Ռուբեն Վարդանյանին հեռացրեց Ռուսաստանը. Հայաստանը վաղուց Արցախը համարում է Ադրբեջանի ներքին հարցը

Ռուբեն Վարդանյանին հեռացրեց Ռուսաստանը. Հայաստանը վաղուց Արցախը համարում է Ադրբեջանի ներքին հարցը

Ռուբեն Վարդանյանի հեռացումն Արցախի պետնախարարի պաշտոնից որեւէ կերպ չի կարելի բացատրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կամ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հետ նրա ունեցած աշխատանքային կամ անձնական փոխհարաբերություններով: Առաջին հայացքից թվում է, թե այդ պաշտոնանկության պատճառը Հարությունյանի եւ Վարդանյանի միջեւ իշխանությունը կիսելու անկարողությունն էր, որտեղ հաղթեց Սահմանադրությամբ ավելի մեծ լիազորություններ ունեցող Հարությունյանը, մյուսները համարում են, որ Արցախի նախագահը պարտադրված էր կատարել Երեւանից իջեցված հրահանգը: Այդ դեպքում անպատասխան է մնում հարցը, թե Փաշինյանն ինչու էր համաձայնել Վարդանյանի նշանակմանը, որ հետո էլ պահանջեր նրա պաշտոնանկությունը: Հեշտ ու տրամաբանական է թվում՝ ամեն ինչ բացատրել կենցաղային մրցակցության եւ անհամաձայնությունների մակարդակում, մանավանդ որ այդ դեպքում կարելի է բաց թողնել խնդիրների ավելի հիմնավոր քննարկումը: Հայաստանում հանրային մակարդակում արդեն երկու տարի է՝ չեն կարողանում ընկալել, որ Արցախն այլեւս Հայաստանին ենթակա տարածք չէ, թեեւ այնտեղ շարունակում են ապրել հայեր: 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքը ռուսաստանապատկան է, եւ այդ տարածքում հիմնական հարցերը որոշվում են Ռուսաստանում կամ առնվազն Ռուսաստանի հետ համաձայնեցված:

Փորձենք մեր պատկերացումները ներկայացնել այն հարցի շուրջ, թե ինչու Ռուբեն Վարդանյանը հեռացվեց Արցախի պետնախարարի պաշտոնից: Նախ նորից հիշենք, որ Վարդանյանը պետնախարար նշանակվեց 2022 թվականի հեկտեմբերի 7-ի Պրահայի հայտնի փաստաթղթից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հրաժարվեց Արցախից ու Արցախի նկատմամբ ունեցած որեւէ պարտավորությունից՝ Արցախի ու արցախահայության ճակատագիրը ճանաչելով որպես Ադրբեջանի ներքին հարց: Ռուսաստանը, որ մինչ այդ Արցախում իր շահերն առաջ տանելու համար թաքնվում էր Հայաստանի հետեւում եւ հանդես էր գալիս իբրեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ, զրկվեց այդ կարգավիճակից, քանի որ կողմերից մեկը` Հայաստանը, դուրս եկավ խաղից: Նոր պայմաններում Ռուսաստանը ստիպված էր արդեն թաքնվել Արցախի իշխանության հետեւում, եւ այդ պայմաններում տեղի ունեցավ Վարդանյանի նշանակումը, ով պետք է բարձրացներ Արցախի սուբյեկտայնացումը՝ Ռուսաստանին հնարավորություն տալով հանդես գալ որպես միջնորդ Արցախ-Ադրբեջան հարաբերություններում: Ադրբեջանը շատ արագ հասկացավ եւ որոշեց կանխել Ռուսաստանի խաղը:

Ռուբեն Վարդանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում եւ նրա առաջին հայտարարությունները՝ Արցախի ինքնուրույնության եւ Ադրբեջանից անկախ գոյության մասին, շատ վատ արձագանք գտան Ադրբեջանում: Ադրբեջանի իշխանությունները սկսեցին կասկածել, որ Ռուսաստանը Վարդանյանի միջոցով փորձ է անում Արցախն անջատել Ադրբեջանից եւ նպատակ ունի մշտապես հաստատվել այդ տարածքում: Թերեւս Ռուսաստանի իշխանություններն Ադրբեջանին մինչ այդ բոլորովին այլ հավաստիացումներ էին ներկայացրել իրենց՝ Արցախում գտնվելու վերաբերյալ, եւ Ադրբեջանը ցույց տվեց, որ չի պատրաստվում հայտնվել խաբվածի դերում:

Լաչինի միջանցքի փակումը բողոքի ակցիա է Ռուսաստանի դեմ, որովհետեւ, ի տարբերություն հայ հասարակության, Ադրբեջանի իշխանությունները գիտեն, որ քանի դեռ այնտեղ կա ռուսական խաղաղապահ զորախումբ, այդ տարածքը ռուսական է: Ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց հաշված օրեր անց, դրանով ցույց տալով, որ հասնելու են ոչ միայն Վարդանյանի, այլ նաեւ ռուսների հեռացմանը: Երբ Ալիեւը Մյունխենում հայտարարում էր, որ Ադրբեջանը չի խոսի Վարդանյանի հետ, նա նկատի ուներ, որ չի խոսի Արցախի այն իշխանության հետ, ով փաստացի ներկայացնում է Ռուսաստանը, դրանով լեգիտիմացնելով Արցախի ռուսապատկանությունը: 

Ռուսաստանը կատարեց Ալիեւի պահանջը, եւ Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից: Ռուբեն Վարդանյանը չի կարող նեղանալ Արայիկ Հարությունյանից, որովհետեւ բոլորից լավ գիտի, որ Արայիկ Հարությունյանն ու ինքը մարդկային եւ անձնական փոխհարաբերություններում որեւէ խնդիր չունեն:

Ընդհակառակը՝ չի բացառվում, որ Հարությունյանը պատրաստ էր Արցախում իշխանությունն ամբողջությամբ զիջել Վարդանյանին, եթե իրենց նման ընտրության հնարավորություն տրվեր: Բայց Հարությունյանը չէ որոշողը:

Արդյոք Վարդանյանի պաշտոնանկությունը նշանակելո՞ւ է, որ Ադրբեջանը կվերադառնա մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 12-ը գոյություն ունեցող ստատուս քվոն, երբ Լաչինի միջանցքը բաց էր երթեւեկության համար: Տեսականորեն հենց այդպես էլ պետք է որ լիներ, բայց Ադրբեջանի իշխանությունը վերջին տարիներին սովորել է չզիջել արդեն ձեռք բերածից, իսկ միջանցքը փակելը լուրջ ձեռքբերում է: Ալիեւի իշխանությունն ասում է, որ այլեւս չի վստահում ռուս խաղաղապահներին եւ ցանկանում է մասնակցություն ունենալ միջանցքի նկատմամբ վերահսկողության հարցում: Բացի այդ, ադրբեջանցիները հիմա էլ հայտարարում են, որ չնայած Վարդանյանը հեռացվել է պաշտոնից, սակայն չի հեռացել Արցախից, եւ նրա ֆիզիկական ներկայությունն Արցախում շարունակում է իրենց համար մտահոգության առարկա լինել եւ ապակայունացնող դեր կատարել: Պատահական չէ, որ Վարդանյանն իր պաշտոնանկության օրը հայտարարեց, որ Արցախում իր մնալու հարցում կա ուժեղ ճնշում: Հնարավոր է, որ Ադրբեջանը ոչ միայն պահանջել է նրա հեռացումը պաշտոնից, այլեւ արտաքսումը, ինչին Արցախի նախագահը չի համաձայնել: 

Ադրբեջանը հասկանում է, որ հիմա լավագույն ժամանակն է՝ Ռուսաստանին Արցախից հեռացնելու եւ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու համար. Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը, իսկ Ռուսաստանը թուլացած է ու չի կարողանում լուրջ դիմադրություն ցույց տալ: Ռուսաստանն էլ չնայած թույլ է, բայց չի ցանկանում հեռանալ տարածաշրջանից: Եթե Ռուսաստանը համաձայնի Ադրբեջանի պահանջին, ու Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցագրային կետ տեղադրվի, կնշանակի ռուսական հեղինակության վերջնական ջախջախում, խաղաղապահ զորախմբի գործունեության վերջնական հեղինակազրկում: Դրա համար Ռուսաստանը փորձում է որոշ զիջումների գնալով՝ պահել իր դիրքերը, իսկ Ադրբեջանն անընդհատ մեծացնում է ճնշումը՝ փորձելով վերջնականապես դուրս մղել նրանց: Որքան էլ ցավալի լինի ընդունելը, բայց փաստն այն է, որ Հայաստանն արդեն վաղուց հրաժարվել է Արցախից եւ օրինակելի աշակերտի նման ցույց է տալիս, որ կատարում է Ադրբեջանի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները:

Ավետիս Բաբաջանյան