Թուրքիան փորձում է ավելի գլոբալ, ավելի արկածախնդրային, արկածախնդրություն պարունակող պրոյեկտներ ձևակերպել և առաջ տանել․ Ռուբեն Մելքոնյանը՝ «Թուրանական բանակի» մասին

Թուրքիան փորձում է ավելի գլոբալ, ավելի արկածախնդրային, արկածախնդրություն պարունակող պրոյեկտներ ձևակերպել և առաջ տանել․ Ռուբեն Մելքոնյանը՝ «Թուրանական բանակի» մասին

Հոկտեմբերի 27-ին թուրքական «Թյուրքիյե» (Türkiye, Թուրքիա) թերթի կայքում հրապարակվեց մի հոդված, որում անդրադարձ էր կատարվել «Թուրանական բանակ» անունը ստացած ռազմական կառույցի ստեղծման հնարավորությանը։ Հոդվածը հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի շրջանում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ֆոնին, նույնիսկ հոդվածում է նշվում գաղափարի կրկին արծարծման մասին հենց այս պատերազմի ֆոնին։

Նշենք, որ լայն իմաստով «Թուրանի», համաթուրանականության գաղափարի մասին առավել ընդգծված խոսվել է դեռևս նախորդ դարի սկզբին: Իսկ այս վերջին տասնամյակների ընթացքում խոսվում է այս գաղափարի մասին արդեն բավականին ագրեսիվ պետության համբավ ունեցող Թուրքիայի շուրթերից, իրեն աջակցող ազգայնամոլական, շովինիստական խմբավորումների կողմից։ Կառույցի ստեղծման նպատակը, ըստ էության, թյուրքալեզու, թյուրքական ծագում ունեցող ժողովուրդներին և թյուրքալեզու պետություններին միավորելն է, իսկ այս համաթյուրքականության այլընտրանքի գլխավոր շարժիչ ուժը տարիներ շարունակ փորձում է դառնալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Թուրքիայի Հանրապետությունը։ 

Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

-Պարո՛ն Մելքոնյան, թուրքական մամուլում հոդած է հրապարակվել, որտեղ խոսվում է «Թուրանական բանակ» ստեղծելու մասին։ Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է իրատեսական և ի՞նչ վտանգ է կարող ներկայացնել տարածաշրջանային պետությունների համար, այն տարածաշրջանների, որտեղ կան թյուրքալեզու պետություններ։

-Տեսեք, հարցը երկու մասի պետք է բաժանենք։ Առաջինը, ես այս պահին շատ իրատեսական չեմ համարում նման բանակի ստեղծումը, որովհետև թյուրքալեզու տարբեր պետություններ ունեն իրենց տարբերը շահերն այս պահին։ Իսկ գիտեք, որ նաև, օրինակ, թյուրքալեզու Ղազախստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Իսկ երկրորդ մասը հարցի, շատ վտանգավոր է, քանի որ դա Թուրքիայի տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ տևող կարևոր գաղափարափոխություններից մեկն է, «պանթուրանիզմը», որը ենթադրում է թյուրքալեզու տարբեր ժողովուրդների միասնություն մեկ պետության մեջ և կոնկրետ այս պարագայում՝ մեկ բանակի մեջ։ Եթե սա գաղափարախոսական այս ուղղության ազդեցությունն է և այդ ուղղության շրջանակներում փորձում են ձևավորել բանակ կամ գոնե հրապարակ են նետում այդ բանակը ձևավորելու գաղափարը, ապա կարող եմ ասել, որ սա պարունակում է իր մեջ լրջագույն սպառնալիք։ Իսկ եթե նայում ենք սրա ավելի ռեալիստական, քաղաքական կոմպոնենտին, ապա տարբերի տարիներին Թուրքիայի տարբեր քաղաքական շրջանակներում, վերնախավում քննարկվել է Եվրամիությանն այլընտրանք, ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը։ Եվ բնականաբար եթե Եվրամիությունն իր մեջ ներառում տարբեր եվրոպական երկրներ, եթե ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ական բանակն իր մեջ ներառում տարբեր արևմտյան երկրներ, ապա այդ նույն մոդելով թուրքական քաղաքական մտածողության մեջ կա թյուրքալեզու տարբեր պետություններ միավորելու և թյուրքալեզու տարբեր ժողովուրդների միջոցով համատեղ բանակ ստեղծելու գաղափարը։ Սա, նորից եմ կրկնում, շատ իրատեսական ինձ չի թվում, որովհետև տարբեր թյուրքալեզու պետություններ ի վերջո ունեն իրենց տարբեր շահերը, բայց սա վտանգավոր է թվում գաղափարի առումով և այդ գաղափարի շարունակ ակտիվացման առումով։ Սա նոր չէ, ուղղակի այս փուլում թուրքական իշխանությունները և թուրքական քարոզչամեքենան ավելի են ակտիվացնում։ Եվ մի բան էլ հավելեմ նաև, որ իրենց ավելի ռասիստական շրջանակներն առանձնացնում են թուրքերին ավելի մոտ ազգակցական կապ ունեցող ժողովուրդների միասնության և համատեղ բանակ ստեղծելու գաղափարը թուրքերի, ադրբեջանցիների, թուրքմենների և այլնի միասնությամբ։ Եվ սա խոսում է այն բանի մասին, որ թյուրքականության, այդ թյուրքալեզու ժողովուրդների միասնականության և այդ հարցի շուրջ ինչ-որ քաղաքական հեռու գնացող նպատակներ կառուցելու գաղափարը շատ ակտիվ է թուրքական քաղաքական վերնախավում։ Սա չպետք է անտեսել, սա պետք է պահել ուշադրության կենտրոնում, որովհետև սա լրջագույն սպառնալիք պարունակող խնդիր է, նաև եթե հաշվի առնենք Թյուրքիայի տասնամյակներ տևող ակտիվությունը հետխորհրդային թյուրքալեզու պետություններում ՝ Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և այլն։ Եվ նաև կարող ենք այս օրերին էլ տեսնել տարբեր թյուրքալեզու պետությունների հետ օրերս նաև ռազմական համագործակցության  տարատեսակ պայմանագրերը։ Այսինքն՝ սա լրջագույն վտանգ է, որը գնալով ավելի հասունանում է։

- Կարո՞ղ են դիտարկել նաև այն հանգամանքը, որ ո՛չ Չինաստանին, ո՛չ Ռուսաստանին ձեռնտու չէ այսպիսի իրավիճակը։ Որ նաև կարող են վտանգներ լինել։ Այստեղ նաև Ղրղզստանի ու Ղազախստանի հարցն էլ կա, ինչ-որ չափով Ռուսաստանի ազդեցության հարցն էլ կա։

-Բնականաբար այդ «պրոյեկտն» ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի և Չինաստանի գլոբալ քաղաքական շահերին տարբեր առումներով։ Ռուսաստանը, ինչպես ասացի, լինելով ՀԱՊԿ-ի լոկոմոտիվ պետություն և ՀԱՊԿ-ի կազմում ունենալով երկու թյուրքալեզու պետություն, բացի այդ, իր կազմում ունենալով մի շարք թյուրքալեզու ժողովուրդներ, որոնք առանձին «սուբյեկտներ» են Ռուսաստանի Դաշնության կազմում, նրա համար անցանկալի սցենարներից մեկն է, նույնը բնականաբար Չինաստանում՝ պայմանավորված ույղուրական գործոնով։ Թյուրքալեզու ույղուրների ուղղությամբ Թուրքիան հետևողական քայլեր է անում։ Եվ կարծում եմ, որ այս գլոբալ շահերի հակասությունը, բախումն էականորեն թուլացնելու է այս պահին նմանատիպ բանակի ստեղծման գաղափարը, բայց ինքնին գաղափարի շրջանառումն արդեն խոսում է հեռու գնացող վտանգների և նպատակների մասին։       

-Եթե դիտարկենք, որ Եվրոպայում սկսեցին հակաիսլամական տրամադրություններ, սրվեցին հարաբերությունները Ֆրանսիայի և Թուրքիայի միջև։ Այս հանգամանքն էլ, որ հաշվի առնենք, արդյո՞ք սա կարող է գործուն ազդեցություն ունենալ նաև իսլամական պետությունների, թյուրքալեզու պետությունների շրջանում համաթյուրքականության գաղափարների հասունացման վրա։

-Տեսեք, Թուրքիան իր այդ ակտիվ քարոզչության մեջ շեշտը դնում է ոչ միայն էթնիկ, թյուրքական ծագման, այլև շեշտը դնում է նաև կրոնական պատկանելիության՝ իսլամի վրա։ Եվ արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիան հանդես է գալիս «իսլամի պաշտպանի» կամ «իսլամական համերաշխության» առաջատարի դերում, կամ գոնե հավակնում է այդ դերին։ Եվ չի բացառվում՝ այն շրջանակները, որոնք ակտիվ գտնվում են թուրքական քարոզչության տիրույթում, կլինեն արաբական, արաբալեզու տարբեր երկրներում, թե Եվրոպայում բնակվող մուսուլմանների շրջանում շատ ջերմ արձագանքեն կամ ակտիվ արձագանքեն թուրքական այս նկրտումներին։ Բայց վստահ եմ, որ նաև կլինեն հակակշռող, հակազդող տարբեր գործոններ և ուժեր, ինչն այս պահին կփորձի հավասարակշռել։ Բայց այն, որ թյուրքական և իսլամական խնդիրները շահարկելով՝ Թուրքիան փորձում է ավելի գլոբալ, ավելի արկածախնդրային, արկածախնդրություն պարունակող պրոյեկտներ ձևակերպել և առաջ տանել, ակնհայտ է։ Եվ ենթադրում եմ, որ քաղաքակիրթ աշխարհը նաև պետք է հասկանա, որ թուրքական սպառնալիքը չի սահմանափակվում միայն մեկ աշխարհագրական տարածքով, դիքուք՝ Արցախի դեմ կամ Հայաստանի դեմ, չի սահմանափակվում մեկ պրոյեկտով, այլ այն բավական լայն է և իր մեջ կրում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ուղղված են տարբեր պետությունների և ընդհանրապես քաղաքակրթության դեմ։ Այնպես որ, երևի թե, ամենաճիշտ ձևակերպումն այն կլինի, որ Թուրքիան սպառնալիք է աշխարհի և քաղաքակրթության համար, և աշխարհն ու քաղաքակրթությունը պետք է համատեղ քայլեր անեն ընդդեմ Թուրքիայի, ընդորում կարող ենք այսպես ասել՝ «Միավորվեն Արցախի դրոշի ներքո՝ պայքարելով ահաբեկչության և թուրքական սպառնալիքի դեմ՝ Արցախն ընդունելով որպես այդ ամենի առաջամարտիկ»։