Կապիտուլյացիա ստորագրողը չի կարող հաղթանակ կերտել

Կապիտուլյացիա ստորագրողը չի կարող հաղթանակ կերտել

Հայ հանրության զգալի մասը համոզված է. քանի դեռ Հայաստանում իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, պատերազմը կանգնեցնել ու արժանապատիվ խաղաղության հասնել հնարավոր չէ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը գիտի, որ մեկ անգամ պարտված ու կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանն այլեւս անընդունակ է հզոր պաշտպանական համակարգ ստեղծելու եւ համազգային դիմադրություն կազմակերպելու միջոցով ստիպելու Ադրբեջանին համակերպվել Հայաստան պետության գոյության հետ: Միջազգային իրավունքով ու բանակցություններով Ալիեւը չի կարող Հայաստանից միջանցք պահանջել, Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, եւ որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կարող Հայաստանին ստիպել, որ նա իր սուվերեն տարածքը զիջի Ադրբեջանին, որ նա ուղղակի կապ ունենա ժամանակին Հայաստանից բռնազավթած ու հայաթափած Նախիջեւանի, իր ավագ եղբայր Թուրքիայի հետ: Միակ միջոցը զենքի ուժով նման զիջում պարտադրելն է: Ալիեւը 44-օրյա պատերազմի ժամանակ կարողացավ ուժի կիրառման միջոցով բռնազավթել Արցախի զգալի մասը եւ հայաթափել զգալի տարածքներ: 

Փաշինյանի հեռացման գործը պետք է կազմակերպի ընդդիմությունը, որը հայտնվել է փակուղային վիճակում: Մի կողմից՝ բոլորը հասկանում են, որ օր առաջ Փաշինյանին հեռացնելով փրկելու են տասնյակ ու հարյուրավոր կյանքեր, Հայաստանին փրկության ճանապարհ են բացելու, բայց, մյուս կողմից, պատերազմական վիճակում գտնվող երկրում հակաիշխանական գործողություններ իրականացնելն էլ կարող է հակառակ էֆեկտը տալ: Բացի դա, հակաիշխանական գործողություններ կազմակերպելով՝ կարող են Փաշինյանին արդարացման հիմք տալ. թե բա՝ ես երկու ճակատով եմ կռվում, ընդդիմությունը թիկունքից է հարվածում, թուրքերի պատվերն են կատարում: Պարտության ու կապիտուլյացիայի սիմվոլը կփորձի իր ու իր ղեկավարած իշխանության ձախողումների պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա:

Երեկ Ազգային ժողովի մոտ ինքնաբուխ կազմակերպված հանրահավաքի մասնակից քաղաքացիները մեղադրում էին ընդդիմությանը, որ չի առաջնորդում հասարակությանը, որ ազատվեն Փաշինյանից: Մարդիկ դժգոհում էին, որ ընդդիմությունը ոչնչով չի տարբերվում իշխանությունից, քանի որ երկրի համար այս ճակատագրական պահին հայտնվել է պասիվ դիտորդի դերում, որ ընդամենը հայտարարություններ է տարածում:

Ընդդիմության առաջնորդներից մեկը մասնավոր զրույցում ասում էր, թե իրենք բոլշեւիկներ չեն, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանակին կոչ արեցին՝ զենքն ուղղել սեփական իշխանությունների դեմ: «Իմպերիալիստական պատերազմը վերածենք քաղաքացիական պատերազմի»․ 1917 թվականի աշնանը կոչ արեց բոլշեւիկների առաջնորդ Ուլյանով Լենինը:
Իշխանությունը եւս վախենում է, ավելի ճիշտ՝ սարսափում է  զինված ապստամբությունից: Հայաստանում տասնյակ կամավորական ջոկատներ են կազմավորվել, բայց ՊՆ-ն հրաժարվում է նրանց զենք տալ ու մասնակից դարձնել սահմանի պաշտպանությանը: Երեկ Վարդենիսից  տեղեկություն ստացանք, որ հրաժարվում են զինել քաղաքի եւ մերձակա գյուղերի բնակիչներին: Այդ զենքը մի պահի կարող է ուղղվել երկիրը նման խայտառակ վիճակի հասցրած իշխանության դեմ:

Իրավիճակի միակ խաղաղ հանգուցալուծումը կարող էր լինել ՔՊ-ականների կողմից Փաշինյանին պաշտոնազրկելն ու Ազգային փրկության կառավարություն ձեւավորելը: Բայց ՔՊ-ականների մեծամասնությունն այնքան է կտրված իրականությունից, որ չի էլ գիտակցում վտանգի մեծությունը եւ հրատապ լուծումների անհրաժեշտությունը: Սրանց դեռ թվում է, թե Նիկոլի ստեղծած բազմահազարանոց ոստիկանությունն իրենց կփրկի ոչ միայն հայ խաղաղ ցուցարարներից, այլեւ թուրքական զինված բանդաներից: Սրանց համար երկիրը սահմանափակվում է Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներով, ու քանի դեռ այնտեղ ոստիկանական ուժեր կան, իրենք կարող են իրենց ապահով զգալ, անկախ այն բանից, թե սահմանին ինչ է կատարվում: 

ՔՊ-ականների մի մասը սկսել է լրջորեն քննարկել այն հարցը, որ Հայաստանի ներկա դժբախտությունների պատճառը Գարեգին Նժդեհն է, որ եթե նա ժամանակին չպահեր Սյունիքը, հիմա մենք ադրբեջանցիների հետ հաշտ ու հանգիստ կապրեինք, իրենք էլ կվայելեին իրենց մանդատներն ու իշխանությունը:

Ավետիս Բաբաջանյան