Հավերժական պատերազմ չի լինում, պետք է նստել ու խոսել

Հավերժական պատերազմ չի լինում, պետք է նստել ու խոսել

Հարցազրույց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանի հետ

- Ի՞նչ գործոններ են հարկավոր ռազմական գործողությունները դադարեցնելու, բանակցությունների սեղանի շուրջ  վերադառնալու համար։ Միջազգային հանրությունն անհասցե կոչեր է անում՝ կրակը դադարեցնելու, սակայն ռազմական գործողությունները շարունակվում են։ Մյուս կողմից, մենք չենք կարող, չէ՞, անվերջ պատերազմել։

- Անշուշտ, յուրաքանչյուր պատերազմ վերջ է ունենում, եւ  հարցերը, վերջին հաշվով, լուծվում են բանակցությունների արդյունքում։ Այս պահին կրքերը բավական շիկացած են, եւ դժվար է ասել, թե երբ ու ինչպես, դա անգամ հայկական ու ադրբեջանական կողմի խնդիրը չէ այսօր, շատ կարեւոր է  միջազգային հանրության, մեծ տերությունների դերակատարությունը։ Եթե չեն ցանկանում, որ տարածաշրջանում հումանիտար աղետ լինի, պետք է գործնական քայլեր կատարեն։ Ես նկատի ունեմ՝ փորձեր արվեն, նորից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ խոսել այնտեղ։ Ես այլ բան չեմ տեսնում։ Կա երկու ճանապարհ՝ կա՛մ մի կողմը պետք է մյուսին կապիտուլյացիայի ենթարկի, բայց քանի որ երկու կողմերում էլ բավականին ռազմական մեծ ներուժ է կուտակված, եւ կարծում եմ, որ ավելի հավանական է, որ միջամտություն լինի՝ Մինսկի խմբի համանախագահողների կողմից։

- Համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունից բացի այլ բա՞ն եք ակնկալում՝ ի՞նչ։

- Շատ դեպքերում դիվանագիտությունը միայն հայտարարությունների տեսքով չի լինում, եւ առավել շատ,  այսպես ասած՝ «ջրի տակն» է լինում դիվանագիտության գործնականությունը։ Համոզված եմ, որ հայտարարություններից զատ լինում են քննարկումներ, որոնց լայն հասարակությունը տեղյակ չի լինում։ Ես մտածում եմ, որ մեր կողմից ակտիվությունը պետք է շարունակել, պետք է խոսել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջազգային կառույցների եւ, ընդհանրապես՝ համաշխարհային հանրության հետ, որովհետեւ սա այլեւս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, այն վերածվել է ուրիշ բանի։ Ակտիվ մասնակցություն են ունենում Թուրքիան, ահաբեկչական կառույցները։ Սա գլոբալ նոր իրավիճակ է ստեղծում, եւ Եվրոպայում կամ ԱՄՆ-ի տաքուկ սենյակներում նստած մարդկանց միգուցե այս իրավիճակն ապահով է թվում, բայց եթե այսպես շարունակվի, կարող է հասնել նաեւ իրենց  աշխարհ։

- Վարչապետը հայտարարում է, որ չենք դիմելու ՀԱՊԿ-ին, մենք մեր անվտանգությունը պահում ենք։

- Ճիշտ է, Հայաստանի իշխանությունները նման հայտարարություն արեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ այստեղ հարցն այն չէ՝ ի վիճակի՞ ես արդյոք քո ռեսուրսներով հարցը լուծել, թե՞ ոչ։ Կա թղթի վրա ստորագրություն, համաձայնություն, պարտավորություններ, եւ եթե կա այդ  կառույցը, ապա դրա կենսունակությունն է պետք նաեւ փորձել՝ արդյոք այն պատրա՞ստ է գործնական քայլերի դիմել, թե՞ կենացների մակարդակում է այս ամբողջը։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մեր իշխանությունները չեն դիմում, ինչո՞ւ նպատակահարմար չեն գտնում դիմել ՀԱՊԿ-ին։

- Դա այնպիսի հարց է, որին պատասխանելու համար պետք է ամբողջական ինֆորմացիայի տիրապետել, նկատի ունեմ՝ միջպետական հարաբերություններ, ղեկավարների միջեւ հարաբերություններ, ամբողջ նրբություններին, որ կարողանաս մի բան ասել։

- Ղեկավարների միջեւ հարաբերություննե՞րն են այսօր գերակա։

- Ես նկատի ունեմ, որ թե՛ միջպետական, թե՛ միջանձնային հարաբերությունները միշտ էլ դերակատարություն են ունեցել նման դեպքերում, ինչպես ասում են, դա նոր բան չէ։

- Ուզում եք ասել, որ եթե Փաշինյանը չլիներ, այլ Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունեցող մեկ ուրիշը լիներ, այլ պատկեր կունենայինք։

- Ես չեմ կարող նման բան քննարկել՝ եթե այսպես լիներ, այնպես կլիներ, համապատասխան տվյալների չեմ տիրապետում, որ իմանամ հարաբերություններ, վերաբերմունք, եւ ընդհանրապես՝ դրա մասին ճիշտ կլինի խոսեն նրանք, ովքեր կոմպետենտ են։ Ամբողջ խնդիրը Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքն է, մեր կապերի, ռեսուրսների քիչ լինելու։ Վերջին տարիներին բանակցող կողմը եղել է Հայաստանը, այս պարագայում դու չես կարող տիրապետել բանակցություններին ողջ խորությամբ, դու կարող ես ենթադրություններ անել որեւէ պաշտոնյայի հրապարակային հայտարարությունից։

- Դուք այսօր Արցախի խորհրդարանական դիվանագիտությունն եք ներկայացնում, հիմա մտահոգված չե՞ք այս իրավիճակով, չե՞ք հարցնում ՀՀ պատկան մարմիններից՝ ինչո՞ւ չեք դիմում բոլոր կառույցներին, ինչո՞ւ չեք դադարեցնում կրակը, ո՞ւմ հետ եք բանակցում,  մտածում եք, որ պետք է անվերջ պատերազմե՞ք, դա՞ է հարցի լուծման ճանապարհը։

- Այո, մենք ճակատում ենք, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դիվանագիտությունն ունի իր ստվերային կողմը, իսկ մենք՝ Արցախը, նման ռեսուրսներ չունի՝ պետությունների հետ ուղիղ հարաբերվելու, այստեղ վճռորոշ է լինելու Երեւանի խոսքը։

- Դուք պաշտոնական Երեւանի հետ կապի մեջ չե՞ք, չե՞ք հարցնում՝ ինչ է կատարվում, Արցախից որեւէ ուղերձ չե՞ք հղում, թե ում հետ է պետք նստել-խոսել։

- Երկու ուղերձ, նախ՝ որ պետք է ռազմաճակատում հաջողություն արձանագրել, որովհետեւ բանակցությունների ընթացքն ավելի շատ դրանից է կախված լինելու, մյուս կողմից էլ՝ այո, պնդում եմ, որ անհնարին է առանց բանակցելու որեւէ հարցի լուծում ապահովել։ Աշխարհում չի եղել նման բան, որ խոսքը չլինի տիրակալ, չնստեն, չխոսեն եւ այլն։ Այս երկու ճանապարհով պետք է զուգահեռ քայլել։ Ես ուզում եմ ընդգծել, որ չպետք է մոռանալ Ռուսաստանին, այդ երկրի հետ շուրջ 330-340 տարվա քաղաքական հարաբերություններ ունենք։ Դա չպետք է մոռանալ, անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ ղեկավարը կամ ՌԴ ղեկավարը։ Այս ժողովուրդներն ու երկրներն ունեն շահերի համընկնում, պատմական զարգացումներն են այդպես բերել-հասցրել, եւ քաղաքական գործիչները պետք է սա սթափ գնահատեն։ Դա շահեկան կլինի թե՛ հայ ժողովրդի, թե՛ ռուս ժողովրդի համար։
Պետք է կարճատեւ եւ երկարատեւ ժամանակների համար քայլեր անել, հասկանում եմ՝ մենք փոքր պետություն ենք, բայց անկախ դրանից՝ Ռուսաստանն այստեղ շահեր ունի։ Անդրկովկասում տեսեք ով է մնացել Ռուսաստանի դաշնակիցը, եւ դարերի ընթացքում է ապացուցվել, որ մենք մեր դաշնակցային պարտականությունները մշտապես կատարել ենք։ Սա պետք է ներկայացնել Ռուսաստանի հանրությանը, ղեկավարությանը։
Այո, բանակի դերակատարությունն անչափ մեծ է, որովհետեւ թույլ երկրի ժողովրդի հետ ոչ մեկը հաշվի չի նստում, բայց հավերժական պատերազմ էլ չի լինում, ու պետք է նստել եւ խոսել։

- Իշխանական շրջանակներում շոշափվում է բանակցային ֆորմատի փոփոխության հարցը, որ ժամանակն է Թուրքիայի հետ անմիջական բանակցությունների գնալ։ 

- Ես այդ հարցում լոյալ եմ այն առումով, որ կարելի է խոսել, բայց թերահավատ եմ, որ Թուրքիայի հետ կարելի է հարց քննարկել, որովհետեւ այնքան թշնամաբար են տրամադրված, որ դժվար թե խոսել կարողանան, հայի արյան ծարավ են։