Դենիս Ավտոնոմովը չափազանց լուրջ դիվանագիտական աշխատանք է արել

Դենիս Ավտոնոմովը չափազանց լուրջ դիվանագիտական աշխատանք է արել

Այսօր՝ Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ, որին միացել էին նաև Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը և հասարակական այլ կազմակերպություններ, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովին պարգևատրել են պատվոգրով և շնորհակալագրով։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

«Դենիս Ավտոնոմովի՝ իմ կարծիքով ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, հայ-ուկրաինական հարաբերությունների կարգավորման բնագավառում այն էր, որ ինքը կարողացավ ճշգրիտ ներկայացնել Կիևի տեսակետը Հայաստանում, և Հայաստանի տեսակետը Կիևին։ Եվ դա փոխեց վերաբերմունքը երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Օրինակ, եթե հիշեք նույն Պորոշենկոյի ժամանակվա օրակարգը ու, եթե համեմատեք այսօրվա օրակարգի հետ, կտեսնեք, որ Հայաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները, շատ ավելի մոտ են դարձել։ Դա չափազանց շատ լուրջ դիվանագիտական աշխատանք է, որը Դենիս Ավտոնոմովն արել է երկար տարիների ընթացքում, և որի համար, իրոք, Հայերի միության պարգևատրումը ես շատ կարևոր եմ համարում։ Պարգևատրումը արվեց փոխնախագահ՝ Դավիթ Մկրտչյանի մակարդակով»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի, առաջին հայացքից սովորական թվացող իրադարձությունը իրականում շատ մեծ նշանակություն ունի՝ մարդկային հարաբերությունների առումով՝ երբ դիվանագետը կարողանում է այնպես անի, որ դիվանագիտությունը հանրայնացնելով՝ ստեղծի նոր համակրանք, նոր կարծիք, մոտեցնի դիրքորոշումը՝  ոչ միայն պաշտոնական մայրաքաղաքների, այլ նաև հասարակության։  «Դենիսին շատ են սիրում և Ուկրաինայում ապրող հայերը, և Հայաստանում, մարդիկ, ովքեր, որ առնչվել են Ուկրաինայի դեսպանատան հետ։ Նա եզակի երևույթներից է, և նման դիվանագետները շատ հազվադեպ են լինում։ Մեր բախտը բերել է, որ նման դիվանագետի հետ ենք աշխատել»,- ասաց Մարատ Հակոբյանը։