Զատկից հետո Հայոց բոլոր եկեղեցիները ամեն օր պետք է ղողանջեն

Զատկից հետո Հայոց բոլոր եկեղեցիները ամեն օր պետք է ղողանջեն

«Փաշինյանի խոսքն ինձ համար որևէ արժեք չունի՝ սկսած կարմիր գծերը հանելուց մինչև Արցախի ճակատագիրը: Ինքն ասում է դա ասելու համար, պարզապես: Իր համար կարևորը մի բան է՝  այդ պահին, թե ինչ տպավորություն կթողնի իր խոսքը: Իրեն թվում է, թե օրաթերթ է հրատարակում, և պիտի ամեն անգամ թերթում մի հետաքրքիր բան լինի: Ուղղակի ժողովուրդն է, որ մոլորված է: Թե չէ իր համար ոչ մի նշանակություն չունի՝ ինքը ինչ կուզի կասի: Ես ընդհանրապես չեմ հետևում Ազգային ժողովին և գտնում եմ, որ Ազգային ժողովը ամենամեծ մեղավորն է: Ամբողջ մեղքերն իրենց վզից կախված են: Դրա համար, պիտի պատասխան տան բոլորը՝ Նիկոլի ընտրությունից սկսած վերջացրած այսօրվա ծանր վիճակով: Ազգային ժողովը սարսափելի մեղավոր է»,- մեզ հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը: 

Հրապարակախոսի կարծիքով, աշխարհում ամենասարսափելի բանը դավաճանությունն է: Նրա խոսքով՝ թշնամին շատ ավելի լավ է, քան դավաճանը: 

«Դավաճանությունը միշտ էլ եղել է ներսից, դրսից չեն դավաճանում: Դրսից խոստումնազանց կարող են լինել, պայմանավորվածություն չկատարեն: Ժամանակին Վազգեն Սարգսյանին ծափահարողները այսօր հավաքվել են և ուզում են Ղարաբաղ հանձնեն, դա մեծագույն դավաճանություն է, որ կարելի է ասել: Ես չեմ ուզում իրենց մասին խոսել, ինչ խոսես այդ մարդկանց մասին, ինչ: Դա այն տարբերակն է, որ պիտի ասես՝ թու, ես ձեր մարդ ասողի: Փոխարենը, լսելով Արցախի Ազգային ժողովի նիստը, ես հիացած եմ իրենցով, իրենց պահվածքով: Արցախը ոտքի կանգնած է՝ մեջքը ուղիղ, անվախ, հայտարարում է իրեն ի սկզբանե տրված երազանքը, ու տեր է կանգնում դրան: Տեր է կանգնում ինքն իրեն, և ոչ միայն իրեն, ինչքան էլ, որ տարօրինակ է թվում նաև՝ Հայաստանին: Որովհետև Հայաստանը՝ որպես պետություն քստմնելի վիճակում է: Մենք դարձել ենք, գիտեք, մի երկիր կար ժամանակին, որին ձեռք  էինք առնում աֆրիկաներում: Թարգմանաբար այդ երկրի անունը՝ Բուրկինա Ֆասո՝ «Հպարտ մարդկանց երկիր» էին անվանում: Այսօր մենք, այդ հպարտ մարդկանց երկիրն ենք: Մենք ծիծաղելի պետություն ենք դարձել: Եկավ մեկը և ասաց՝ հպարտ եք դուք, հպարտ եք դուք, դուք անկախ եք և այլն: Ինչի մասին է խոսքը: Նախկինները, ներկաները, ճերմակները, սևերը: Խեղճ ազգս: Հիմա, ասելիքս: Ինչ է անում մեր ընդդիմությունը, սկսենք դրանից, ինչով են զբաղված: Ինչ է նշանակում այս իշխանության ժամանակ օրենսդրությամբ զբաղվել, երբ որ այդ օրենսդրությունը, միևնույնն է, չի անցնում: Նրանք չեն կարող նոր օրենքներ՝ ըստ էության ընդունել, որովհետև մեծամասնությունը ջնջում է, անցնում, գնում է: Ընդամենը ելույթներ են ունենում և այլն: Օրենսդրությամբ չպիտի զբաղվի ընդդիմությունը, ընդդիմությունը պիտի ժողովրդին թմրած վիճակից հանի, ժողովրդով, ազգով պիտի զբաղվի: Ես դժգոհ եմ ընդդիմության աշխատանքից: Իշխանության մասին չեմ էլ ուզում խոսեմ, որովհետև իշխանություն չկա»,-ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Վերջինիս խոսքով՝ անգամ հայրենիք բառն է ափսոս, որ իշխանություններն օգտագործեն: Նա գտնում է, որ եթե ընդդիմությունը ի վիճակի չէ ժողովրդին տնից դուրս հանելու դեպի փողոց, ուրեմն պիտի գնա Վեհափառ Հայրապետի մոտ, և խնդրի նրանից հրաման ստանալ, որ Հայոց բոլոր եկեղեցիները Սուրբ Զատիկից հետո ամեն օր ղողանջեն՝ և՛ Ջավախքում, և՛  Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Սփյուռքում:

«Պետք է մեր ժողովրդին հանել թմբիրից: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Այս հողի վրա հազարավոր տարիներ՝ տանջահար, մահախուճապ սերունդներ անցան՝ պահպանելով ընդամենը այս մի կտոր հողը հսկայական Հայաստանից: Չեմ ուզում մտածել, թե Վեհափառն ինչու չի անում, պարզապես պիտի խնդրել նրան, որովհետև Սարդարապատը նույն ձևով եղավ, երբ թուրքերը գրավում էին ամբողջ Երևանը և այլն: Եվ եղավ այն, ինչ Սուրբ Էջմիածինը արեց, բոլոր Հայոց եկեղեցիները զանգերով արթնացրին ժողովրդին և կանչեցին ճակատամարտի և այդ ճակատամարտում հաղթեցին: Ժամանակն է, որ իշխանություն կոչված հայրենադավ նախիրին քշի ընդդիմությունը: Բոլորը մեղավոր են, բոլոր նրանք, ովքեր նախարար են աշխատում այդ համապատասխան մարդու մոտ: Պետք է ազգովի կազմակերպել, ելնել ոտի և սրբել հայրենիքը: Եթե ոչ, գիտեք՝ ինչ տեղի կունենա՝ մենք ոչ միայն Արցախը կկորցնենք, մենք նաև Հայաստանը կկորցնենք: Կունենանք թուրքահպատակ մի գավառ, որտեղ թուրքասեր մի քանի օլիգարխներ փող կաշխատեն, մնացած ժողովուրդը կիսաստրուկ վիճակում կապրի: Ինչ հայրենիք, ինչ դասագիրք, ինչ Հայոց պատմություն, ինչ Մեսրոպ Մաշտոց: Աշխարհի հնագույն ժողովուրդն են մենք: Բոլոր հնագույն ժողովուրդները, որոնք մեզ հետ ապրում էին, այսօր չկան, բացի հրեաներից, չինացիներից և հնդիկ մի քանի ցեղերից: Հայերս մարդկության բանավոր, կենդանի հիշողությունն ենք, մենք մարդկության հիշողությունն ենք: Հայ ժողովուրդը զարմանալի մի հատկանիշ ունի՝ միշտ պատրաստ է զոհվելու, բայց արի ու տես նաև՝ չի ուզում մեռնել»,- ասաց հրապարակապոս Մերուժան Տեր-Գուլանյանը: