Երկրի կլիմայի ներկա վիճակը՝ «աղետի նախերգանք»

Երկրի կլիմայի ներկա վիճակը՝ «աղետի նախերգանք»

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կլիմայի այն վիճակը, որում ներկայումս ապրում է մարդկությունը, ընդամենը այն աղետի նախերգանքն է, որը սպասվում է մեզ բոլորիս։ «Այն, ինչ հիմա տեսնում ենք, միայն աղետի նախերգանքն է, որը սպասում է մեզ, եթե չկարողանանք մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը երկարատեւ հեռանկարում սահմանափակենք 1,5 աստիճանի վրա, ըստ Ցելսիուսի սանդղակի։

Սա այն սահմանն է, որին կամ կհասնենք, կամ կկործանվենք»,- ասել է Գուտերեշը՝ գլոբալ տաքացման դեմ պայքարին նվիրված ՄԱԿ միջոցառման ժամանակ։ Նա նաեւ նշել է, որ եթե ներկա տեմպերով շարունակվի ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ, ապա այդ ջերմաստիճանային սահմանը կխախտվի ամենամոտ ապագայում։ ՄԱԿ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում սողանցքներ, բացառություններ չպետք է լինեն եւ աշխարհն ամեն բան պետք է անի, որ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ մինչեւ 2030 թվականը կրճատի 43 տոկոսով՝ 2019 թվականի ցուցանիշի համեմատ։ «Կլիմայական քաոսի դեմն առնել հնարավոր է անտառների հատումը դադարեցնելով եւ վառելիքի հանածոներին այլընտրանքներ գտնելով»,- ասել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը։