Ամեն մեկս 50-100 եվրո՝ առանց նեղություն քաշելու կարող ենք ուղարկել.քաղաքացիների սրտով չեն հիմնադրամի հրապարակած թվերը

Ամեն մեկս 50-100 եվրո՝ առանց նեղություն քաշելու կարող ենք ուղարկել.քաղաքացիների սրտով չեն հիմնադրամի հրապարակած թվերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հանգանակած գումարն անցել է  150 միլիոն դոլարի սահմանագիծը: Նվիրատվություններ են արվել աշխարհի 73 երկրներից:

Ըստ պատկերի՝ հանգանակած գումարների 45.3 տոկոսը ԱՄՆ-ից է: Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 33.3 տոկոսով: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 10.7 տոկոսով, չորրորդում՝  Ֆրանսիան՝ 2.9 տոկոսով: Մյուս երկրների ցուցանիշը մեկ տոկոսը չի գերազանցում: Քաղաքացիներից ոմանք  փորձում են պարզ վերլուծություններ անել՝ հասկանալու համար, թե ով որքան է սիրում իր հայրենիքը, որքան է արժևորում՝ գումար հատկացնելով կամ չհատկացնելով հիմնադրամին: Շատերը, անկախ այն հանգամանքից, որ ֆրանսիայի հայերը օրեր, շաբաթներ շարունակ վտանգավոր ակցիաների մեջ են, նկատում են, թե 400 հազարանոց համայնքից յուրաքանրյուրն անգամ 4 միլիոն եվրո չի փոխանցել հայրենիքին: Հետո սլաքներն ուղղվում են  ռուսաստանահայերին: 2մլն-ից ավել հայ կա այնտեղ, բայց ընդամենը  15մլն. դոլարի փոխանցում է արվել, որի առյուծի բաժինը  մեծահարուստներ Սամվել Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի հատկացրածն  է:  Hraparak.am-ի զրուցակիցը  Ավստրիայում ապրող մեր հայրենակցուհի Սոնա Սիրունյանն է: 

«Առաջին բանը, որ մտքիս եկավ, այն  էր, որ աստեղ՝ Ավստրիայում,  հայերը քիչ են։ Հետո մտածեցի՝ միևնույն է՝ դա արդարացում չէ։ Գիտեք՝ ինչո՞ւ: Ամեն մեկս 50-100 եվրո՝  առանց նեղություն քաշելու(վստահ եմ, որ այդպես է) կարող ենք  ուղարկել։ Էլ չեմ ասում, որ իրենց մի քիչ նեղություն տան, ու ծախսերը սահմանափակեն։ Խոսքս  վերաբերվում է մեր նման ընտանիքին, որտեղ  տանը 3 երեխա կա(դպրոց, պարտեզ, կրեդիտ, կոմունալ, եւ այլն...), և տանից մեկն է աշխատում։ Մինչդեռ մեր միջավայրում նման ընտանիքները քիչ են։ Հիմնականում 2-4 աշխատող ձեռք կա ամեն տանը։ Ու իրենց տան անդամներից ամեն մեկի ավտոմեքենան, իրենց վարած առօրյան...և էս ամենի ֆոնին ընդհանուր արդյունքը...ուղղակի ամոթ է:Ես հասկանում եմ՝ սա այն  դեպքը չէ, որ մարդկանց պարտադրես։ Ամեն մեկի խղճի վրա է...կուզեն կանեն, չէ`չէ... :Կան մարդիկ, որ ամիսը 600-800 եվրո մեքենայի ամսական վճարումներ են անում։ Արժեհամակարգի խնդիր է:  Պետք է  արժեքները համեմատության մեջ դնես, պիտի կարողանաս իրարից զատել առաջնայինը, երկրորդականն ու  երրորդականը... դա էնքան էլ բարդ չէ։ Մարդիկ կան, որ իրենք մենակ մեծ-մեծ փրթելու համար են։Ու  չեն հասկանում, որ երբ  Եվրոպայից գնում են Հայաստան, իրենց բարեկամների մոտ գլուխ են գովում, էս անտարբերությամբ դրա հնարավորությունը չունենալու վտանգի առաջ են կանգնած:  Սա իհարկե, մի քիչ ծաղրով եմ ասում, բայց պետք է  լուրջ մտածել:  Իհարկե,  շատերին էլ գիտեմ, որ ակտիվ են, պարբերաբար գումարներ են ուղարկում, ակցիաներ են անում, ինչ-որ բաներ են վաճառում, գումարը փոխանցում են։ Առաջիկայում համերգ է նախատեսված Վիեննայում, որի հասույթը եւս պետք է ուղղվի հիմնադրամին։ Բայց պասիվները  չպետք է իրենց հույսը ակտիվ մասսայի վրա դնեն։ Սա բոլորի պարտքն է, ամեն մեկինս՝ առանձին-առանձին»,-ասաց մեր զրուցակիցը։ 
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող  մեր հայրենակիցներից մեկի կարծիքով էլ հիմնադրամի հրապարակած թվերը  օգնության իրական  պատկերը չեն  արտացոլում: «Այս թվերը քիչ բան են ասում, որովհետև բացի հիմնադրամից նաև այլ ֆոնդեր կան, անհատներ, նվիրյալներ բանակին, ովքեր էլի դրամական փոխանցում են արել դեռ մինչև պատերազմն էլ, ու շատ վստահելի են։Միայն ՌԴ-ից  գրեթե ամեն օր ֆուռերով օգնություն է գալիս՝ սկսած դեղորայքից, զինվորական հագուստից, վերջացրած՝ սնունդ ու տարրական այլ պարագաներ»,-ընդգծում է նա: