Միջանցքը կփակվի էլ, կբացվի էլ, գազը կանջատվի, նորից կմիացվի

Միջանցքը կփակվի էլ, կբացվի էլ, գազը կանջատվի, նորից կմիացվի

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը երեկ խորհրդարանում հանդիպել է ՔՊ խմբակցության մի քանի անդամների հետ՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ: «Քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, համատեղ աշխատանքները` միջազգային եւ դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը: Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը»,- հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Նայում ես խորհրդարանի կայքում տեղադրված ՔՊ-ական պատգամավորների մտահոգ դեմքերին, կարդում ես հաղորդագրությունը, սիրտդ ճմլվում է, մարմինդ՝ փշաքաղվում: Որքան հոգս ու անհանգստություն կա ազգի ընտրյալների դեմքերին, մտածում են՝ ինչ անեն, ինչպես օգնեն շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, ինչպե՞ս թե՝ «օր առաջ», նրանք մտածում են՝ մեկ րոպե, մեկ վայրկյան առաջ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը, կամ` ինչ խղճով են իրենք հանգիստ նստել Երեւանում, երբ շրջափակման մեջ գտնվող հիվանդը չի կարողանում բուժօգնություն եւ դեղորայք ստանալ, հարյուրավոր ընտանիքներ բաժանված են իրարից, երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել, մարդիկ զրկված են առօրյա կյանքով ապրելու հնարավորությունից: Նման բան կարելի էր մտածել, եթե տեղյակ չլինեիր ՔՊ-ականների դիրքորոշմանը, եթե նրանք ընդամենը 2-3 օր առաջ հրապարակային արտահայտած չլինեին իրենց դիրքորոշումն Արցախի շրջափակման վերաբերյալ: Իսկ այդ ամենն իմանալով՝ մտածում ես, թե դեռ որքան կարող են ՔՊ-ականները ծաղրել արցախցիներին ու հայ հանրությանը՝ ընդհանրապես: Կամ՝ ինչո՞ւ է Դավիթ Բաբայանը նման հնարավորություն տվել Հայկ Կոնջորյանին եւ մյուս ՔՊ-ականներին:

Ճիշտ է` Դավիթ Բաբայանն իր կամքից անկախ չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ, մինչեւ Լաչինի միջանցքի շրջափակումը գնացել էր Եվրոպա` Արցախում տիրող իրավիճակը ներկայացնելու, եւ Հայաստան վերադառնալուց հետո միջանցքը փակ է եղել: Երեւի ազատ ժամանակ ունի եւ չգիտի, թե ինչպես այն լրացնի, ու որոշել է նման ձեւով կազմակերպել իր ազատ ժամանցը. հանդիպել Հայաստանի օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ եւ նրանց բացատրել, որ իրենք էլ ինչ-որ ձեւով մասնակցեն Արցախի ապաշրջափակմանը, որ ուղղակի ամոթ է, երբ ամբողջ աշխարհը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, իսկ իրենք հրապարակային հրաժարվում են Արցախից:

Իսկ գուցե Բաբայանը չի՞ հավատացել միջանցքը փակվելուց հետո ՔՊ-ականների արած հրապարակային հայտարարություններին եւ փորձել է անձամբ լսել նրանց խորհուրդներն ու հորդորները: Փորձենք պատկերացնել, թե իրականում ինչ խոսակցություն կարող էր ծավալվել այդ հանդիպման ընթացքում: Հայկ Կոնջորյանը Բաբայանին կարող էր կրկնել խորհրդարանում դեկտեմբերի 14-ին հնչեցրած իր այն թեզը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման լավագույն մեխանիզմը կլինի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը», եւ բացատրեր, որ հաջորդ անգամ Երեւան գալու փոխարեն, թող գնա Բաքու: Ուղղակի Կոնջորյանը չի պատկերացնում, որ իր ասած երկխոսությունը հենց հիմա ընթանում է, ընթանում է արդեն երկու տարուց ավելի, հիմա այդ երկխոսության ակտիվ փուլերից մեկն է: Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի բնակչությունը կա՛մ սովամահ լինի, կա՛մ լքի իր հայրենիքը, արցախցիները չեն համաձայնում այդ պայմաններից ոչ մեկին ու պնդում են, որ շարունակելու են ապրել Արցախում:

Կոնջորյանը կարող է Բաբայանին հիշեցնել իր եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի երկխոսությունը: Դեկտեմբերի 14-ի ԱԺ նիստում Վարդանյանը հայտարարեց. «Մեր ընդդիմությունը հայտարարեց, որ գնում է ժամը 16:00-ին կառավարության դիմաց ցույց անելու, ուզում եմ հարց տամ, էլի, կարող ա՞ ես ինչ-որ բան մոռացել եմ` մեր կառավարությունն է փակել Լաչինի միջանցքը», իսկ Կոնջորյանն էլ պատասխանեց. «Շատ լեգիտիմ հարց եք տալիս, բայց կարծում եմ՝ արդեն զարմանալի չէ ընդդիմության նման պահվածքը»: Այս երկխոսության իմաստը նույնն է. Հայաստանի կառավարությունից, իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենաք, մենք էս գործի մեջ չկանք:

Բաբայանի եւ Արցախի պատվիրակության մյուս անդամների հետ հանդիպած Անդրանիկ Քոչարյանն էլ կարող է հիշեցնել նույն՝ դեկտեմբերի 14-ի իր ելույթի հետեւյալ հատվածը. Անդրանիկ Քոչարյան. «Միջանցքը կփակվի էլ, կբացվի էլ, գազը կանջատվի, նորից կմիացվի, տեսել ենք: Լաչինի միջանցքն անպայման կբացվի, որովհետեւ ադրբեջանցի պաշտոնյան ասում է, որ ռուսական խաղաղապահ ուժն է փակել միջանցքը, ռուսական խաղաղապահ ուժը դատապարտված է այն նորից բացելու»:

Գուցե այս հանդիպումից հետո Դավիթ Բաբայանը վերջնականապես համոզվեց, որ Հայաստանի իշխանությունից Արցախը որեւէ ակնկալիք չի կարող ունենալ, որ ՔՊ-ական խունտային Արցախի ու արցախահայության ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում, եւ միակ բանը, որ իրենց հետաքրքրում է, ոչ թե «օր առաջ Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է», այլ թեկուզ մեկ օրով սեփական իշխանության երկարաձգումը: «Կուզեք` գնացեք Բաքվից, կուզեք` Մոսկվայից պահանջեք Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, ուզում եք` Ադրբեջանի քաղաքացիություն խնդրեք, կուզեք` Ռուսաստանի, միայն թե մեզ հանգիստ թողեք, թողեք հանգիստ վայելենք մեր իշխանությունը». գուցե հենց այսպես պարզ ու շիտակ էլ ասել են Բաբայանին: 

Միայն թե` արժե՞ր նման բան լսելու համար գնալ-հասնել խորհրդարան, երբ կարելի էր այդ ամենը կարդալ կամ լսել համացանցից:

Ավետիս Բաբաջանյան