1-ն ավելին է, քան 120 հազարը

1-ն ավելին է, քան 120 հազարը

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների եւ ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանի էկոակտիվիստների պահանջները դեռ պատասխան չեն ստացել»: Ինչը նշանակում է, որ դեռեւս անորոշ ժամանակով պետք է փակ մնար Լաչինի միջանցքը եւ կտրված գազամատակարարումը: Արձանագրենք, որ ադրբեջանցիների հերթական սադրանքը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում էր: Քանի որ 9 կետանոց հայտարարության մեջ ոչինչ ասված չէ այն մասին, որ ինչ-ինչ հարցերի դեպքում Ադրբեջանն իրավունք ունի փակելու այդ ճանապարհը: Նույնիսկ եթե առկա լինեին նման մտահոգություններ, եւ դրանք լինեին արդարացված: Ինչն էլ, ի դեպ, կլիներ ֆանտաստիկայի ոլորտից, քանի որ ագրեսոր եւ հաղթանակած պետությունը չի կարող ի սկզբանե որեւէ մտահոգություն ունենալ պարտված եւ նիկոլանման ղեկավար ունեցող պետության կողմից: Ի դեպ, Նիկոլից երկիրն ազատելուց հետո մենք կվերադարձնենք Իլհամին այն ամենը, ինչը «ստացել» ենք նրանից 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո: Եվ դա արդարացված կլինի վերջին 2 տարվա մեր ողբերգությունների ու ստորացումների փաստով:

Ես չգիտեմ, թե ինչ վարքագիծ են դրսեւորել արեւմտյան «ժողովրդավարությունների» ներկայացուցիչներն այդ հանդիպմանը: Բայց եթե դրանք լինեին ոչ թե կեղծ եւ չակերտավոր, այլ իսկական ժողովրդավարական հասարակությունների ներկայացուցիչներ, ապա մի քանի ոչ հաճելի հարցեր կտային ադրբեջանցի նախարարին: Օրինակ, ինչպե՞ս է համադրվում «խաղաղ բողոքի ակցիայի» տրամաբանության հետ 120 հազար մարդու իրավունքների խախտումը` ճանապարհը փակելու պատճառով: Կամ՝ «բողոքի խաղաղ ակցիայի» հետ ինչպե՞ս է կապվում գազատարը փակելը: Կամ՝ ինչպե՞ս է պատահել, որ Արցախի կյանքի ճանապարհի վրա «անկախ ցուցարարաների» կողմից տեղադրված վրաններն ապահովվել են էլեկտրաէներգիայով: Երեւի այլ հարցեր էլ կունենային: Սակայն ենթադրում եմ, որ նման հարցեր չեն տրվել, քանի որ մեկ անձի (օրինակ՝ Ալեքսեյ Նավալնու) իրավունքների համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող արեւմտյան «ժողովրդավարությունների» երկրները, բառիս բուն իմաստով, թքած ունեն 120 հազար արցախցիների իրավունքների ոտնահարման վրա:

Բայց քանի որ արեւմտյան «ժողովրդավարություններն» առաջնորդվում են ոչ թե իրապես մարդու իրավունքներով, այլ աշխարհաքաղաքական շահերով, ապա պետք է ընդունեմ, որ ես ու ինձ նմանները երկու տասնամյակ նախկինների դեմ պայքարել ենք հանուն ոչնչի: Մեզ թվացել է, թե որպես քրիստոնեական քաղաքակրթական մեծ ընտանիքի անդամ՝ պետք է մեր կյանքը կարգավորենք Արեւմուտքում ծնունդ առած արժեքներով: Բայց ստիպված ենք ընդունել, որ դրանք ընդամենը մեզ նմաններին խաբելու միջոց են: Եվ դրա նպատակը պարզ դարձավ, երբ վարչապետ կարգեցինք ժողովրդավարական կարգախոսներով հանդես եկող անձին, իսկ այնուհետեւ դարձանք այդ անձի կողմից պատերազմ հրահրելու ու պարտվելու գործընթացի մասնակիցը: Ու պատերազմից հետո բարձր հումանիստական արժեքները նավթ ու գազին ստորադասելու երեւույթի դիտորդը: 

Եթե այսքանով ավարտվեին մեր հիմնախնդիրները, կարող էինք հոգեբանորեն «հանգիստ» զգալ՝ իմանալով, որ մեր կռիվը նենգ թշնամու դեմ է միայն: Բայց երբ թուրք-ադրբեջանական խոսույթին Նիկոլից ու նրա ստորադասներից բացի միանում են նաեւ անկախ համարվող վերլուծաբաններ, ուզում ես գլուխդ առնել ու փախչել: Որովհետեւ զարմանում ես, որ մի ժամանակ քո կողմից հարգված փորձագետը (Մանվել Սարգսյան) կարող է կորցնել վերլուծելու կարողությունը հակառուսականության հողի վրա: Զարմանում ես, թե ինչպես կարելի է չընկալել, որ Ուկրաինայում Ռուսաստանը պատերազմում է ոչ թե ընդդեմ ուկրաինացիների, այլ ողջ արեւմտյան աշխարհի: Որոնք իր հակառակորդին մատակարարում են գերժամանակակից սպառազինություն, իրենց տարածքներում վարժեցնում են ուկրաինացի զիվորականներին, հանուն վարձատրության ընդդեմ ռուսների կռիվ-կռիվ խաղալու հնարավորություն են ընձեռում պահեստի անցած իրենց լավագույն զինծառայողներին: Ու մտածում ես՝ եթե դրա գոնե մեկ տասնորդական տոկոսը ստանար Արցախը, ընդամենը քանի շաբաթ կդիմանար ագրեսոր Ադրբեջանը:

Անցնենք Արցախի հարցում Ռուսաստանին մեղադրելուն: Առաջին ադրբեջանամետ դատողությունը՝ ռուսները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Հիմնավորման փորձ՝ եթե ռուսները չփակեին, ադրբեջանցիները չէին մնա: Մանկամիտ դատողություն՝ առանց հասկանալու, որ ադրբեջանցիները հենց դրան էլ սպասում են: Եվ ռուսական խաղաղապահները փակել են ոչ թե ճանապարհը, այլ սադրանքների հնարավորությունը: Կամ էլ մեղադրում է ռուսներին, որ հայտարարություն չեն անում, հետո հայտարարություն անողների հասցեին ասում է, թե ընդամենը հայտարարություն են անում, սակայն սպասարկում են իրենց շահերը: Ո՞ւր մնաց տրամաբանությունը: 

Կամ էլ «արձանագրում» է, որ ճանապարհ փակելը ռուսների հետ համաձայնեցված է եղել: Այսինքն՝ ռուսներն իրենք իրենց թշնամի՞ն են՝ խնդիրներ են ստեղծում, որ հետո փորձեն լուծե՞լ: Համա թե տրամաբանություն է: Հետո էլ, թե՝ «ի՞նչ օրի է Ռուսաստանը, որ համաձայնում է նման քայլերի», չընկալելով, որ ռուսը համաձայն չէ, բայց տվյալ պարագայում ի՞նչ կարող է անել: Թե՞ Ուկրաինայից բացի երկրորդ ճակատ էլ Հարավային Կովկասում բացի ու զրկվի հարավ-արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ական ֆորպոստ Թուրքիայի աջակցությունից ՆԱՏՕ-ական երկրների դեմ պատերազմում: Զարմանում ես, թե ադեկվատ մարդկանց ուղեղներում ինչ ավեր է գործել ռուսատյացությունը թե՛ Արեւմուտքում եւ թե՛ մեզանում: Ու համարյա ոչ մի խոսք, որ մեր այս վիճակի մեղավորը ոչ թե ռուսն է, այլ նաեւ իր կողմից ժամանակին գովերգված Նիկոլը: