Աստված, կյանքս առ, հետո` խելքս

Աստված, կյանքս առ, հետո` խելքս
Մանվել Գրիգորյան

Հայի փորկապությունը բոլորովին այլ թեմա է: Այն որեւէ աղերս չունի այդ բավականաչափ տարածված երեւույթի հետ: Հայի մոտ փորկապությունը սկսվում է ուղեղի հրահանգով, ընդ որում` երկու կիսագնդերը, կարծես, միաժամանակ են գործում: Զուգարանում «զոռելով»՝ հայկական փորկապությունն անհնար է հաղթահարել: Կիսագնդերը շարունակում են տենդագին գործել հատկապես բժշկի կաբինետում, երբ նա դեղատոմսի վրա բիոմիցին է գրում: Էջմիածնում հայկական փորկապության իսկական համաճարակ է սկսվել:

«Մանվելին թողել են» լուրը ուղեղի կիսագնդերը ստացել են միաժամանակ եւ միաժամանակ էլ ռեստարտ են եղել մոտ 6 ամսվա թմբիրից հետո: Դեռ հուլիսին էր ԱԱԾ-ն տարել Մանվելին` իր սեփական տարածքներում «տուշոնկա-սգուշչոնկա» պահելու համար: Սարսափելի էր մեղադրանքը` «զինվորի պայոկ է կերել»: Դատը մի քանի ժամ տեւեց, նստացրեցին ու սկսեցին «քնընել» իրենց իսկ հնարած մեղադրանքը: Ամիսներ անցան, խափանման միջոց փոխվեց, Մանվել Գրիգորյանին բաց թողեցին` կիրառելով գրավը: Նման բան կարող է լինել միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները նախաքննության ընթացքում չեն կարողանում որեւէ համոզիչ բան ներկայացնել դատարանին, որով հնարավոր լինի դատել մարդուն: Մարդն ինչքա՞ն կարող է նստել առանց դատուդատաստանի: Սա է հարցը: Եվ, ուրեմն, ի՞նչ պետք է անեին Մանվել Գրիգորյանին: Նա հո էքսպոնատ չէ՞ր, որ պահեին ԱԱԾ թանգարանում կամ ՀՔԾ պատկերասրահում:

Էջմիածինցիները, որոնք բոլորից լավ են ճանաչում Մանվել Գրիգորյանին, բողոքի ակցիաներ են իրականացնում եւ պահանջում նրան հետ տանել բանտ: Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, աչքը, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: Բայց, արդյոք, ճի՞շտ են վարվել իրավապահները, որոնք Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց տուն են ուղարկել` որեւէ բացատրություն չտալով հանրությանը: Հանրությունը դեռ մի կողմ: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ասում` ինձ համար դա անակնկալ էր: Փաստորեն, շատ հետաքրքիր բան է տեղի ունենում Հայաստանում:

Այսինքն, Մանվելին «վերցնելիս» Փաշինյանն ամեն ինչից տեղյակ էր, կարելի է ասել` ամեն ինչ անում է, որ լավ կադրեր ստացվեն գեներալի պահեստներում, իսկ երբ Մանվելին ազատում են, անտեղյակ է: Փաշինյանի չքմեղացումից իմ ուղեղի կիսագնդերն էլ մի պահ փորձեցին միեւնույն ինֆորմացիայի վրա աշխատել, բայց դա, փառք Աստծո, երկար չտեւեց, որովհետեւ թե՛ Նիկոլ Փաշինյանին եմ լավ ճանաչում եւ թե՛, չզարմանաք, Մանվելի արջին: Ի դեպ, ես միակ լրագրողն եմ, որ մասնակցել եմ ԱԱԾ-ում այդ կենդանու հարցաքննությանը: Արջի մասին է խոսքը: Նա հերքեց ժամկետանց տուշոնկայով իրեն կերակրելու մեղադրանքը` հրաժարվելով նույնիսկ հոտոտել այդ «մսամթերքը»: Եվ, ուրեմն, այդ արջն ԱԱԾ-ի միակ հույսն էր, որ կարող էր հաստատել գեներալին առաջադրված ծանրագույն մեղադրանքը, այն է` «զինվորի հացը» գողանալը: Բացի այդ, ապրիլյան պատերազմի օրերին լինելով Արցախում եւ նույնիսկ առաջին գծում՝ այդպես էլ սոված զինվոր ու սպա չեմ տեսել, եթե չասեմ, որ նկատելի «ավելցուկով» սնունդը դիրքեր էր հասնում հսկայական բեռնատարներով: Բայց թեմայից չշեղվենք:

Էջմիածնում հիմա ցույցեր են անում Մանվելի դեմ: Ովքե՞ր են ցույց անողները: Նրանցից մեկը Երեւանում` Գլխավոր դատախազության դիմաց, իրեն հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ: Յա՛ա՛ա՛, փաստորեն, «զապոռի» քաղաքացիականն էլ է լինում: Բա որ ակտիվիստ ես, չգիտե՞ս, որ դատարանը պետք է որոշի, թե որտեղ նստի Մանվել Գրիգորյանը` տա՞նը, թե՞ բանտում: Երկու տարի առաջ այդ նույն ակտիվիստներով մեռաք Մանվել Գրիգորյանի ու նրա որդու համար ձայն հավաքելով: Այդ ի՞նչ պատահեց, հանկարծ, որ հիմա նրա դեմ եք ելել: Իսկապես հետաքրքիր է` քանի՞ մարդ կա այսօր Էջմիածնի ցուցարարների մեջ, որ 5 կամ 10 հազարական դրամ է վերցրել Մանվելից ու քվեարկել նրա օգտին: Իսկ քաղաքապետուհի՞ն ինչու է լռում: Նա՞ քանի մարդ է տարել Մանվելի դեմ ցույցին: Ճո՞յտն ինչպես հայտնվեց այդ ցույցում:

Ամենախայտառակ հանցագործից անգամ ներողություն են խնդրում, երբ չեն կարողանում հաստատել մեղադրանքը: Հայաստանում կա՞ այն մարդը, որ պատրաստ է ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից եւ հրաժարական տալ այս ողջ խայտառակության համար: Դատելով մեր իրավապահների անդարդ դեմքերից` չկա: Եվ դա է պատճառը, որ մարդիկ նայում են Նիկոլ Փաշինյանին ու նրանից բացատրություն սպասում: Իսկ բացատրություն չի լինելու:

Ասացի, չէ՞, լավ եմ ճանաչում Փաշինյանին: Նրա համար խեղդվողի փրկությունը խեղդվողի սուրբ պարտականությունն է, վերջ, գնացեք` ոչխար պահեք, գնացեք` ձեզ գործ ճարեք… Այ, այսպիսի արդարություն ենք մենք ստացել հեղափոխությունից: Է՛ս դուք, է՛ս ձեր Մանվելը, գնացեք ապրեք իրար հետ: Բայց լավ-վատ՝ ապրում էին մարդիկ, ինչո՞ւ իրար դեմ հանեցիք, թշնամացրեցիք նրանց: Կարելի է, չէ՞, գոնե հիմա սեփական քաղակտիվիստներին եւ քաղաքի նոր իշխանությանը բացատրել, որ կարիք չկա ավելորդ տեղը գրգռել ժողովրդին, որը վաղուց է կորցրել բռնել-բացթողնելու դեպքերի հաշիվը: Ասենք, ում ինչ ենք ասում: Մի՞թե ակտիվիստներին ու քաղաքային նոր իշխանություններին դրդողը Փաշինյանն ու նրա իրավապահ համակարգը չեն, թե տեսեք-տեսեք` արդարադատություն իրականացնելն ինչքան դժվար գործ է:

ՀԳ. Ասում եմ` էջմիածինցիների փորկապությունն անցնի` գնանք մի խուլիգանի քեֆ անենք մեր սրբավայր քաղաքում: Զուռնով, դհոլով, տուր-տրաքոցով: Այլապես էս ի՞նչ ենք դարձել: Հայի թշնամուն հերոսացնում են` ասում ենք Ալիեւը խոհեմ մարդ է, հային տուն են թողել` վրա են տվել, ուզում են, թե մորթեն: Ո՞ւր ենք հասնելու այսպես: