«Հրապարակ». Վերադարձ չկա․ Փաշինյանը ոչնչացրել է հարաբերությունները

«Հրապարակ». Վերադարձ չկա․ Փաշինյանը ոչնչացրել է հարաբերությունները

«Հրապարակը» զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։

- Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովում մի շարք հայտարարություններով հանդես եկավ․․․ Հետեւե՞լ եք։

- Մյունխենը ոչինչ չավելացրեց ո՛չ Ռուսաստանում Փաշինյանի ունեցած վարկանիշին, ո՛չ էլ փաշինյանական Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մոտալուտ խզման հեռանկարին։ Դա այլեւս անխուսափելի է, նոր պատճառներ դրա համար պետք չեն։

- Փաշինյանը մասնավորապես հայտարարեց, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։

- Դա հին ու վաղուց հայտնի նորություն է։ Եվ արդեն բոլորին է հասկանալի՝ բացի Հայաստանից, որ Փաշինյանը ոչնչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հաջորդ քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը եւ ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից։ ՀԱՊԿ-ի նիստը Հայաստանից դուրս անցկացնելու նախաձեռնությունն առաջին քայլն էր։

- Ալիեւն էլ է նմանատիպ հայտարարությամբ հանդես եկել, ասել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ 

- Նման բովանդակությամբ ձեւակերպումներ անում է նաեւ Չինաստանը։ Բայց կան երկրներ, որոնք կարող են դա անել, եւ կան երկրներ, որոնք դա չեն կարող անել։ Չինաստանին կարելի է նման հայտարարություններ անել, Հայաստանին չի կարելի։ Ադրբեջանի դեպքում տարբեր են կարծիքները։
Երկու տարվա ընթացքում մեր պատերազմի մասով Բաքվի ու Երեւանի այս բնույթի հայտարարությունները գրեթե զրոյի են հասել։ Իրավիճակի վրա չի կարողանում ազդել նույնիսկ Չինաստանի քաղաքավարի նեյտրալությունը։

- Դուք կարծում եք, որ Ադրբեջանին կարելի՞ է նման հայտարարություններ անել։

- Ռուսաստանը պատրաստ չէ Բաքվի հետ հարաբերությունների խզմանը, քանի որ ընդհանուր սահման ունենք Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի հետ ընդհանուր սահման չունենք։

- Մինչ այս բոլոր արեւմտյան հարթակները մերժող Ալիեւը հանկարծ գնաց Մյունխեն, Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ։

- Ալիեւը մանեւրում է։ Արեւմուտքի հետ կտրուկ խզման նա երբեք չի գնա։

- ՀԱՊԿ ռազմական գործիչները մտավախություն էին հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի վտանգ կա։ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն մերժում են թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ռուսական կողմին։ Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել։

- ՀԱՊԿ-ն հետաքրքրությունների ակումբ է։ Ռուսաստանից այն կողմ այս կառույցը ռեալ ուժ չունի։ Այն չի կարող որեւէ կերպ ազդել իրավիճակի վրա։ Թող դրա վրա ազդեն Փաշինյանի ընկերներ Ֆրանսիան եւ Եվրամիությունը։

- Իսկ Ադրբեջանը Ռուսաստանի համար լա՞վ դաշնակից է, դուք գո՞հ եք այդ դաշնակցային հարաբերություններից։

- Ադրբեջանը չի լինի Ռու- սաստանի դաշնակիցը։ Նա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակիցն է։ Հայաստանը վերջնականապես հեռացել է Ռուսաստանից։ Մնացել են տեխնիկական հարցերը՝ վերադարձ չի լինելու։