Եթե ձերբակալել են, իրենք կիմանան՝ ինչի համար են ձերբակալել

Եթե ձերբակալել են, իրենք կիմանան՝ ինչի համար են ձերբակալել

Մամուլում լուրեր են տարածվել, որ ՊՎԾ 4 պաշտոնյա՝ այդ թվում Ադյան եղբայրները ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել են։ Դեռևս օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված: Շատերի համար անսպասելի՝ մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ մատուցող «Ֆրեզեն», այլ «Զորաշեն» ընկերությունը, որը նախկինում զբաղվել է կահույքի բիզնեսով:

Ըստ մեր աղբյուրների` այդ ընկերության հաղթելու գործում իր շահագրգռվածությունը չի թաքցրել կառավարությանն առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը։ «Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը նշել էր, որ ցանկանում են իրենից իր բիզնեսը խլել, նրան հարցրինք, թե տեղյա՞կ է, որ ՊՎԾ 4 պաշտոնյայի ձերբակալել են․ «Ես տեղեկություններ չունեմ, ես լսել եմ այդ մասին։ Այս պահին որևէ եզրահանգում անել չեմ կարող, քանի, որ ոչ մի բանից տեղյակ չեմ, թե ինչի համար են ձերբակալել, իմ գործո՞վ է, թե՞ մեկ այլ գործով, քանի որ ԱԱԾ հայտարարություն էր տարածել, որ 30-ից ավելի ընկերություններում խնդիրներ են տեսել, ես էլ եմ փորձում հասկանալ, թե ինչն ինչոց է։ Ես ինչ որ հրապարակել եմ, դա Դուք գիտեք, դրանից ավել ես փորձում եմ հիմա ճշտել, թե ինչ է եղել և ում են ձերբակալել կամ չեն ձերբակալել, որովհետև տարբեր կայքեր տարբեր բաներ են գրում»։ Հարցրինք նաև, թե շարունակելո՞ւ է մասնակցել գնումների գործընթացներին, քանի որ տեղեկություններ կան, որ բոլոր գնումները չեղյալ են հայտարարվելու և նոր մրցույթներ են անցկացվելու․ « Իհարկե շարունակելու եմ։ Որոշ մասի վերաբերյալ բողոք կա, որոշ մասն էլ կայացել է, հետո իրենց կայքը չի աշխատում, տեսնենք, դեռ ինչ-որ հստակ բան չեմ կարող ասել։ Երևի որ ձերբակալել են, ավելի շատ պատճառները իրենք կիմանան։ Ինձ հարցաքննության չեն կանչել»,- ասաց Պիվազյանը։