«Դրան Փաշինյան կասեն» 

«Դրան Փաշինյան կասեն» 

Գնացել էի թաղապետարան անշուրժ գույքի և աղբահանության համար վճարելու: Այս իշխանությունն աչքի է ընկնում ոչ միայն պարտությամբ հպարտ լինելով, խաղաղություն մուրալով, սեփական բնակչությանը մանիպուլյացիայի ենթարկելով, այլև վերջինիս նկատմամբ արհամարհանքով: Թեև իշխանության ղեկավարն անընդհատ սիրում և խոնարհվում է նույն ժողովրդի առաջ: Տարիներ շարունակ աղբի համար վճարել ենք համատիրության գրասենյակում, այսինքն՝ մեկ-երկու շենք այն կողմ: Նույն վայրում էլ անցյալ տարի առաջին անգամ վճարեցի անշուրժ գույքի վարձը: Անցյալ տարեվերջին, չգիտես քաղաքապետարանի որ չինովնիկի «հանճարեղ» ուղեղի երկնած գաղափարով, որոշել են վճարները ստանալ թաղապետարանում: Ենթադրում եմ, որ գումար հավաքագրողների հաստիքն են կրճատել՝ ծախսերը կրճատելու համար: Բայց դա չի խանգարել, որ քաղաքապետի տեղակալների հաստիքներն ավելացնեն: Ու բնակիչների համար խնդիր ստեղծեն՝ մտածում էի ես թաղապետարան գնալու ճանապարհին:

Այդ կապակցությամբ հիշեցի խորհրդային մի հին անեկդոտ: Քաղաքում նոր կամուրջ է կառուցվում՝ գերժամանակակից: Որոշում են պահակ կարգել, որ վնաս չտան: Գտնում են խեղճուկրակ մեկին, որ չեղած թոշակին մի քանի կոպեկ աշխատավարձ գումարվի՝ իր ու իր պառավի գլուխը մի կերպ պահի: Բայց մարդը ծեր է, համ էլ ամիսը երկու անգամ աշխատանքային ժամերին իրավունք չունի լքել իր աշխատանքի վայրը (այն ժամանակ ամիսը երկու անգամ էին վճարում՝ աշխատավարձը կիսելով): Որոշում են առաքիչ ընդունել աշխատանքի, որպեսզի գումարը հասցնի պահակին: Բնականաբար, գտնում են ծանոթ մեկին: Արդեն երկու առանձին աշխատող է հայտնվել՝ ուրեմն անհրաժեշտ է նոր հաշվետար: Մեկ այլ ծանոթի էլ ընդունում են այդ պաշտոնին: Չար լեզուններն ասում էին, որ նույնիսկ նոր բաժին են ստեղծում և մի լավ ընկերոջը կամ բարեկամին վարիչ նշանակում: Բայց այնպես է պատահում, որ երկրի տնտեսական վիճակը վատանում է, և որոշում են կրճատումներ անել: Մտածում են, թե ում կրճատեն: Բոլորն էլ ղեկավարի «մարդիկ» են: Վերջը ելքը գտնում են՝ կրճատում են ծեր պահակին:

Հիմա սրանք են: Ենթադրաբար կրճատել են շաբաթը մեկ համատիրության գրասենյակ եկող աշխատակցին: Ու մարդկանց ստիպոււմ են հասնել թաղապետարան: Այդ մտածմունքներով հասա այնտեղ: Բայց բախտս բերեց՝ մարդ քիչ կար: Հերթ պահեցի: Ինձանից մի քիչ ավելի տարիքով մեկը բողոքում էր, որ նախկինում անշարժ գույքի վարձաչափն անընդհատ նվազում էր, իսկ այս տարի նախորդի համեմատ աճել է: Մեկ այլ տատի էլ բողոքում էր, որ թանկացում է եղել, իսկ ինքը տեղյակ չէ: Աշխատող կինն ասաց, որ հեռուստացույցով ժամանակին անընդհատ խոսվել է անշուրժ գույքի վարձավճարի փոփոխությունների մասին: Չնայած թաղապետարանի աշխատակից կինը ոչ ծանոթս էր և ոչ էլ բարեկամս՝ գումարած դրան նոր իշխանությունը չընդունելուն, այնուամենայնիվ, փորձեցի բացատրել բարձրացման պատճառը: Թող մարդիկ իմանան, էլի: Բայց վստահ չեմ՝ հասկացան, թե ոչ: Հերթս հասավ, ու ես էլ վճարելով՝ շարժվեցի դեպի դուռը:

Նիկոլական իշխանության գործունեության արդյունքը ներկայացնելու շարունակությունը թողնելով այդ իշխանության տեղական ներկայացուցիչներին: Բայց նրանք լուռ էին. երևի անընդհատ նույն բողոքն են լսում: Չէ, ավելի ճիշտ՝ տրտունջը: Ու հոգնել էին նույնը պատասխանը տալուց:
Թաղապետարանից դուրս գալով՝ մտա շուկա (դեմ դիմաց են) ու մի երկու բան առնելով՝ եկա կանգառ: Կանգառում մի ծերուկ մյուսին բողոքում էր զատկական գնումների՝ հատկապես բանջարեղենի ու ձկան թանկությունից:

«Դրան Փաշինյան կասեն»՝ եզրակացրեց բողոքողը և լռեց: Այդտեղ ես զարմացա: Որովհետև առաջին անգամ էի լսում նման արտահայտություն: Նախկինում մեր լսած ամենատիպիկը և ամենահստակը «էդ խեղճ հայվանն ինչ ա կարող անել որ» արտահայտությունն էր: Իսկ «դրան Փաշինյան կասեն»-ը անորոշ ձևակերպում է: Այն կարող է նշանակել՝ «ինչ կուզի՝ այն էլ կանի», բայց կարող է նշանակել նաև մեկ այլ բան: Զրուցակիցն անընդհատ լռում էր: Չգիտեմ՝ իմ ներկայությունից էր քաշվում, թե բնավորությունն էր այդպիսին:

Ինչևէ, «խոսակցությունն» ավարտվեց, ասվածի իմաստն էլ մնաց չպարզված: Մեկ էլ տարիքով մի կին խառնվեց մենախոսությանը. «Նիկոլ էիք ընտրում, դե վայելե՛ք»,- ասաց ու անցավ-գնաց: Մինչ այդ նրան չէի նկատել. ինչպես երևում է, անցնելուց լսել էր ու կանգնել: Այնպիսի տպավորություն ստացա, որ տղամարդկանց չէր ճանաչում: Բայց կարող էր նաև այդպես չլինել: Բողոքողը չարձագանքեց: Մտքումս խնդացի, բայց այն դառն էր: Դառն էր, քանի որ վերաբերում էր իմ հայրենիքին և ոչ թե թուրքերի՝ որ լիաթոք ծիծաղեի: 

Տուն գալով՝ սովորականի նման անցա լրատվական կայքերը դիտարկելուն: Ու «Հրապարակի» համար հերթական հոդվածը գրելուն: Բայց այդ պահի համար հերթականն այս մեկը չէր. սրա նախորդն էր: Կյանք է՝ այդպես էլ է պատահում: