Սպանության գործը կհասնի մինչեւ Միացյալ Ազգերի կազմակերպություն

Սպանության գործը կհասնի մինչեւ Միացյալ Ազգերի կազմակերպություն

Թուրքիան աշխատում է գործընկեր այլ պետությունների հետ, որպեսզի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործը հասցվի մինչեւ Միացյալ Ազգերի կազմակերպության բարձր ամբիոն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Ինչպես հայտնում է NTV-ն, Մեւլյութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Թուրքիան շարունակում է իր համակողմանի հետաքննությունը՝ կապված լրագրողի սպանության հետ։ Համատեղ մի շարք այլ պետությունների հետ, մենք շարունակում ենք աշխատել որպեսզի լրագրողի սպանության հարցը ներառվի ՄԱԿ օրակարգում եւ բարձրանա նման բարձր ամբիոն»։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայումս իրենք սպասում են, որպեսզի Սաուդյան Արաբիան իրենց եւ միջազգային հանրության հետ կիսվի սպանության գործով իրականացվող սեփական հետաքննության արդյունքներով։ «Մեզ դեռեւս չեն ասել, թե որտեղ է լրագրողի մարմինը։ Չէ որ նրանք, ովքեր սպանել ու մասնատել էին Հաշուքջիին հիմա Սաուդյան Արաբիայում են, ինչպես նաեւ նրանք, ովքեր դրա հրամանը տվել են։ Այսինքն բոլոր պատասխանատուները Սաուդյան Արաբիայում են»,- նկատել է նախարար Չավուշօղլուն։