քաղաքական իշխանությունը եւ քաղաքական համակարգը պիտի համապատասխան վերաբերմունք ձեւավորեն եւ քայլեր գործարկեն այդ՝ արդեն բյուրեղացված որոշման արդյունքից։ Որովհետեւ մենք պիտի հստակ հասկանանք, որ առաջնայինը մեր երկրի շահերն են եւ ոչ թե ինչ-որ այլ երկրի, թեկուզեւ շատ ավելի մեծ երկրի քմահաճույքները կամ ցանկությունները։ Եվ այդ առումով  կարծում եմ, որ Հայաստանը մտածելու ու որոշելու խնդիր ունի։

- Ի՞նչ իմաստ ուներ ՀԱՊԿ-ից պատվիրակություն ուղարկելը, որ Հայաստանում իրավիճակ ստուգեն` մոնիտորինգ անեն։

- Իրականում ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն որեւէ ձեւով լուրջ միջամտություն չի անելու այս կոնֆլիկտին եւ չի անելու հատկապես Հայաստանի շահերը պաշտպանելու տեսակետից։ Երեւի թե միակ խնդիրն այն է, թե արժե՞ կոմունիկացվել, արժե՞ արդյոք դիմել ՀԱՊԿ- ին որեւէ հարցով։ Կարծում եմ, որ որեւէ իմաստ՝ կոմունիկացվելու ՀԱՊԿ-ի հետ այս առումով կամ ինչ-որ ձեւով ակնկալել նրա աջակցությունը, միամտություն է, եւ ակնհայտ է՝ քիչ թե շատ վերլուծական մոտեցման պարագայում, որ ՀԱՊԿ-ից որեւէ աջակցություն եւ միջամտություն չի լինելու։ Միակ նպատակն ու մոտիվացիան կարող է լինել այն, որ հարցադրում չառաջանա, թե ինչու չեք դիմել կամ դուք չեք դիմել, մենք էլ չենք արձագանքել։ Գլոբալ` ՀԱՊԿ-ի վերաբերյալ ասեմ, որ ՀԱՊԿ-ն ուշ թե շուտ քայքայվող կառույց է, եւ այս կամ այն առիթի դեպքում կամ այս կամ այն երկրների դուրս գալու հետեւանքով, այսպես ասած, այդ մարմինը կտրանսֆորմացվի, կդառնա շատ ավելի փոքր կազմով պետությունների ինչ-որ մի կազմակերպություն կամ ընդհանրապես կդադարի գոյություն ունենալուց։