Հայոց եկեղեցու պատմությո՞ւն, թե՞ հանուն նոր «պատմության»

Հայոց եկեղեցու պատմությո՞ւն, թե՞ հանուն նոր «պատմության»

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ուսումնականից բացի, հանրային կարգավորիչ դերակատարում ունի: Այն ուսումնական պլան մտավ 2003 թվականին: Դրան նախորդել էին անկախության 15 տարիներ, որոնց ընթացքում հանրակրթական դպրոցներն արդեն իսկ հրաժարվել էին խորհրդային դպրոցի գաղափարախոսական շատ «արատներից» եւ ազգային դպրոց, հայեցի կրթություն մրցավազքի մեջ էին: Դպրոցին տրված ազատության շրջանակներում «ծնվում» էին նոր ուսումնական առարկաներ: Ճնշումը հատկապես մեծ էր մարդու իրավունքների եւ քրիստոնեական/կրոնական կրթության պարագայում. ներդրվեցին «կրոնի պատմություն», «կրոնագիտություն», անգամ՝ «եկեղեցու պատմություն» դասընթացներ, ավելին՝ որոշ դպրոցներ/դասարաններ դասերն սկսում էին աղոթքով:

Խառնաշփոթը, անորոշությունը պետական կարգավորման ու համակարգման անհրաժեշտություն էին ծնել, ծնողական համայնքը նույնպես պահանջում էր խնդրի կարգավորում` գիտամանկավարժական մոտեցման ապահովմամբ: Նկատելիորեն ակտիվացել էր նաեւ եկեղեցին, եւ պետությունը կարծես թե դեմ չէր որոշակի ոլորտներում եկեղեցու ակտիվացմանը: Դա արտահայտվեց հատկապես նախկին պիոներպալատները եկեղեցուն հատկացնելով` հայորդաց տներ հիմնելու նպատակով, 1995 թվականին ԵՊՀ-ում բացվեց աստվածաբանության ֆակուլտետը` միակ համալսարանական ֆակուլտետը հետխորհրդային երկրներում:

Այդքանով հանդերձ` թյուր է այն կարծիքը, թե «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացը դպրոց է մտել եկեղեցու ճնշմամբ կամ առաջարկով: Այդ տարիներին Կրթության նախարարությունը վարկային միջոցներով իրականացնում էր դասագրքերի տպագրության ծրագիր: Այդ ֆինանսավորումից դուրս էին մնացել ռազմագիտության դասագրքերը, նոր դասագրքերի պարագայում նույնպես պետական միջոցներ չկային: Այս հանգամանքը ծրագրի ներդրման առումով կարեւորեց եկեղեցու դերակատարումը: Մայր Աթոռը՝ Վեհափառ Գարեգին Բ-ի առաջնորդությամբ, ստանձնեց ծրագրերի, դասագրքերի պատրաստման, դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների տպագրության, հանրապետության դպրոցներում առնվազն 2-ական ուսուցչի վերապատրաստման մեծածավալ ծախսերը: Ծրագիրը համակարգում էին Մայր Աթոռի կողմից Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, կրթության նախարարության պատասխանատուն տողերիս հեղինակն էր, իրականացնողը՝ «Կրթական բարեփոխումների կենտրոնը» (ներկայիս Կրթության ազգային ինստիտուտը):

Թե ինչ նպատակներ են հետապնդվում, եւ ինչ խնդիրների լուծմանն է միտված այս դասընթացը, շարադրված են առարկայի չափորոշիչում եւ ծրագրում: Կրկնությունից խուսափելու, նախարարության կողմից ընդունված ու հաստատված փաստաթղթերի հիմնավորումները վկայակոչելու փոխարեն մի քանի տողով ուզում եմ պարզապես ներկայացնել այս դասընթացի կշիռն ու կարեւորությունը հանրակրթության մեջ: Այս անհրաժեշտությունն առաջացել է առարկայի վերաբերյալ հատկապես նախարարի մի քանի անգամ արված հայտարարությունների պատճառով (թեեւ անորոշ, բայց` նախարարական):

Արդեն իսկ նշեցի, որ մինչեւ հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի ներդրումը նմանատիպ նախաձեռնված ծրագրերն ունեին նաեւ դպրոցների, կրթության ազգայնացման, հայեցիացման միտումներ: Ցայսօր էլ վիճահարույց ու չսահմանված են համարվում «ազգային դպրոց», «ազգային կրթական համակարգ», «հայեցի կրթություն» հասկացությունները, այն դեպքում, որ նույնիսկ տերթոդիկյան դպրոցներում դրանք իրենց բնույթով դիտարկվել են որպես հայեցի եւ ազգային: Ստիպված ենք մի քիչ մանրամասնել, մասնատել հանրակրթության կառուցվածքն ու բովանդակությունը, որպեսզի այսօրյա ակնկալիքով տեսանելի դառնան կրթությանն ազգային դիմագիծ հաղորդող բաղադրիչները: 

Հանրակրթության պարագայում ազգային կրթությունն իրականացվում է 3 մակարդակներում (խնդրվում է չշփոթել հանրակրթության 3 աստիճանների հետ): Առաջին մակարդակը պայմանականորեն կարող ենք անվանել կազմակերպչական/տեխնիկական մակարդակ, երբ լուծվում են ուսուցման լեզվի, գործիքակազմի օգտագործման, հարաբերությունների ձեւավորման խնդիրները: Երկրորդ մակարդակում լուծվում են արժեքների ընտրության խնդիրները: Այն իր մեջ ներառում է առարկայացանկը, կրթության բովանդակությունը, արժեքների ընտրությունը, կրկնության, համալրման միջոցով դրանց ամրագրումը: Կրթությանն ազգային դիմագիծ է հաղորդում երրորդ մակարդակը. այս փուլում ստացած գիտելիքը ընտրության, համեմատության եւ վերագնահատման միջոցով ազգային մակարդակից բարձրանում է վերազգային մակարդակ եւ շրջանառվում որպես ընդհանրականի/համամարդկայինի անբաժանելի մաս: Այստեղ են ձեւավորվում ինքնաճանաչողությունը, ինքնագնահատումն ու առաջարկը: Եթե կրթությունն իր կառուցվածքով եւ բովանդակությամբ չի լուծում այս խնդիրը, ապա մնում է սոցիալական սպասարկման մակարդակում` կորցնելով գիտական, մշակութային, միջմշակութային զարգացումների ներուժը:

Այս խնդիրը լուծելու համար կրթության մեջ պետք է ներառել վերազգայինին «ձգող» թեմաներ ու դասընթացներ: «Հայոց եկեղեցու պատմության» դերակատարումը սա է նաեւ: Այն ոչ միայն նորարարական մոտեցման արդյունք էր, այլ նաեւ հիմնովին տեղավորվում էր պատմության դասավանդման դասական մեթոդաբանության մեջ: Պատմության իրական պատկերը, ըստ Յակով Բուկհարդի, ներկայացվում է 3 հիմնական բաղադրիչներով` պետություն, կրոն, մշակույթ: Հայոց եկեղեցին մեծ դերակատարում ունի այս 3 բաղադրիչներում միաժամանակ: Մենք հաճախակի ենք կրկնում, որ պետության բացակայության պայմաններում եկեղեցին է վերցրել պետական խնդիրները, բնականաբար, այն եղել է մեր կրոնի/հավատքի կենտրոնը, նրա կամարների տակ եւ նրա կարկառուն ներկայացուցիչների կողմից է ստեղծվել մեր մշակութային արժեքների երեւելի մասը:

Ծրագրի երկու պատասխանատուները (Մայր Աթոռի եւ կրթության նախարարության) նույն նպատակին ուղղված, սակայն տարբեր գործառույթներ էին իրականացնում. Մայր Աթոռի խնդիրն էր՝ կանխել մասնագիտական վրիպումներն ու ապահովել ծրագրի բովանդակային հաջորդականությունն ու միասնականությունը, կրթության նախարարության խնդիրն էր՝ վերահսկել եւ գնահատել աշխարհիկ կրթության պահպանման, ծրագրի մատչելիության եւ արժեքային համակարգին ներկայացվող առաջարկները: 

Այն ուներ նաեւ մի «թաքնված» նպատակ, որի մասին քիչ էր խոսվում կամ գրեթե չէր խոսվում. պատմության 3 բաղադրիչներից «պետություն» բաղադրիչի շեշտադրումը, գերագնահատումը մեր պատմությունը դարձնում է մաքառումների, առավել եւս` կորուստների պատմություն: Լրիվ այլ արդյունք ենք ստանում հաջորդ երկու` կրոն եւ մշակույթ բաղադրիչներն ակտիվացնելու պարագայում` եզակիություն, ինքնուրույնություն, գրական, երաժշտական, ճարտարապետական, նկարչական, դիմագծային անվերջանալի ձեռքբերումներ ու նվաճումներ, որոնցով էլ բացատրվում են մեր այսօրվա լինելիությունն ու վստահությունը: 

Այն, որ յուրաքանչյուր ծրագիր, դասագիրք, ուսումնական գործընթաց շարունակական բարելավման կարիք ունի, քննարկումից դուրս է: Սակայն ժխտողական ու բացասման մոտեցումները լավ տեղ չեն տանում եւ կարող են լուրջ կորուստների բերել:

ՀԳ 1․ Տարիներ առաջ, երբ վերահրատարակվում էին հիմնական դպրոցի հանրահաշվի դասագրքերը, ինչ-որ ձեռներեցներ Ռուսաստանից բերել էին թարգմանվելիք դասագրքեր, որոնք նույնիսկ մրցույթի ծրագրին չէին համապատասխանում: Կրթության նախարար Արմեն Աշոտյանին 2 ժամ շարունակ փորձեցի բացատրել, թե ինչ կարեւորություն ունեն ազգային, հայ գիտնականների կողմից, հայկական միջավայրում ստեղծված, փորձարկված եւ շրջանառված դասագրքերը, դասագրքերի ազգային ֆոնդը՝ առհասարակ: Դրան ի պատասխան, նախարարն ընդամենը ասաց` դուք ձեր բարեփոխումներն եք իրականացրել, մենք էլ մերն ենք անում: Այս միջադեպն է թելադրել սույն հոդվածի վերնագիրը` «Հայոց եկեղեցու պատմությո՞ւն, թե՞ հանուն նոր «պատմության» Լավատես եմ. հուսամ, որ գործող նախարարը չի կրկնի իր նախորդի սխալ գործելաոճը: Լսել եմ, որ  կրթության նախարարը սիրում է Բորխես կարդալ: Այս իրավիճակին համահունչ ցիտում եմ. «Կրոնի համար մեռնելն ավելի հեշտ է, քան այն կատարելապես ապրելը: Եփեսոսում գազանների դեմ կռվելն ավելի հեշտ է (հազարավոր անդեմ մարտիկներ են մարտնչել), քան Պողոս լինելը` Հիսուսի ծառան, մարդու մի արարքն ավելի փոքր է, քան նրա ամբողջ կյանքը: Ճակատամարտն ու մահը հեշտություններ են: Նապոլեոնի արածից ավելի դժվարը Ռասկոլնիկովինն է»:
Ընտրությունը նախարարինն է:

ՀԳ 2․ Այնուամենայնիվ, եթե դասընթացին միջամտելու անհրաժեշտություն առաջանա, առաջարկում եմ սկսել ոչ թե ծրագրից ու դասագրքերից, այլ առարկայի` սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջներից: Նման պարագայում անհրաժեշտ է «կարողանա» պահանջ պարունակող բառը փոխարինել «գիտակցի» առաջարկություն ներառող բառով: Լրիվ այլ որակ եւ արդյունք կստանանք թե՛ ծրագրի ու դասագրքերի լրամշակման եւ թե՛ կրթության վերջնարդյունքում:

Նմանօրինակ միջամտությունների կարիք ունի հայոց պատմությունը նաեւ. ցեղասպանությունը ներկայացնող թեմաները, «Ավրորա» նախաձեռնության ներառմամբ, նոր բովանդակություն եւ ուղղվածություն են ստանում եւ նյութը բարձրացնում են վերազգային մակարդակ:

ՀԳ 3․ Եթե շարունակեի կրթության համակարգում աշխատել եւս 2 տարի (դուրս եմ եկել 2006 թվականին), հանրակրթական հիմնական դպրոցը գեթ մեկ ուսումնական տարվա կտրվածքով կունենար եւս մեկ ուսումնական առարկա` «Մատենադարան»: Այո, «Մատենադարան»: Մատենադարանը մեր կողմից դարերի ընթացքում ստեղծված մի երկրորդ Աստվածաշունչն է` ձոնված գրին, արվեստին, գիտությանը, ճարտարապետությանը, եւ շատ դժվար է գտնել աշխարհին ներկայանալու եւ ինքնահաստատման առավել կատարյալ ազգային համակարգ:

ՀԳ 4․ Հիշենք Հռոմի պապի՝ Հայաստանին ուղղված ուղերձը` «Քրիստոնյա առաջին երկիր», հավելենք Մատենադարանը, «Ավրորան» դիտարկենք որպես աշխարհի հետ նոր հարաբերությունների սկզբնաքայլ եւ կունենանք մեր նոր անձնագիրը` մրցունակ, ազգային ամուր միջուկով եւ վերազգային մարտահրավերներին ոչ թե դիմակայող, այլ՝ մասնակից:

Վիկտոր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ