Իշխանությունների պայքարն ապարդյուն էր` Բատկայի դեմ ֆիլմը ցուցադրվել է

Իշխանությունների պայքարն ապարդյուն էր` Բատկայի դեմ ֆիլմը ցուցադրվել է

Շաբաթ օրը «Հրապարակը» գրել էր, որ Կինոյի տան երկու դահլիճում նախատեսված է եղել երկու ֆիլմի ցուցադրություն: Փոքր դահլիճում նախատեսված էր ցուցադրել Արայիկ Մանուկյանի հեղինակած «Ասացի եւ ազատեցի հոգին իմ. Այդին Մորիկյան» ֆիլմը՝ հայտնի խմբագիր, վաղամեռիկ Այդին Մորիկյանի մասին, իսկ մեծ դահլիճում նախատեսված է եղել ցուցադրել ռուս ժամանակակից կինոռեժիսոր Բորիս Գուցի ֆիլմերից մեկը, որը սուր քննադատություն է պարունակում Բելառուս պետության եւ Բելառուսի իշխանությունների ու հատկապես՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին: Դա Գուցի 2022 թվականի ամենաաղմկահարույց ֆիլմն է՝ «Մինսկը», որը պատմում է, թե երիտասարդ ամուսնական զույգն ինչպես է զոհ դառնում, երբ մի անգամ մասնակցում է խաղաղ բողոքի ակցիայի: Ֆիլմը բելառուսական ավտորիտար ռեժիմի, մասնավորապես ոստիկանների անմարդկային գործողությունների մասին է:

Մենք նաեւ գրել էինք, որ ՀՀ իշխանությունները փորձել են ամեն ինչ անել, որ այս ֆիլմի ցուցադրությունը չկայանա։ Լուկաշենկոյին մե՛կ քննադատող, մե՛կ քծնող ՀՀ իշխանություններն այս փուլում որոշել են, որ չպետք է նեղացնեն Բատկային՝ նման ֆիլմի ցուցադրմամբ, եւ ամեն հնարավոր բան արել են, որպեսզի ֆիլմը չցուցադրվի։ Մեր տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարությունն է միջամտել, կառավարությունից են ինչ-որ մարդիկ խառնվել, բայց քանի որ անգամ ավտորիտար քայլերը նրանց մոտ նորմալ չեն ստացվում, չեն կարողացել արգելել ֆիլմի ցուցադրությունը եւ դիմել են ամենապարզունակ քայլին՝ որոշել են ուղղակի հոսանքազրկել շենքը, որ ցուցադրությունը չկայանա։

Արդյունքում չի ցուցադրվել ոչ միայն «Մինսկ» ֆիլմը, այլեւ Այդին Մորիկյանին նվիրվածը։ Ֆիլմի հեղինակ, մշակութաբան, նախկին խմբագիր Արայիկ Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր մեր տեղեկությունը՝ այո, շենքն իսկապես հոսանքազրկվել է։ Եվ ոչ միայն Կինոյի տունը, այլեւ թաղամասի մի մասը, նաեւ՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնը: «ՀԷՑ-ից ասացին՝ վթար է տեղի ունեցել, 20 րոպեից կկարգավորվի խնդիրը, սակայն հետո պարզվեց, որ խնդիրը կարգավորվելու է 2 ժամից»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով՝ չի ցուցադրվել թե՛ իր հեղինակած, թե՛ Բորիս Գուցի ֆիլմը:

Երեկ Կինոյի տնից «Հրապարակի» հետ զրույցում ասացին, որ այս իրադարձությունների հաջորդ օրը ցուցադրվել է «Մինսկ» ֆիլմը: Մեզ ասացին, որ Արայիկ Մանուկյանի հեղինակած «Ասացի եւ ազատեցի հոգին իմ. Այդին Մորիկյան» ֆիլմը եւս հանդիսատեսի դատին է հանձնվել: