Ես հիմա պիտի թողնեմ, որ Աննա Վարդապետյանն ինչ ուզի, անի՞

Ես հիմա պիտի թողնեմ, որ Աննա Վարդապետյանն ինչ ուզի, անի՞

Բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ սեւազգեստ մայրերն այսօր` սեպտեմբերի 14-ին կրկին Կառավարության շենքի դիմաց էին: Ծնողները պնդում են, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, քանի որ դատախազ ընտրվելիս իր ելույթում խոստացել էր բացահայտել այդ գործերը, նշելով, թե դրանք իր օժիտն են: 

2010 թվականին խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանն, ով ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնն է բարձրացնում, ասաց, որ «սայլը տեղից չի շարժվում»` ոչ վարչապետը, ոչ գլխավոր դատախազը և ոչ էլ Մարդու իրավունքների պաշտպանը որևէ կերպ չեն արձագանքում իրենց բողոքին, այն դեպքում, երբ նույն Աննա Վարդապետյանը պնդել է, որ այդ գործերը բացահայտված են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ծնողներին խնդրել է այլևս ակցիա չիրականացնել, խոստանալով բացահայտել բոլոր գործերը:

«Մենք տարիներ շարունակ պայքարել ենք: 2018 թվականին հեղափոխություն տեղի ունեցավ, իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպեց մեզ հետ, հանձնաժողով ստեղծեց: Տիկին Աննա Վարդապետյանն այդ ժամանակ դեռևս իրավաբան էր, Փաշինյանի հետ էր աշխատում, մեր բոլորիս գործերը շատ լավ ուսումնասիրեց, ամեն ինչը տեղը տեղին, մանրակրկիտ, նույնիսկ ապշած էր մնացել, ասում էր` ո՞նց կարելի է այսպես վարվել, այսքան բացթողումներ անել: Եկանք այն եզրակացությանը, որ իմ որդուն սպանել են, նույնը մյուս գործերի դեպքում: Բայց այսօր ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանն իրենց ոչ մի ասածին տեր չեղան: Համապատասխան հանձնաժողով ստեղծելու ժամանակ ասում էին, որ գործերն ուսումնասիրելիս հատ առ հատ պետք է դրանց մասին հրապարակավ խոսեն: Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ մենք խումբը ստեղծելուց հետո այլևս դուրս չգանք ակցիա իրականացնելու, որ իբր արդեն մեր նպատակին հասել ենք, գործերը բացահայտվել են: Մենք մեր խոստումը պահեցինք, իսկ Փաշինյանն իր ոչ մի ասածին տեր չկանգնեց: Ոչ մի բան տեղի չունեցավ:

Հասարակությունն էլ չիմացավ, թե ի վերջո` քանի գործ են բացահայտել, քանիսն ուսումնասիրել և այլն և այլն», - նշում է Իրինա Ղազարյանը:

Նրա խոսքով` եթե Աննա Վարդապետյանն իմանար, որ մի օր Գլխավոր դատախազ է դառնալու, ոչ մի պարագայում իրենց խոստումներ չէր տա և չէր պնդի, որ այդ գործերը բացահայտված են.

«Սեպտեմբերի 15-ին լրանում է Աննա Վարդապետյանին դատախազ նշանակվելու ուղիղ մեկ տարին: Նա մեկ տարի է սուտ խոսելով ոչինչ չի անում, զբաղվում է միայն ստախոսությամբ: Այսօր մենք անգամ չենք էլ ուզում, որ նա մեզ ընդունի, այլ պարզապես նա մեզ ասելու բան ուներ, նա մեր բոլորիս որդիների գործերն ուսումնասիրել էր և խոստացել, որ դրանց վարկածներն անպայման փոխելու է: Այս ընթացքում ոչ մի անգամ մեզ ոչ ընդունել է իր մոտ, ոչ հետներս զրուցել է, ոչ էլ անգամ գործերին է ընթացք տվել: Դեմներովս անցնում է, կարծես, մեզ չի էլ ճանաչում ու այդպես էլ պետք է լիներ: Այսինքն` մեր գործերի մասին Ազգային ժողովում մեծ-մեծ խոսեց, ասաց, որ դրանք իր օժիտն են, Եվրոպայում տեսախցիկների առաջ ելույթ ունեցավ մեր մասին, այսինքն` մեր գործերով առաջ գնաց, բայց երբ հերթը հասավ բացահայտմանը ոչինչ չարվեց: Չցանկացան, որ բացահայտեն, իրենք շատ լավ գիտեն ինչ է տեղի ունեցել: Աննա Վարդապետյանը չգիտեր, որ մի օր կարող է դատախազ դառնալ, դրա համար էր մեծ-մեծ խոսում, եթե գլխի գալիքն իմանար, դժվար թե մեր գործերը բացահայտեր: Այժմ ես վստահ եմ, որ նրան ճնշում են, որ ոչ մի պարագայում մեր գործերը չբացահայտի: Ո՞նց կարելի է այդպես վարվել: Իմ տղային սպանել են: Դեկտեմբերի 14-ի երեկոյան իմ տղան հետս խոսեց, ասաց՝ մամա, Ջհանգիրյան Մարտինը հրաման է տվել՝ թուրքերի հետ նարկոտիկի վաճառք անենք, ասացի, վայ, Արթուր ջան, զգույշ մնա, էս ի՞նչ ես ասում: Ամսի 15-ին ու 16-ին հեռախոսը չի զանգում, 17-ին երեխուս մահացած բերեցին Մուրացանի հոսպիտալ: Ես հիմա պիտի թողնեմ, որ Աննա Վարդապետյանն ինչ ուզի, անի՞, չէ…. Նիկոլին նա անձամբ ասել է, որ մենք ճիշտ ենք, որ սպանություն է տեղի ունեցել, դե թող հիմա կանգնի ու հայտարարի, որ փոխվում է մահվան վարկածը: Մեզ պետք չէ, որ մեր գործերն իրեն օժիտ պահի:

Հերիք չի իմ տղայի կյանքը խլել են, մի բան էլ ես ուղիղ 13 տարի է փողոցներում պայքարում եմ: Ամենուր լռություն է, ոչ քննիչները, ոչ դատախազը, ոչ ՄԻՊ-ը ոչինչ չեն անում: Վարդապետյանի տեղակալ Ելիզբարյանն ասում է, որ մեզ կարող է առանձին-առանձին ընդունել, բայց ինչո՞ւ, այսինքն, մենք գիտենք ինչու, որպեսզի ամեն մեկիս առանձին ֆռռացնեն` կարուսելի պես: Մեզ խմբակային չեն կարողանում խաբել, մենք էնքան լավ ենք մեկս մյուսի գործին տիրապետում, որ այդ դեպքում հնարավոր չէ մեզ ստել: Նրանց անգամ մեր` ծնողներիս միասնությունը ձեռք չի տալիս: Այսօր ևս քար լռություն էր: Նիկոլ Փաշինյանն իր ավտոմեքենայով էր գնում ու գալիս` թիկնապահների հետ, Վարդապետյանն Աննան էլ իր հերթին: Ոչ մեկը մատը մատին չի տալիս: Չեն ուզում փոխել վարկածը: Մենք այլ բան չենք պահանջում: Մինչև վերջ գնալու ենք: Այս մարդիկ բանակով ապրում են, բանակից խոսում են, բանակով լափում են, բայց զինվորի կյանքի հանդեպ անտարբեր են», - խոսքը եզրափակում է սևազգեստ մայր Իրինա Ղազարյանը: